Հայաստանում առկա է հասարակական մտածողության փոփոխությունների անհրաժեշտություն. Լ. Մկրտչյան


Հայաստանում առկա է հասարակական մտածողության փոփոխությունների անհրաժեշտություն. Լ. Մկրտչյան

  • 24-08-2016 15:36:48   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
 
ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /USAID/ հայաստանյան առաքելության նորանշանակ տնօրեն տիկին Դեբորա Գրիսերին, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին և ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության աշխատակիցներին:
 
ՀՀ կրթության և գիտության նախարարը, ողջունելով  հյուրերին` շնորհավորել է Դեբորա Գրիսերին և փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրին նշանակվելու կապակցությամբ և հաջողություն մաղթել  Հայաստանում իրենց առաքելության մեջ: Լևոն Մկրտչյանը բարձր է գնահատել Հայաստանում USAID-ի ծավալած գործունեության` մասնավորապես ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համագործակցության մակարդակը: "Ամերիկյան մի քանի ծրագրեր կան, որոնք ինձ համար կարևոր են ինչպես կրթության, այնպես էլ` քաղաքական առումով, խոսքը վերաբերում է "Խաղաղության կորպուսի" հետ համագործակցությանը, որի գաղափարախոսության մեջ ամփոփված է ամերիկյան ժողովրդի ավանդական  հանդուրժողական և բազմաբևեռ մտածողությունը: Վերջերս ծանոթացա նաև "Դասավանդիր Հայաստան" կազմակերպության գործունեությանը, որի գաղափարախոսության հիմքը ևս ամերիկյան մտածողոթյունն է:  Խորապես համոզված եմ, որ Հայաստանում առկա է առաջին հերթին հասարակական  մտածողության փոփոխությունների անհրաժեշտությունը և վստահ եմ, որ այս ուղղությամբ շատ ծրագրեր համատեղ կյանքի կկոչենք", -նշել է Լևոն Մկրտչյանը:
 
 Նախարար Լևոն Մկրտչյանը ներկայացրել է կրթության համակարգի  կարևոր մարտահրավերները` մասնավորապես առանձնացնելով հանրակրթության և բուհական համակարգերի բարեփոխումները: Հանրակրթության համակարգում նախարարն առանձնացրել է հատկապես փոքր դպրոցների պահպանման խնդիրը: Այս համատեքստում նախարար Մկրտչյանը կարևորել է փոքր դպրոցների պահպանման հայեցակարգի մշակումը:  Անդրադառնալով բարձրագույն կրթության բարեփոխումների անհրաժեշտությանը` նախարարն ընդգծել է այդ գործընթացում կրթության որակի ապահովման գործոնը: Նա շեշտել է համալսարանական կրթության ինքնավարության բարձրացման հարցը` ընդգծելով  կառավարման խիստ կենտրոնացված լինելու հանգամանքը: Նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը  քայլեր է ձեռնարկում նաև հակակոռուպցիոն ռազմավարության համատեքստում` փորձելով  բեռնաթափել  կառավարման կենտրոնացվածությունը: "Մեր առաջնահերթություններն են կրթության որակի բարելավման ապահովումը,   համալսարանական կրթության ինքնավարության բարձրացումը և համակարգի կառավարման արդյունավետությունը",-նշել է նախարարը և հույս հայտնել, որ  բարձրագույն կրթության և հետբուհական մասնագիտական կրթության նոր օրենքի ընդունմամբ բազմաթիվ հարցեր կկարգավորվեն:  
 Նախարարը պատվիրակության ղեկավարի ուշադրությունը հրավիրել է նաև այն հանգամանքի վրա, որ  Համաշխարհային բանկի  վարկային ծրագրերը կրթության կառուցվածքային խնդիրների լուծմանը մեծապես նպաստելուց հետո պետք է ուղղվեին  բովանդակային խնդիրների լուծմանը: Խոսելով կրթության համակարգում ներկայում ՀԲ վարկային ծրագրով   իրականացվող հանրապետության մի շարք դպրոցների նորոգման աշխատանքների մասին` Լևոն  Մկրտչյանը   ցանկություն է հայտնել ՀԲ-ի հետագա վարկային միջոցներն ուղղորդել կրթության որակի բարձրացման ծրագրերին, որոնք կնպաստեն  բարձրագույն կրթության և ավագ դպրոցի բովանդակության և որակյալ կրթության ապահովմանը:
 
ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրն իր խոսքում ընդգծել է."Կրթության և գիտության նախարարության հետ մեր ամուր գործընկերությունը հիմնվում է ընդհանուր արժեքների վրա, որոնցից մեկն էլ այն է, որ կրթությունը մարդու իրավունք է, որը կենսական ու առանցքային դերակատարում ունի անհատի և սոցիալ-տնտեսական զարգացման հարցում: Միացյալ Նահանգների համար երեխաների իրավունքների պաշտպանությունը ևս շարունակում է մնալ գերակա խնդիր, ինչը կիսում են նաև մեր գործընկերներն այստեղ՝ Կրթության և գիտության նախարարությունում ու Հայաստանի կառավարության մյուս օղակներում: Պատրաստ ենք շարունակել մեր գործընկերությունը այս և այլ կարևոր հարցերի շուրջ",- նշել է ՀՀ-ում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը:
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ