Գիտնականներ. գայլերն ավելի շատ են ռիսկի հակված, քան շները
02-09-2016 17:19:47 | ԱՄՆ | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Հետազոտողների միջազգային կազմակերպությունն անցկացրած ուսումնասիրության ընթացքում պարզել է, որ գայլերն ավելի շատ են հակված ռիսկի դիմելուն, քան շները: Gazeta.ru-ի փոխանցմամբ, այս մասին ավելի մանրամասն կարելի է տեղեկանալ Frontiers in Psychology պարբերականի հրապարակման մեջ:
Ըստ աղբյուրի, ուսումնասիրության մեջ ներգրավված է եղել 7 շուն և 7 գայլ: Նրանք ստիպված են եղել ընտրություն կատարելու երկու շրջված ափսեների միջև, որոնք նախապես ցուցադրվել են կենդանիներին: Առաջին ափսեի մեջ եղել է ամենահասարակ սննդի կտորը, իսկ երկրորդում կարող էր թաքցված լինել կամ սովորական քարի կտոր, կամ նրբերշիկ, կամ հավի մսի կտոր:
Ի վերջո, հետազոտությունը ցույց է տվել, որ գայլերը 80% դեպքերում ավելի «ռիսկային» են գտնվել, իսկ շները միայն 58% արդյունք են ցուցադրել: Գիտնականների խոսքերով, շները ներկայումս ավելի զգուշավոր են դարձել, քան 18-32 հազար տարի առաջ, երբ մարդիկ սկսել են ընտելացնել նրանց: