Քոչարյանի գործին ՀԱԱԳԱ-ում ընթացք կտրվի միայն քաղաքական նպատակահարմարության պարագայում.Armlur.am


Քոչարյանի գործին ՀԱԱԳԱ-ում ընթացք կտրվի միայն քաղաքական նպատակահարմարության պարագայում.Armlur.am

  • 30-11--0001 00:00:00   | Հայաստան  |  Վերլուծություն
Հայտնի փաստ է, որ հասարակական հետաքրքրությունը կոնկրետ հարցի նկատմամբ առաջին հերթին պայմանավորված է լրատվամիջոցների արձագանքով:
 
Այդ հանգամանքը լիովին փաստվեց ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարանի վճիռի վերաբերյալ բրիտանացի հայտնի լրագրող Նեյլ Քլարքի հրապարակման դեպքում, որով հայտնի դարձավ, որ Հարավսլավիայի նախկին նախագահ, ՀԱԱԳԱ-ի դատարանի առաջ ժամանակին կանգնած Սլոբոդան Միլոշեւիչը փաստորեն արդարացվել է:
 
armlur.am-ը հշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանի գործն էլ է ցայսօր գտնվում ՀԱԱԳԱ-ում, եւ դատարանի կողմից դեռեւս որոշում չկա: Պարզվում է, որ 2016թ. մարտին 1991թ. ի վեր Հարավսլավիայում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների համար պատասխանատու անձանց մեղադրող միջազգային տրիբունալը վճիռ էր կայացրել բոսնիացի սերբ Ռադովան Քարաջիչի գործով: Հետազոտող Էնդի Վիլկոքսոնը մանրամասնորեն ուսումնասիրելով 2590 էջանոց դատավիճռը` պնդում է, որ տրիբունալի եզրակացությունը անմեղ է ճանաչել Միլոշեւիչին, որին ՀԱԱԳԱ-յի մեկ այլ գործով ներկայացվել էր 1992-95թթ. Բոսնիական պատերազմի ժամանակ ռազմական հանցագործությունների մեղադրանք: Քարաջիչին մեղադրելով պատերազմական հանցագործությունների եւ Սրեբրենիցայի ցեղասպանության համար` դատարանի վճռում ակնհայտորեն ընդգծվում է, որ Բոսնիական պատերազմի ժամանակ Սլոբոդան Միլոշեւիչը մահմեդականներին եւ խորվաթներին կոտորելու «միացյալ քրեական նախաձեռնությանը» մասնակից չի եղել: Մարտի 24-ի որոշմամբ տրիբունալի նախագահությունը շեշտում էր, որ բավարար ապացույցներ չկան առ այն, որ Միլոշեւիչը համաձայն է եղել բոսնիական սերբերի պահանջած տարածքից մահմեդականների կամ խորվաթների հավիտենական վերացման ծրագրին: Ավելին` դատարանը գտել է, որ 1992 թվականից Միլոշեւիչի եւ Քարաջիչի հարաբերությունները հստակորեն վատացել են, իսկ արդեն 1994թ.-ից նրանք որեւէ համատեղ ձեռնարկում չեն իրականացրել: Նույնսիկ 1992թ. մարտից սկսած` օտարերկրյա միջնորդների հետ հանդիպումներում Միլոշեւիչը բոսնիական սերբերի առաջնորդ Քարաջիչին քանիցս մեղադրել է մարդկության դեմ գործած հանցանքների եւ էթնիկ զտումների համար: Դատավորները շեշտել են, որ Միլոշեւիչն ու Քարաջիչը միատեսակ տրամադրվածություն են ունեցել Հարավսլավիայի պահպանման հարցում, սակայն ժամանակի ընթացքում նրանց մոտեցումները միմյանցից հեռացել են: ՀԱԱԳԱ-ի վճռով արձանագրված է, որ Բոսնիա-Հերցոգովինայի անկախությանը դեմ լինելով հանդերձ` Միլոշեւիչը հարցականի տակ էր դնում իրադարձությունների կանխման քայլերի ապօրինի բնույթը` նկատի առնելով «անօրինական քայլին անօրինական պատասխան տալու» անընդունելի գործելակերպը: Մասնավոր զրույցներում Միլոշեւիչը նույնիսկ ծայրահեղ կեցվածք է որդեգրած եղել բոսնիական սերբերի առաջնորդների քաղաքականության նկատմամբ` պահանջելով պատերազմի հրատապ դադարեցումը: Դատարանի վճռով պարզ է դառնում նաեւ, որ Հարավսլավիայի նախագահը ժամանակին զարմանում էր, թե Բոսնիայի սերբերը, կազմելով երկրի բնակչության լոկ 1/3 մասը, ինչպես էին կարող ստանալ տարածքների 50 տոկոսը: Այդ պատճառով էլ Միլոշեւիչը կարեւորում էր բացառապես հարցի քաղաքական լուծման անհրաժեշտությունը: Այլեւս ակնհայտ է, որ ժամանակին միջազգային հանրության կողմից Միլոշեւիչին փակցված «բալկանների մսագործ» պիտակը լոկ նպատակ է հետապնդել արդարացնել 1999թ. ՆԱՏՕ-ի ռազմական գործողությունները Սերբիայում: Փաստ է, որ Միլոշեւիչին ներկայացված ռազմական հանցագործությունների մեղադրանքները, այդ թվում եւ Ցեղասպանության համար պատասխանատվության մեղադրանքը, շաղկապված էին Բոսնիական պատերազմի հետ: 5 տարի շարունակ պաշտպանելով իր եւ Սերբիայի անմեղությունը` Մելոշեւիչը մահացավ բանտում, ի դեպ, բավականին կասկածելի հանգամանքներում: Տարօրինակ պայմաններում նրա ստացած սրտի կաթվածը «պատահականորեն» հանգեցրեց նրան, որ ՀԱԱԳԱ-ի դատարանը մեղադրական վճիռ այդպես էլ չկայացրեց: Բառի իսկական իմաստով այս աշխարհաքաղաքական բացահայտումը, սակայն, չվերածվեց համաշխարհային մամուլի ուշադրության առարկայի:
 
Ըստ ամենայնի, միջազգային ԶԼՄ-ների նման քար լռությունը պայմանավորված է սենսացիոն բացահայտման իրական բնույթով, որով արդեն փաստարկվում է Սերբիայի ռմբակոծության մութ շրջանակը: Շեշտելի է նաեւ ՀԱԱԳԱ-ի դատարանի բացասական դերակատարությունն այս հարցում: Ըստ էության, պետական-քաղաքական գործչին ՀԱԱԳԱ հասցնելը գերազանցապես կապված է քաղաքական իրավիճակից ու նպատակահարմարությունից եւ շատ քիչ աղերսներ ունի մարդկային արդարության վերականգնման հետ: Այս վերջին հանգամանքից զերծ չմնաց նաեւ Հայաստանը:
 
Շատերը կհիշեն, որ 2008թ. Հայ ազգային կոնգրեսը Ռոբերտ Քոչարյանի հանցագործությունների մի փաթեթ էր պատրաստել եւ ուղարկել ՀԱԱԳԱ-ի միջազգային քրեական դատարան: Հետաքրքիր էր դատարանից եկած ծանուցումը, ըստ որի` փաթեթը ուսումնասիրման փուլում էր գտնվում եւ դրա վերաբերյալ հավելյալ որոշում պիտի կայացվեր, թեեւ Հայաստանը Հռոմի ստատուսը ցայսօր չի ստորագրել եւ ըստ այդմ` ՀԱԱԳԱ-ի դատարանի վճիռները ՀՀ կառավարությունը պարտավոր չէ կատարել: Մինչեւ օրս Քոչարյանի գործով նորություն չկա: Անհայտ է՝ արդյո՞ք ՀԱԱԳԱ-ի դատարանը այն վարույթ է ընդունելու եւ քննելու: Պարզ է մեկ բան. Քոչարյանի գործին ՀԱԱԳԱ-ում ընթացք կտրվի միայն քաղաքական նպատակահարմարության պարագայում, երբ, ասենք, Քոչարյանը իր գործողություններով հակադրության մեջ մտնի արտաքին ուժային կենտրոնների ծրագրերի ու շահերի հետ: Քանի դեռ Քոչարյանի պասիվությունը կամ էլ նույնիսկ ակտիվությունը չեն սպառնա այլոց շահերին, նրա վերաբերյալ ՀԱԱԳԱ-ում վճիռ չի կայացվի: Ռազմական եւ աշխարհաքաղաքական շահերը հաճախ արհամարհած ունեն համամարդկային արժեքները, ինչպես որ հակառակ տեսանկյունից, իհարկե, հստակ դրսեւորվեց Մելոշեւիչի գործով: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն