Երեխաների համար Երևանում բացված Գիտության թանգարանում կարելի է սեփական ձեռքերով կատարել տարբեր գիտափորձեր (տեսանյութ)
14-09-2016 20:05:47 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ապակու նման փշրվող այս բնական վարդերն ու գավաթներով լի շամպայնն այսօր ազդարարեցին տարածաշրջանում առաջին երեխաների համար նախատեսված Գիտության թանգարանի բացումը:
«Փոքրիկ Էյնշտեյն» նախաձեռնության կողմից իրականություն դարձած Գիտության թանգարանի գլխավոր նպատակն է ինտերակտիվ շփման միջոցով երեխաների մեջ սեր արթնացնել բնագիտական առարկաների հանդեպ՝ խրախուսելով երեխաների անմիջական շփումը ցուցանմուշների հետ:
Իր տեսակով յուրահատուկ այս թանգարանում ներկայացված են մոտ 25 ցուցանմուշներ էլեկտրականության, մագնիսականության, օպտիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի և այլ բնագավառներից: Թանգարանի հիմնադիրների հավաստմամբ` այստեղ բացառիկ հնարավորություն է ընձեռնվում դպրոցահասակ երեխաներին ստացած տեսական գիտելիքները կիրառել գործնականում` սեփական ձեռքերով կատարելով տարբեր գիտափորձեր:
12-ամյա Նանեն Գիտության թանգարանի առաջին այցելուներից է, ով թանգարանի ցուցանմուշներին ծանոթանալուց հետո հասցրել է իր համար առանձնացնել դրանցից ամենահետաքրքիրը:
Նախաձեռնության հեղինակների փոխանցմամբ` թանգարանում ցուցադրված ներկայիս ցուցանմուշները պարբերաբար թարմացվելու են, դրանց ավելանալու են նորերը: Գաղափարի փուլում է նաև խմբակների ստեղծումը, որտեղ ընդգրկվող երեխաները կուսումնասիրեն կոնկրետ առարկաներ: