Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը Թեհրանում պարսկերեն տպագրվելուց հետո դարձյալ վերահրատարակվել է


Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը Թեհրանում պարսկերեն տպագրվելուց հետո դարձյալ վերահրատարակվել է

  • 23-09-2016 18:01:34   | Իրան  |  Նոր գրքեր

 
Գրող Աշոտ Աղաբաբյանի «Ռեզիդենտը» վեպը լույս տեսնելով Հայաստանում, դարձավ իսկական բեսթսելլեր. բավականին մեծ տպաքանակն սպառվեց երեք ամսում: Այնուհետև գիրքը վերահրատարակվեց ևս երկու անգամ (վերջինը` 2014-ին): Այն տպագրվել է նաև ռուսերեն լեզվեվ:
 
Եվ ահա, Թեհրանում, պարսիկ հայտնի մշակութային գործիչ, թարգմանիչ Հոսեյն Թաբաթաբայը վերջերս թարգմանեց «Ռեզիդենտը», որը լույս տեսավ մեծ տպաքանակով: Ընթերցողների շրջանում լայն մասսայականություն վայելած վեպը այս տարի վերահրատարակվել է ևս երկու անգամ:
Երեկ Իրան-Հայաստան բարեկամության միության երևանյան գրասենյակում` Երևան ժամանած միության նախագահ Ռեզա Դամավանդին հյուրընկալեց գրող Աշոտ Աղաբաբյանին: Նա «Ռեզիդենտի» պարսկերեն հրատարակած գիրքը նվիրեց հեղինակին:
 
«Պարսիկ ընթերցողը սիրով ընդունեց Ձեր վեպը, և այժմ Թեհրանում էլ է այն դարձել իսկական բեսթսելլեր: Ես ուրախ եմ, որ առաջիկայում մենք միասին երկու ծրագիր ենք իրականացնելու: Խոսքը Ձեր մյուս` «Մենակը» վեպի մասին է, որի թարգմանության համար Դուք Ձեր համաձայնությունն արդեն տվել եք: Մյուս ծրագիրը ավելի մեծ է և մեր ժողովուրդների պատմության մեջ առաջին դեպքն է լինելու: Հուսով եմ` այն շուտով իրականություն կդառնա: Խոսքը «Ռեզիդենտը» վեպը բազմասերիանոց ֆիլմի վերածելու մասին է: Տեղյակ եմ, որ և Իրանում, և Եվրոպայում հանրահայտ պարսիկ կինոռեժիսոր Բեհրուզ Աֆղամին Ձեզ առաջարկել է «Ռեզիդենտը» վեպը միասին էկրանավորել: Դա առաջին դեպքը կլինի, որ պարսիկ կինոռեժիսորը ֆիլմ կնկարահանի հայ գրողի վեպի հիման վրա, այն էլ` բազմասերիանոց»,- Ա. Աղաբաբյանին դիմելով` ասաց Իրան-Հայաստան բարեկամության միության նախագահ Ռեզա Դամավանդին:
 
Աշոտ Աղաբաբյանը շնորհակալություն հայտնելով իր վեպերի նկատմամբ նման ուշադրության համար, նշեց, որ բազմասերիանոց ֆիլմի նկարահանման հարցը դեռևս նախնական փուլում է: Իրոք, հանրահայտ կինոռեժիսորն իրեն առաջարկել է ֆիլմի սցենարի համահեղինակ դառնալ: Այն նախատեսվում է նկարահանել Նյու Յորքում, Բեռլինում և Մոսկվայում: Սակայն առայժմ ինքը դեռ Թեհրան չի մեկնել, և տեղյակ չէ մանրամասներին:
 
Հիշեցում.«Ռեզիդենտը» վեպը լեգենդար հայ հետախույզ, գեներալ-մայոր Հայկ Հովակիմյանի մասին է, ով 931-1933 թթ. գործել է Բեռլինում, 1933-1941 թթ.` Նյու Յորքում (ԱՄՆ-ում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար), իսկ 1942-1947 թթ. եղել է ԽՍՀՄ արտաքին հետախուզության պետի տեղակալ:
 
 
 
Նոյյան տապան  -   Նոր գրքեր