Երևանում մեկնարկել է արևային էներգիայի տեխնոլոգիաներին վերաբերող եռօրյա հանրային գիտաժողով. Ֆոտոշարք
26-09-2016 14:15:58 | Հայաստան | Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Երևանում մեկնարկել է արևային էներգիայի տեխնոլոգիաներին վերաբերող եռօրյա հանրային գիտաժողով, որի նախաձեռնողներն են Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Բնագիտության և ճարտարագիտության ֆակուլտետը, ՀԱՀ Հակոբեան բնապահպանական կենտրոնը և Ամերիկայի Հայ ճարտարագետների և գիտնականների ընկերությունը (ԱՃԳԸ)։
Գիտաժողովի հիմնական վարողն ամերիկահայ դոկտոր Փիթըր Գևորգյանն է, ով ունի էլեկտրոնիկայի բակալավրի աստիճան, համակարգչային գիտության մագիստրոս է և էլեկտրատեխնիկայի դոկտոր։
Վերջինս եռօրյա հանրային գիտաժողովի ընթացքում հանդես է գալու մի շարք զեկույցներով, որոնք վերաբերում են էներգետիկ համակարգերին և էնտրոպիային, ֆոտովոլտային համակարգերի կիրառություններին, ինտեգրված արևային էներգետիկ տեղեկայանքների ցանցին, արևային էներգիայի համակարգի ինժեներական նախագծման սկզբունքներին, ֆոտոգալվանական արևային էներգիայի համակարգի կառուցմանը և ծրագրի կառավարմանը, խոշոր արևային էներգիայի համակարգի պլանավորմանը և ձեռքբերմանը, ինչպես նաև շրջակա միջավայրի վրա արեգակնային էներգիայի արտադրման բացասական ազդեցությանը, արևային էներգիայի արտադրման համաշխարհային նշանակությանը, վերականգնվող և արևային էներգիայի տեխնոլոգիաների մասնագիտությունների և Հայաստանում ֆոտոգալվանական տեխնոլոգիաների զարգացման կարևորությանը։
Գիտաժողովի կազմակերպիչների համոզմամբ՝ վերջին մի քանի տարիների ընթացքում արևային ֆոտովոլտայիկ արևային (ՖՎ) համակարգերի արժեքի զգալի անկումը հանգեցրել է դրանց համաշխարհային պահանջարկի աճին, հետևաբար Հայաստանն ունենալով արևից էլեկտրաէներգիա ստանալու մեծ ներուժ՝ հնարավորություն ունի օգտվելու համաշխարհային այս միտումից։
Առողջապահության, ավիացիայի և տարածաշրջանային էներգամատակարար ընկերությունների համար շուրջ 250 ՄՎտ ֆոտովոլտայիկ համակարգեր նախագծած դոկոտորի փոխանցմամբ՝ եռօրյա գիտաժողովի նպատակն է անդրադառնալ Հայաստանի արևային էներգիայի արտադրությանը, արևային PV համակարգերի նախագծմանը և շինարարությանը, ռիսկերի կառավարման և տնտեսական գնահատման կարողություններին, ինչպես նաև մանրամասնել տեխնոլոգիական հարցերը։
Նշենք, որ մեր հայրենակից Փիթըր Գևորգյանը Կանադայի և Կալիֆորնիայի արհեստավարժ ճարտարագետների և Կալիֆորնիայի էներգետիկայի ճարտարագետների միության ակտիվ անդամ է, ով իրականացրել է բազմաթիվ սեմինարներ և դասախոսություններ ամբողջ աշխարհում։ Հեղինակ է 17 գրքերի, որոնցից 9-ն արևային էներգիայի ոլորտին են վերաբերում։