Արևային էներգիայի արտադրության դեպքում էներգետիկ կոոպերատիվները կկարողանան հոգալ ինչպես սեփական, այնպես էլ համայնքի կարիքները. (տեսանյութ)


Արևային էներգիայի արտադրության դեպքում էներգետիկ կոոպերատիվները կկարողանան հոգալ ինչպես սեփական, այնպես էլ համայնքի կարիքները. (տեսանյութ)

  • 27-09-2016 21:25:21   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



«Էներգետիկ կոոպերատիվների իրագործելիության տեսլականը Հայաստանում» խորագրի ներքո Աշտարակում անցկացված եռօրյա աշխատաժողովի ընթացքում քննարկվեց  Հայաստանում էներգետիկ կոոպերատիվներ ստեղծելու հնարավորությունները և դրանց կարևորության թեման:  
«Աշխարհի կանայք հանուն ընդհանուր ապագայի» եվրոպական կազմակերպության, հայկական «Այրուձի» և  «Տապան» Էկո-ակումբ  հասարակական կազմակերպությունների համատեղ ջանքերով անցկացվող աշխատաժողովի նպատակն է ոչ միայն ուսումնասիրել Հայաստանի տեղական համայնքներում էներգետիկ կոոպերատիվների հիմնման հնարավորությունները՝ հենվելով եվրոպական առաջավոր փորձի վրա, այլև աջակցել հանրապետությունում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներին ուղղված ու գենդերային հավասարությունը հաշվի առնող բիզնես մոդելների զարգացմանը:
 
Աշխատաժողովի երեք օրերի ընթացքում հայ մասնակիցներն իրենց բելգիացի, գերմանացի և հոլանդացի գործընկերների հետ  նաև քննարկելու են, թե որքանով և ինչպես են այս մոդելները իրագործելի և օգտակար Հայաստանում՝ հաշվի առնելով ընթացիկ իրավական և տնտեսական պայմանները:
«Այրուձի» ՀԿ նախագահ Արմեն Կիրակոսյանի խոսքերով` կառավարությունն արդեն համապատասխան վարկային ռեսուրսներ է ստացել  և պլանավորում է մյուս տարի նախնական մինչև 50ՄՎ/տ հզորության արևային կայաններ կառուցել:
Ըստ նրա` այստեղ այլ հարց է, թե դա որքանով կհաջողվի պատկան մարմիններին, քանի որ ներկայիս գոյություն ունեցող նախագծով առաջնորդվելու դեպքում Արմեն Կիրակոսյանի կարծիքով` դժվար թե հնարավոր լինի խթանել արևային էներգետիկայի զարգացումը Հայաստանում: 
Աշխատաժողովի կազմակերպիչների համոզմամբ` էներգետիկ կոոպերատիվները կամ որ նույն է կոոպերատիվ հիմունքներով միավորված մարդկանց խմբերը համապատասխան արտադրական միջոցներ ստեղծելու դեպքում, մասնավորապես, էլեկտրաէներգիայի արտադրության պարագայում կկարողանան ծածկել ինչպես սեփական, այնպես էլ արտադրության կամ համայնքի կարիքները:
Արմեն Կիրակոսյանի պնդմամբ` այդ ներդրումն  ավելի արդյունավետ է, քան այն կախվածությունը, որ կա գործող սակագներից:      
Նպատակ ունենալով նպաստել քաղաքացիների մասնակցությանը ապակենտրոնացած էներգաարտադրության գործընթացին` սեմինարի նախաձեռնողները որպես թիրախային խումբ ընտրել են գյուղական համայնքների բնակչությանը: 
Մասնագետները նախատեսում են երիտասարդների և կանանց մասնակցությամբ էներգետիկ կոոպերատիվների կառուցվածքով հիմնել ապակենտրոնացված էներգիայի արտադրման փոքր ձեռնարկություններ, ինչի արդյունքում կստեղծվեն և՛ նոր աշխատատեղեր, և՛ կապահովվի կայուն եկամուտ կոոպերատիվների անդամների համար, ինչն էլ իր հերթին կխթանի վերականգնվող էներգիայի օգտագործման հնարավորությունների տարածմանը, կնվազեցնի մթնոլորտ արտանետվող ածխաթթու գազի չափաբաժինը և կնպաստի բնապահպանական խնդիրների լուծմանը: 
«Արևն ունենք, տեխնոլոգիաներ որքան ուզենք, սակայն ոլորտի զարգացման հիմնական խոչընդոտը համապատասխան օրենքի չգործելն է, ինչպես նաև պատկան մարմինների կողմից գիշեր ուցերեկ թափվող ջանքերը, որպեսզի որորտը Հայաստանում չզարգանա»,- ցավով ու զայրութով ասում է «Տապան» Էկո-ակումբ ՀԿ նախագահ Հրանտ Սարգսյանը` միաժամանակ հավելելով, որ էներգախնայողության հարցում մենք այլընտրանք չունեն և վերջում հաղթելու են հենց այս ոլորտի մասնագետները: 
Անդրադառնալով ներդրումների ներգրավվման և համապատասխան մասնագետների առկայության հարցին` աշխատաժողովի կազմակերպիչներն ընդգծում են. ներդրումների համար դեռևս շահեկան պայմաններ ստեղծված չեն, իսկ մասնագետների բացը հնարավոր շատ արագ լուծել վերապատրաստումների միջոցով: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
Տեսանյութը` «Նոյյան Տապան»-ի
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ