Օրերս փոքրիկների դատին է հանձնվել «Արքայադուստրն ու տրուբադուրը» ներկայացումը


Օրերս փոքրիկների դատին է հանձնվել «Արքայադուստրն ու տրուբադուրը» ներկայացումը

  • 10-10-2016 13:45:19   | Հայաստան  |  Մանկական էջ

Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում փոքրիկների դատին է հանձնվել նոր ներկայացում: «Արքայադուստրն ու տրուբադուրը» («Բրեմենյան երաժիշտները») ներկայացման առաջնախաղը բեմադրել է Նորա Գրիգորյանը` Էրվին Ամիրյանի ռեժիսորական մտահղացումներով: 
 
Ըստ Ն. Գրիգորյանի` պիեսի որոնողական աշխատանքները երկար են տևել, սակայն, ի վերջո, ընտրությունը կանգ է առել «Բրեմենյան երաժիշտների» վրա. Նրա խոսքերով` նոր ներկայացման ընտրությանն իր հավանություն է տվել նաև թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Գրիգորյանը: 
Վերջինս անդրադառնալով բուն ներկայացմանը, ընդգծեց. «Այս ներկայացման մեջ մենք աշխատել ենք պահպանել հեքիաթի սյուժետային գիծն ու մուլտֆիլմում հնչած կոմպոզիտոր Գենադի Գլադկովի կողմից գրված բարձրաճաշակ երգերը՝ հրաշալի կատարումներով»: 
Ն. Գրիգորյանը գտնում է, որ «Բրեմենյան երաժիշտները» հեքիաթը դաստիարակչական բնույթ ունի. «Այստեղ առաջին պլանում ընկեր լինելու գաղափարն է քարոզվում, իսկ հետո, անշուշտ սերը, և այդ սիրո շուրջ կառուցված գեղեցիկ պատմությունը: Այն դաստիարակչական բնույթի է. երեխաները պետք սովորեն՝ ինչ է լավ ընկեր լինել ասվածը, չվախենան դժվարություններից»,- ասաց նա:
Բեմադրիչի կարգավիճակում առաջին անգամ ներկայացած թատրոնի դերասան Էրվին Ամիրյանը նշեց. «Ռեժիսուրայից միշտ ինձ հեռու եմ պահել, սակայն, ինչպես ցույց է տալիս պատմությունը, ցանկացած դերասանի մոտ պահ է գալիս, երբ նա ուզում է ինչ-որ բան բեմադրել, որովհետև դերասանին թվում է՝ ինքն ավելի լավ է զգում նյութը… Ասեմ, որ Նորա Գրիգորյանի օգնությունը շատ է եղել. երկարատև քննարկումներ, դիտարկումներ և այլն: Վերջում եկել ենք մի հայտարարի»: 
Է. Ամիրանին դուր է եկել բեմադրիչի աշխատանքը: Նրա փոխանցմամբ` եթե չլիներ Նորա Գրիգորյանի օգնությունը, ապա ինքը նման քայլի, գուցեև, չգնար. «Պետք է ասեմ, որ հաճույքով եմ աշխատել դերասան-գործընկերներիս հետ: Մենք մի թիմ էինք դարձել, և ամեն ինչ բարեհաջող հասցրեցինք ավարտի` շատ կարճ ժամանակահատվածում»,- նկատեց նա:
Է. Ամիրյանի գնահատմամբ` դահլիճի  բուռն արձագանքը և երեխաների հետաքրքրված հայացքները վկայում են այն մասին, որ բոլոր սպասումներն արդարացված են: 
Նշենք, որ ներկայացման բեմանկարչությունն իրականացրել է Արթուր Հարությունյանը, պարերը` Նունե Կիրակոսյանը, զգեստները` Ինեսա Սևունցը: 
Ներկայացումն ունի երկու կազմ. ներգրավված են թատրոնի երիտասարդ դերասանները:
Նոյյան տապան  -   Մանկական էջ