Գտեք համարձակ ու խելացի տղերքին, թող երկրին տեր կանգնեն. Տնտեսագետ


Գտեք համարձակ ու խելացի տղերքին, թող երկրին տեր կանգնեն. Տնտեսագետ

  • 20-10-2016 19:16:15   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Կառավարության ծրագրի շուրջ Լրագիրը զրուցել է  տնտեսագետ Վարդան Բոստանջյանի հետ

 

- Պարոն Բոստանջյան, ինչպե՞ս եք գնահատումկառավարության ծրագիրը և արդյոք այն իրատեսական է։

 

- Շատերը փորձում են ներկայացնել այնպես, թե կառավարության ծրագիրը ոչ սովորական է, մնացածից տարբերվում է։ Կարող է միամիտների մոտ տպավորություն ստեղծվել, թե սա մի փրկիչ ծրագիր է։ Այս ծրագրի հիմնական մեխը հետևյալն է. այն, ինչ-որ հրամայական ձևով կանգնած է մեր երկրի առջև՝ մրցակցության բացակայություն, ներդրումների սով, կոռուպցիա` պետք է արմատախիլ արվի։ Այս առումով, նոր կառավարության ծրագիրը պետք է մեծապես նպաստի ներդրումների ներհոսք ապահովելուն, պետք է զարկ տրվի ներդրումների ինստիտուտին: Բացի այդ,  գործարար աշխարհի հետ պետք է ունենալ այնպիսի հարաբերություններ, որոնք կորակվեն որպես գործընկերային: Հակառակ պարագայում հաջողություն ակնկալելը չափազանց դժվար գործ է դառնում: Այն ճնշումը, որ կա ՀՀ-ում բիզնեսի վրա, պետք է ձերբազատվել դրանից, հակառակ դեպքում հատկապես ՓՄՁ-ները կկորցնեն գործունեություն ծավալելու հետաքրքրությունը։ Այս վիճակից դուրս գալու համար այս ամենը պետք է արվի և վերջ։ Ինչպես Լեոնիդ Ազգալդյանն էր ասում՝ սա Հայաստան է և վերջ։
 
 
 
Հիմա եթե ուզում ենք փրկվել, ուզում ենք երկիրը ձեռքներիցս չկորցնել, առնվազն այդ քայլերը պետք է անենք։ Դրանից հետո ինքնըստինքյան պարզ կլինեն այն բոլոր ուղղությունները, որոնք պետք է կազմեն այդ մագիստրալ ուղղությունների ենթաճյուղերը։ Մյուս կողմից զարմանալի է, որ 6 ամսվա համար են ծրագիրը ներկայացնում։ Ի՞նչ է նշանակում 6 ամսվա ծրագիր կամ երկարատև ծրագիր։ Երկիրը գտնվում է ծանր վիճակում, որը խոստովանում է նաև վարչապետը, և այս պայմաններում չի կարող լինել 6 ամսվա ծրագիր, պետք է լինի ճակատային գրոհ՝ մեզ համար ցցուն բոլոր իրավիճակներում։

 

-Կառավարության ներկայացրած ծրագրում կոնկրետժամկետներ կան աղետի գոտու հետ կապված, կա նաևաֆրիկյան երկրների հետ համագործակցության դրույթ,քարանձավային տուրիզմի հետ կապված։ Սրանքիրատեսակա՞ն ծրագրեր են։

Ծրագրի մաս կազմող այդ լիրիկական շեղումները կարելի է նետել մի կողմ։ Մենք գիտենք որոնք են մեր խոցելի, ցավալի տեղերը, պարզապես պետք է առաջնորդվել դրանք շտկելու, դրանց համար ուղիներ գտնելով։ Իսկ մնացածը՝ Աֆրիկա կլինի, ԵՏՄ կլինի, կարևոր չէ։ Մյուս կողմից, հայկական բնավորությունն աշխատում է, երբ որոշում են՝ ում հետ ընկերություն անեն, ում հետ չանեն։ Այ մարդ, դուք գնացեք ձեզ նայեք, դուք ձեզնով աշխատեք, որովհետև թե լավ ելքի դեպքում, թե վատ ելքի դեպքում պատճառը մեր մեջ է։ Մենք աշխատող ու խելոք ժողովուրդ ունենք, ու եթե նրան չխանգարեն, նա կկառուցի մեր բոլորի երկիրը։

 

- Իսկ որո՞նք են երկրի առջև ծառացած հիմնականխնդիրները, որ պիտի արտացոլված լինեն կառավարությանծրագրում։

 

- Հիմնական խնդիրն այն է, որ երկիրը 1-2 օլիգարխի երկիր են դարձրել։ Իրենց համար խոպան են դարձրել, որտեղ ամեն մեկը գիշերը չի կարողանում քնել, մտածում է առավոտյան արթնանա ինչ տանի, բայց ումի՞ց է տանում։ Այսօր ունենք 32-34 տոկոս աղքատություն, իսկ եթե աղքատության շեմը բարձրացնենք, այդ թիվը կհասնի 80-85 տոկոսի։ Այդ ինչպե՞ս պատահեց, որ 5-հազարամյա ազգը այսքան աղքատ դարձավ, ո՞ւմ պատճառով։

 

- Այսինքն՝ կարծում եք, որ կառավարության ծրագրիանհրաժեշտությունն էլ չկա՞ր, քանի որ հայտնի են տնտեսության մեջ կոնկրետ թիրախները։

 

- Կարծում եք՝ 4 կամ 6 էջում գրված ծրագիրը կարող է երկիրը փրկե՞լ։ Իսկ երկրի առջև ծառացած խնդիրները լուծելու համար մարդկային, քաղաքական կամք է պետք, ինչպես նաև պետք է սիրել երկիրը։
 
- Ձեր կարծիքով, Կարեն Կարապետյանն ունա՞կ է դեմ դուրսգալ այս համակարգին, կկարողանա՞ խաղի այլ կանոններթելադրել։
 

- Համակարգին դեմ կանգնելը հիմա հերոսության պես մի բան է, բայց իրավունք չունենք հույսներս կորցնել, հատկապես եթե խոսքը Կարեն Կարապետյանի մասին է, որին լավ ճանաչում եմ։ Նա ունի պոտենցիալ հնարավորություններ ճեղքում առաջացնելու և իր հետևից տանելու։ Կրկնեմ, որ չափազանց դժվար է լինելու, արգելքները մեծ են լինելու, բայց մարդկության պատմությունը ցույց է տալիս, որ այլ տարբերակ չկա։ Ամեն մի դժվարություն պահանջում է ուժեղ պայքար, ուժեղ կռիվ։ Մարդկության պատմությունը ցույց է տվել, որ անհնար ոչինչ չկա։ Եթե մենք հոռետեսության մեջ ընկնենք, ասենք՝ հնարավոր չէ, ուրեմն էլ լավ բանի սպասել պետք չէ։ Ես ուզում եմ հույս ունենալ, որ ի վերջո, այդ ամենը տեղի կունենա, մենք դուրս կգանք այս մութ ու տխուր իրավիճակից։

 

- Ստացվում է, որ կառավարության ծրագիրը կարճաժամկետ էներկայացվել՝ հաշվի առնելով 2017 թվականիխորհրդարանական ընտրությունները։

 

- Եթե նրանք ունենային վստահության տևական երաշխիք, ծրագիրը չէին գրի 6 ամսվա համար։ 6 ամիսը, իմ կարծիքով,  շատ ողորմելի սենտիմենտալ ժամկետ է՝ պայմանավորված այն հանգամանքով, որ 6 ամսից հետո ընտրություններ պետք է տեղի ունենան, իսկ ընտրությունները, ըստ սահմանադրության, պահանջում են նոր կառավարության ձևավորում, իբր նոր փաստաթղթի ներկայացում։ Բայց ես կարծում եմ, որ մենք պետք է դուրս գանք այդ ձևական ինստիտուտներից, ասենք, որ երկիրը վտանգված է ու պետք է գործել։ Այսինքն՝ ի՞նչ է ստացվում, 6 ամիս հետո Կարեն Կարապետյանին հանելու են, տեղն ուրիշի՞ն կանչեն։

 

- Եթե ընտրություններում ՀՀԿ-ն չհաղթի, կարող էվարչապետը փոխվել։

 

- Բայց կարող է Կարեն Կարապետյանը հանրապետական չի դառնում և շարունակում է լավ աշխատել։ Փաստորեն մենք մեր ազգի լավ տղերքին թողած՝ ասում ենք այս կուսակցությունը հաղթեց, մյուս կուսակցությունը պարտվեց։ Պատկերացրեք, մենք երեք միլիոն ենք, որի կեսն էլ երկրում չէ, այսինքն՝ մենք մի 100 անգամ քիչ ենք, քան չինացիները։ Եթե մենք չինացիների չափ լինեինք, պետք է իրար միս ուտեի՞նք։ Ինչ կուսակցություն, ինչ բան, գտեք համարձակ ու խելացի տղերքին, թող երկրին տեր կանգնեն։
 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ