Հայաստանը Ռուսաստանին կարող է տրամադրել միայն բազա ապագա պատերազմների համար, իսկ Ռուսաստանը Հայաստանին՝ արտաքին գործակալական ցանց


Հայաստանը Ռուսաստանին կարող է տրամադրել միայն բազա ապագա պատերազմների համար, իսկ Ռուսաստանը Հայաստանին՝ արտաքին գործակալական ցանց

  • 24-10-2016 19:12:58   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է հրապարակախոս, Ազատ դեմոկրատներ կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը

 

Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի կառավարության ծրագիրը, նրա վերջին հարցազրույցը, որտեղ խոսում է ներդրումային դաշտից, որ այնպիսի խաղի կանոններ ստեղծվեն, որ ոչ միայն սփյուռքահայերը, այլ նաև չինացիները, մյուսները կարողանան գալ և ներդրումներ անել։ Արդյոք հնարավոր կլինի՞ 6 ամսում լուծել այն բոլոր խնդիրները, որոնց մասին բարձրաձայնեց վարչապետը։

 

Որպեսզի բարձրացված խնդիրները կյանքի կոչվեն, պետք է այդ խնդիրները ճիշտ ձևակերպվեն։ Երբ մենք խոսում ենք օտարերկրյա ներդրումների համար դաշտ ապահովելու մասին, չպետք է մոռանանք, որ բիզնես ոլորտը փակ է ՀՀ շարքային քաղաքացու համար։ Մենք հո գիտենք, թե ինչքան մարդու համար են բիզնես անելու հնարավորությունները փակվել զուտ ներքին պատճառներով, ոչ մի օբյեկտիվ նախադրյալ դրա համար չի եղել։ Նախևառաջ պետք է առողջացնել բիզնես մթնոլորտը, նոր ներգրավել դրսի ներդրողներին, կամ դա անել զուգահեռ։ Դրա հետ մեկտեղ, պետք է ասել, որ ներդրումներն ինքնին հարցի լուծում կարող են հանդիսանալ միայն մի պարագայում, եթե այդ ներդրումներն ուղղվեն պետական խնդիրների լուծմանը։ Մենք ունեցել ենք ոչ պակաս քանակով ոչ միայն ներդրումներ, այլև պետական օգնություններ, բիզնեսի զարգացման համար տրվող վարկեր, գյուղատնտեսական վարկեր և այլն, որոնք սակայն չեն ծառայել իրենց նպատակներին, բաշխվել, կորել, մեղմ ասած շորթվել են իշխանական տարբեր ատյաններում։ Դրա համար, երբ խոսում ենք ներդրումային դաշտի մասին, ասում ենք, որ պետք է ստեղծենք հերթական ներդրումային կառույցը, պետք է նաև ասենք, թե ինչ ենք անելու Հայաստանում տնտեսվարումն արատավոր գործառույթներից մաքրելու համար։ Որովհետև եթե այսպես շարունակվի, ապա նույնիսկ եթե ինչ-որ ներդրողներ բերեն, իսկ բիզնեսի հարկային ու մաքսային խնդիրները շարունակվեն հինը մնալ, ներդրումները կծառայեն նույն նպատակին, ինչին որ ծառայել է մինչև այժմ Հայաստան մտած փողը՝ շատ քչերի հարստացմանը, այլոց աղքատացմանը։

 

Այսինքն՝ տեսականորեն հնարավոր չէ՞ պատկերացնել, որ 6 ամսում կկարողանան կյանքի կոչել կառավարության ներկայացրած ծրագիրը։

 

Ինչ-որ քայլեր սկսելը պատկերացնում եմ, բայց ամբողջացնելը չեմ պատկերացնում։ Միաժամանակ պետք է ասեն, թե այդ քայլերին զուգահեռ ինչ պետք է արվի, այլապես այդ քայլերը հենց սաղմնային վիճակում կխեղդվեն և արդյունքի չեն բերի։

 

Ձեր կարծիքով, այդ քայլերը իշխանությունը կիրականացնի՞, արդյոք դա սեփական իշխանությունը կորցնելու վտանգով հղի չէ՞։

 

Կարծում եմ՝ մինչև այսօր, իհարկե, տնտեսական ուզուրպացիան է միայն հնարավորություն տվել ՀՀ իշխանությանն իրականացնել քաղաքական ուզուրպացիա։ Բայց վերջերս արդեն ակնհայտ է դառնում, որ արտագաղթը, որը շարունակական է, խփում է Հայաստանի ամենակարևոր ռեսուրսին՝ մարդկային ռեսուրսին, բանիմաց և կարգապահ աշխատուժին, և բնական է, որ եթե մի քիչ էլ այսպես շարունակվի, ապա ներդրումների համար անհրաժեշտ աշխատուժն էլ հօդս կցնդի։ Կարծում եմ, որ այդ միջոցառումները փորձ են փրկելու այն փշրանքները, որոնք մնացել են թե տնտեսական ռեսուրսներից, թե աշխատանք իրականացնելու ներուժ ունեցող մարդկանցից։ Թե որքանով է դա իրատեսական, կերևա միայն այն ժամանակ, երբ Հայաստանում դադարեն գործել արատավոր կոնստրուկցիաները։ Մինչ օրս երբ մենք խոսում ենք մենաշնորհների մասին, Ազգային ժողովի տնտեսական հանձնաժողովը և կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը մեզ ապացուցում են, որ Հայաստանում մենաշնորհ չկա։ Երբ պնդում ենք, որ մենաշնորհ կա, սկսում են ասել, որ մենաշնորհներն ինչ-որ տեղ օգուտ են, և այդպես շարունակ։ Մինչդեռ պարզ է, որ մենաշնորհը որևէ տեղ չի կարող օգուտ լինել, որովհետև այն վերացնում է մրցակցային գործոնը։ Մրցակցային գործոնի բացակայությունը միշտ խփում է մեկ մարդու, և այդ մարդը սպառողն է։ Այսինքն ակնհայտ է, որ այդ պրակտիկան շարունակելու դեպքում միլիարդավոր ներդրումներն էլ չեն փրկի, որովհետև էականը ոչ թե փողի քանակն է, այլ այդ փողի օգտագործման սկզբունքը։

 

Եթե այս կառավարությունը ձախողվի, դրա պատասխանատուն լինելու է Կարեն Կարապետյա՞նը, Սերժ Սարգսյա՞նը, թե ՀՀԿ-ն՝ հաշվի առնելով, որ մինչև հիմա ձախողված կառավարությունների համար ոչ ոք պատասխան չի տվել։

 

Հենց հարցն էլ դա է, որ մինչև հիմա բոլոր ձախողվածները, պետությունը ձախողածները պատասխան չեն տվել։ Մենք գիտենք, որ մեր բոլոր պաշտոնյաներն ունեն մեծ քանակությամբ անձնական եկամուտներ և անձնական սեփականություն, և ոչ մեկն այդ սեփականությամբ պատասխանատու չի եղել Հայաստանի տնտեսական վայրիվերումների ու ձախողումների համար։ Դրա համար շատ դժվար է ասել, թե ով պետք է կրի պատասխանատվությունը։ Ինձ թվում է, որ հին, բարի ավանդույթի համաձայն՝ ոչ ոք։

 

Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ ուզում է երկիրը լինի ավելի արդար, ավելի զարգացած, նաև նշում, որ եթե զգա, որ օգուտ չի տալու, մեկ օր ավել չի մնալու։ Հնարավոր համարո՞ւմ եք, որ ասենք խորհրդարանական ընտրությունների ժամանակ պարզ դառնա, որ այս կառավարությունն էլ ի վիճակի չէ որևէ բան փոխել, և նա հեռանա։

 

Ես ամբողջովին հավատում եմ վարչապետին, երբ նա ասում է, որ ձախողելու դեպքում կհեռանա և մի վայրկյան ավել չի մնա, որովհետև նրա աշխատանքային, կենցաղային ուղու մեջ Հայաստանի վարչապետությունը շատ ծանր գործ է, որը նա իր վրա վերցրել է։ Կարծում եմ, որ նա ինչ-որ տեղ նաև սիրով կհեռանա այդ պատասխանատվությունից։

 

Բայց այստեղ ուրիշ հարց կա. օգուտ տալ-չտալու, անձի խնդիրը մի կողմ, իսկ պետության խնդիրը մի կողմ, որովհետև մենք այստեղ փոխում ենք մարդկանց՝ վարչապետների, պատգամավորների, ընդդիմությունների, իսկ այն, ինչ կատարվում է Հայաստանում, այն բոլոր օբյեկտիվ իրողությունները, որ մեզ հետապնդում են, շարունակվում է։ Առաջինը ԵՏՄ-ն, երկրորդը՝ տնտեսական քաղաքականություն վարելու անկարողությունը։

 

Ինչո՞ւ երբ վարչապետը խոսում է ներդրողների մասին, չի ասում, որ մենք չենք կարողանում տարրական էժան գազ ներկրել, որովհետև գտնվում ենք տնտեսական բանտում։ Մյուս կողմից, ՀԱՊԿ-ը մեզ դրդում է կոնֆլիկտների գնալ աշխարհի ամենահզոր պաշտպանական կառույցի հետ։ Երբ այդ խնդիրները չեն հնչեցվում, և մենք խոսում ենք զուտ կոսմետիկ ռեֆորմների մասին, պարզ է, որ հնարավոր է և ձախողում, պարզ է, որ այս վարչապետը հնարավոր է՝ հեռանա, բայց արդյոք դա ինչ-որ բան կփոխի Հայաստանի կյանքում։ Այսինքն՝ ի՞նչ նախադեպ ենք տալիս՝ ով ձախողեց, նա հեռացավ, իսկ ո՞վ է պատասխան տալու այս ամենի համար։

 

Փաստորեն Հայաստանում չկա պատասխանատվության ինստիտուտ։

 

Երբևէ չի եղել։ Ինձ թվում է դա սկսվեց Վազգեն Մանուկյանից, երբ նա վարչապետ նշանակվելով ասաց, որ կուլակաթափ չենք անելու որևէ մեկին։ Մինչդեռ այն ժամանակ խոսքը ոչ թե տարրական կուլակաթափության մասին էր, այլ այն մասին, թե ինչ ճանապարհով է Հայաստանում կուտակվում կապիտալը։ Չէ որ այդ կապիտալի կուտակման պատճառների քննությունն արդեն հիմք կհանդիսանար, որ մյուս տնտեսվարողները մի լավ մտածեին իրենց ընտրած ճանապարհների ու եղանակների մասին։

 

Ճիշտ է, Կարեն Կարապետյանը հայտարարում է, որ վիճակը շատ ծանր է, բայց իշխանության ներկայացուցիչները նշում են, որ Հովիկ Աբրահամյանի կառավարությունը ձախողված չէր, իր առջև դրված խնդիրները կատարում էր, ուղղակի տեմպերն էին դանդաղ։

 

Այո, ոչ մի կառավարություն էլ ձախողված չէ, ձախողված է այն ինտեգրացիոն կառույցը, որի մեջ մտել ենք։ Չէ որ միայն Հայաստանի տնտեսությունը չի ձախողված, ձախողվում է Ռուսաստանի տնտեսությունը, Բելառուսի տնտեսությունը, նույնիսկ իրենց ունեցած ռեսուրսների առկայության դեպքում։ Այսինքն ձախողված է ոչ թե ՀՀ տնտեսությունը, այլ ՀՀ տնտեսության մեթոդաբանությունը, որը ռուսական տնտեսական տիրույթի մեթոդաբանություն է։ Այո, այդ մեթոդաբանության պահպանման պարագայում հազար կառավարություն էլ փոխվի, լինելու է այդ շարունակական ձախողման մոդելը։ Բայց կա նաև մի բան՝ այդ ասիական մեթոդաբանությունը ենթադրում է նաև խոշորամասշտաբ գողություն, որովհետև հաշվետվողականությունը արևմտյան ստանդարտներին բնորոշ բան է։ Արևմտյան ստանդարտներում հստակ տարանջատում կա պետական միջոցների և սեփական գրպանի միջև, մինչդեռ կոռուպցիոն երկրներում, անազատ բիզնեսով երկրներում այդ տարբերակումը չկա։

 

Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը համարվում է ռուսական շրջանակների հետ սերտ առնչություն ունեցող գործիչ, կարո՞ղ ենք ենթադրել, որ առաջիկայում ավելի է մեծանալու ռուսական ազդեցությունը Հայաստանի վրա։

 

Ինձ թվում է, որ սրանից ավելի մեծ ազդեցություն պարզապես հնարավոր չէ։ Ուղղակի բանն այն է, որ մենք միմյանց այլևս ոչինչ չունենք տալու։ Հայաստանը Ռուսաստանին կարող է տրամադրել միայն բազա ապագա պատերազմների համար, իսկ Ռուսաստանը Հայաստանին կարող է տրամադրել միայն, այսպես ասած, արտաքին գործակալական ցանց։ Այլևս փոխանակման ուրիշ տարբերակ չկա։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ