Սերժ Սարգսյանը մտադիր չէ քաղաքականություն փոխել.Քաղաքագետ


Սերժ Սարգսյանը մտադիր չէ քաղաքականություն փոխել.Քաղաքագետ

  • 25-10-2016 18:32:23   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աղասի Ենոքյանը

 

Պարոն Ենոքյան, վարչապետ Կարեն Կարապետյանը օրերս ասուլիսում հայտարարել է, որ Հայաստանի տնտեսական դաշտը պետք է գրավիչ լինի ներդրումների համար, այդ թվում նաև օտարերկրացիների համար։ Ընդհանուր առմամբ, ի՞նչ տպավորություն եք ստացել նրա ասուլիսից։

 

Եկեք խնդիրներին նայենք գործողությունների, շահերի տեսանկյունից։ Այդ տեսանկյունից որն է նոր վարչապետի խնդիրը։ Նոր վարչապետի խնդիրն, իմ կարծիքով, ՀՀԿ-ին որոշակի գրիմ անելն էր, որ նա կարողանա ընտրություններում հաղթել, այսինքն՝ հասարակական կարծիքի փոփոխությունը։ Վարչապետը դրա համար ունի շատ սահմանափակ ռեսուրսներ։ Առաջինը փողի առումով. բացի այն, որ փող չկա, այս տարվա բյուջեն արդեն բաշխված է, նա աղբյուրներ չի կարող գտնել։ Հիմա որպեսզի Հայաստանը գրավիչ դառնա ներդրումների համար, դրա համար փող է պետք, որպեսզի երկիրը դարձնես ներդրումների համար գրավիչ, երկրորդը՝ դրա համար ժամանակ է պետք, որովհետև փողը սիրում է վստահելի տեղ գնալ։ Երեք ամսում դու չես կարող սարքել ներդրումների համար վստահելի Հայաստան, որ չինացին բերի փող դնի, մենք էլ ուրախանանք, որ մեզ մոտ փող է մտնում, աշխատատեղեր են բացվում և այլն։ Այս առումով վարչապետի ասածն ու նրա հնարավորությունները բավականաչափ կարող են իրարից տարբերվել։

 

Նկատի ունեք, որ նրա առաջարկները հավակնոտ են, բայց Հայաստանը դրանք իրականացնելու համար բավարար ֆինանսական ռեսուրսներ չունի՞։

 

Խնդիրը ֆինանսական ռեսուրսները չեն, Հայաստանն այնքան սիրուն ու լավը չի, որ այնտեղ բերեն փող դնեն։ Հայաստանը աշխարհին հայտնի է որպես կոռումպացված երկիր, որպես ռուսական աշխարհի մաս։ Հիշում եք, հայտնի խոսք կար, որ ասում էին՝ ինչու ենք գալիս ՀՀ ղեկավարության հետ խոսելու, կգնանք Պուտինի հետ կխոսենք Հայաստանի վերաբերյալ։ Հայաստանն աշխարհին հայտնի է երկիր, որտեղ մարդկանց «քցում են», այսինքն՝ չկա սեփականության պաշտպանություն։ Այս ամենը հաշվի առնելով շատ դժվար է Հայաստանի իմիջը մի քանի ամսում փոխել, որ Հայաստանը ներդրումների համար գրավիչ վայր դառնա։

 

Հայաստանում որևէ կառավարություն պատասխանատվություն չի կրել իր ձախողումների համար, մյուս կողմից Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ իրեն Սերժ Սարգսյանն է բերել, և եթե չարդարացնի իրեն, ինքը մի րոպե ավել չի մնա, կհեռանա։ Ստացվում է, որ Կարեն Կարապետյանը ևս փորձում է խուսափե՞լ պատասխանատվությունից։

 

Նախ պետք է արձանագրել, որ Հայաստանի վերջին բոլոր կառավարություններն էլ ՀՀԿ-ի կառավարություններն են, այսինքն՝ պատասխանատվությունն առաջին հերթին ՀՀԿ-ի վրա է։ Չխոսենք այն մասին, որ որոշ մարդիկ պետք է անձնական, միգուցե նաև քրեական պատասխանատվություն կրեին, այլ խոսենք այն մասին, որ ՀՀԿ-ն թույլ չի տալիս, որ կուսակցությունը կուսակցական ձևով պատասխանատվություն կրի, որովհետև բոլոր տեսակի ընտրությունները կեղծվում են։ Կուսակցական պատասխանատվությունն այն կլինի, որ նա այլևս չղեկավարի երկիրը, որովհետև վատ է ղեկավարում։ Այնպես որ, հիմնական պատասխանատվությունը ՀՀԿ-ի վրա է, որը ամեն անգամ այդ պատասխանատվությունից խուսափում է։

 

Ինչ վերաբերում է Կարեն Կարապետյանին, նա ուզում է խոսել այն խաղի կանոնների մասին, որոնք իր և Սերժ Սարգսյանի միջև են հաստատվել։ Այսինքն՝ նա որոշակի պահանջներ է դրել Սերժ Սարգսյանի առջև, Սերժ Սարգսյանը համաձայնել է։ Երևի նա ասել է, որ եթե այս-այս լծակները ես ունենամ, կկարողանամ փոփոխություններ անել։ Հիմա իր ասածն այն է, որ եթե ՀՀԿ-ն հրաժարվի իր նախնական տված խոստումից, ապա ինքը կթողնի կգնա, առավել ևս, որ Կարեն Կարապետյանը ոչ մի քաղաքական պատասխանատվություն Հայաստանում չի կրում, նա դրսից եկած, ՀՀ քաղաքականության հետ կապ չունեցող մարդ է։

 

Ի՞նչ է սպասվում 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Այս վեց ամիսների ընթացքում ի՞նչ փոփոխություններ են հնարավոր, հնարավո՞ր կլինի հանրության մոտ այնպիսի տպավորություն ստեղծել, որ ինչ-որ փոփոխություն, այնուամենայնիվ, երկրում տեղի է ունենում։ Ի վերջո, ՀՀ-ում քրեաօլիգարխիայի դեմ պայքար հնարավո՞ր է։

 

Քրեա-օլիգարխիայի դեմ պայքար հնարավոր չէ, որովհետև համակարգը քրեա-օլիգարխիկ է։ Այսինքն՝ համակարգի գոյության, համակարգի շարունակականության համար օլիգարխիայի գոյությունն անհրաժեշտ է։ Եթե փորձ արվի քրեա-օլիգարխիային ձեռք տալ, կնշանակի փորձ է արվում համակարգին ձեռք տալ։ Այսինքն՝ սա հեղափոխական մոտեցում է, երբ փորձ է արվում ՀՀԿ-ին զրկել իշխանությունից։

 

Ինչպե՞ս եք գնահատում Կարեն Կարապետյանի՝ չորս լրատվամիջոցներին տրված ասուլիսը։ Սա Սերժ Սարգսյանի ձևավորած ավանդույթի շարունակությո՞ւնն է։

 

Սա, իհարկե, ձևավորված ավանդույթի շարունակությունն է, որ չլինեն անսպասելի հարցեր, չլինեն արտաքին քաղաքականության վերաբերյալ քննարկումներ, որը մեր թերևս ամենախոցելի խնդիրներից է, չլինեն Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներ, որը մեզ համար կարևոր խնդիրներից է, այլ լինեն օրախնդիր, ճյուղային քննարկումներ, անընդհատ շարունակենք խոսել օլիգարխների, մենաշնորհների և կոռուպցիայի մասին, այդպես հեշտ է հարցերին պատասխանել։ Այստեղ դիրքորոշում հայտնելը խնդիր չէ, կոռուպցիայի դեմ այսօր բոլորն են պայքարում, նույնիսկ ՀՀԿ-ն և Սերժ Սարգսյանը, բայց չգիտես ինչու ոչինչ չի ստացվում։

 

Հանրությունը, ըստ Ձեզ, նոր կառավարությունից սպասելիքներ ունի՞։

 

Այո, հետաքրքիր է, որ հանրություն ունի սպասելիքներ, որովհետև հանրությանը թվում է, թե վարչապետի փոփոխությամբ կարող է քաղաքականություն փոխվել, մինչդեռ կրկնեմ, պետության ղեկավարը մնում է  Սերժ Սարգսյանը, և նա կարծես թե մտադիր չէ քաղաքականություն փոխել։

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play