Պատերազմ սկսել-չսկսելը հիմա կախված է Ալիևից. Փորձագետ
02-11-2016 18:26:57 | Հայաստան | Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը
- ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը խոսում է քաղաքականություն վերադարձի մասին, եթե իհարկե շատ խնդրեն իրեն: Իշխանությունն այլևս կոշտ գնահատական չի տալիս։ Ձեր կարծիքով, ինչո՞վ է սա պայմանավորված։
- Ծառուկյանը քաղաքականությունից դուրս չի եկել։ Դուք հարցնում եք նրա վերադարձի մասին, բայց այս ընթացքում նա տարբեր ձևերով ներկա է եղել քաղաքականության մեջ։ Առաջին հերթին, երբ Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանը նշանակվեց վարչապետ, դա նվեր էր Ծառուկյանին։ Իսկ հիմա, երբ Հովիկ Աբրահամյանը բարեբախտաբար ազատվեց վարչապետի պաշտոնից, Աբրահամյանի և Ծառուկյանի խումբը՝ ԲՀԿ-ն, ուզում է ավելի ակտիվ ձևով ներկա լինել քաղաքական կյանքում, իսկ դա պետք է արվի Ծառուկյանի «վերադարձով»։
Այս պահին հստակ չէ, թե ինչ պետք է անեն ԲՀԿ-ի ղեկավարները, արդյոք պետք է նորից իշխանության մաս կազմե՞ն ՀՀԿ-ի հետ, թե ոչ, չեմ կարող ասել։ Հայտնի է միայն, որ Կարեն Կարապետյանին նշանակելով վարչապետ, ՀՀԿ-ն նոր էջ է բացում իր կուսակցության պատմության, անգամ երկրի քաղաքական կյանքում, որովհետև հստակ է, որ ճգնաժամ կա ՀՀԿ-ի մեջ, որն իր հետևանքն է ունենալու բոլոր կուսակցությունների վրա։ Քանի որ ՀՀԿ-ն ամենամեծ կուսակցությունն է անկախ Հայաստանի պատմության մեջ, հետևաբար այն, ինչ կատարվում է այդ կուսակցությունում, ազդեցություն է ունենում ՀՀ քաղաքական կարգավիճակի վրա։ Սա նշանակում է, որ խորհրդարանական ընտրություններից մոտ մեկ տարի առաջ կարծես թե քաղաքական երկրաշարժի նախաշեմին ենք, ու բոլոր քաղաքական ուժերը փորձում են բեմի վրա իրենց խաղը խաղալ՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ընդդիմադիր ուժերը և այլն։ Այս պահին հստակ չէ նաև, թե ինչ պետք է անի ՀՅԴ-ն, եթե ԲՀԿ-ն միանա իշխող մեծամասնությանը, դեռ վաղ է այդ մասին կանխատեսումներ անելը։
Հիմա նոր հանգրվանում ենք և հիմա կարծես թե այնքան վատ է վիճակը, որ Սերժ Սարգսյանը կանաչ լույս վառեց Կարեն Կարապետյանի առջև՝ ասելով, որ այսուհետև դու ես ղեկավարը Հայաստանում, ես քեզ կօգնեմ, ՀՀԿ-ում որևէ մեկը քեզ չի խանգարի, ու դու պետք է ուղղակի կամ անուղղակի ձևով երկրի քաղաքական կյանքում «մաքրես» բացասական երևույթները։ Այսինքն՝ մեծ փոփոխությունների առջև է երկիրն ու քաղաքական կյանքը։
- Ինչպե՞ս վարվեց իշխանությունը պաշտոնից ազատված նախարարների, մասնավորապես պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ։ Ըստ մամուլի հրապարակումների՝ նա դժգոհ և նեղացած է հեռացել նախարարի պաշտոնից։
- Որևէ տեղեկություն չունեմ, միայն հստակ կարող եմ ասել, որ Սերժ Սարգսյանը սպասում է առիթի, որ Սեյրան Օհանյանին պաշտոն տա։ Կարծում եմ, այո, Սեյրան Օհանյանը շատ դժգոհ է, քանի որ այդ փոփոխությունները մեջտեղ ելան քառօրյա պատերազմից հետո, իբրև թե Սեյրան Օհանյանը մեղավորություն ունի քառօրյա պատերազմում։ Դա ինքը՝ Սերյան Օհանյանը, պետք է հարցազրույց տա և ասի, թե ինչպես եղան այդ գործողությունները։ Վիգեն Սարգսյանին նշանակելով պաշտպանության նախարարի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանը առաջին անգամ քաղաքական կյանքում նոր սերնդի ղեկավարներ բերելով փորձեց ավելի մեծ ուժ տալ և պատրաստել այդ ներ սերնդին դեպի ավելի մեծ պատասխանատվություն և ինչու չէ, խանգարելով Էդվարդ Նալբանդյանին, որովհետև գիտենք, որ Հայաստանում արտաքին քաղաքականությունը ոչ միայն արտաքին գործերի նախարարն է վարում, բայց ուղղակի պաշտպանության նախարարը դեր ունի այդ ասպարեզում։ Եվ սա նշանակում է, որ վստահաբար ներքին մրցում պետք է սկսվի երկու նախարարների մեջ։ Ուզում եմ ասել, որ ընտրություններից առաջ չգիտեմ ինչ պետք է պատահի ռազմական գետնի վրա, բայց գոնե քաղաքական գետնի վրա բոլոր նշանները կան, որ փոփոխությունների առջև ենք գտնվում, կրկնում եմ՝ ոչ միայն անուններով, գլխավորաբար կառույցներով, որովհետև այլևս անկարելի է այսպես շարունակել։
Սա է իրականությունը։ Եվ սա Սերժ Սարգսյանը գիտի։ Սերժ Սարգսյանը վստահաբար կցանկանա, որ Հայաստանը դուրս գա պոստսովետական հանգրվանից։ Եվ սա է իրականությունը, ուրիշ ճանապարհ չկա, քանի որ Հայաստան պետությունը պատերազմի առջև է, տնտեսական ու սոցիալական ճգնաժամերի մեջ է։
Հայաստանում այնքան էլ հեշտ չէ փոխել մտայնությունները, երբ քո կարգավիճակը Հայաստանում ավանդական է։ Սերժ Սարգսյանն իմանալով, որ ավանդական կարգավիճակը դեռ բավականին ուժ ունի Հայաստանում, ուզում է փոխել այդ կարգավիճակը։
- Դուք նշեցիք, որ Հայաստանը պատերազմի առջև է կանգնած։ Արդյոք այս զարգացումները տանո՞ւմ են մեզ նոր պատերազմի։
-Պատերազմ սկսել-չսկսելը հիմա կախված է Ալիևից, նաև նրանից, թե արդյոք միջազգային հանրությունը ավելի մեծ ճնշումներ կգործադրի Ալիևի նկատմամբ, որպեսզի նա զիջի, կամ այսպես պիտի շարունակվի, և Ալիևը ստեղծված ճգնաժամից դուրս գալու համար նոր պատերազմ կսկսի։