Ադրբեջանը պատերազմ չի սկսի, այլ լարված կպահի սահմանը.Արկադի Տեր-Թադևոսյան


Ադրբեջանը պատերազմ չի սկսի, այլ լարված կպահի սահմանը.Արկադի Տեր-Թադևոսյան

  • 03-11-2016 18:14:39   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)

 

Պարոն Տեր-Թադևոսյան, ի՞նչ կարծիք ունեք պաշտպանության նոր նախարարի մասին, հաշվի առնելով, որ Վիգեն Սարգսյանը զինվորական չէ։

 

Պաշտպանության նախարարի պաշտոնն այնպիսին է, որ անպայման չէ զինվորական լինելը, նա ռազմաքաղաքական դեմք է։ Պաշտպանության նախարարն ավելի շատ զբաղվում է քաղաքականությամբ, սպառազինության, տեխնիկայի հետ կապված կարիքներով, և երկրի նախագահի հետ միասին ապահովում են բանակի ուղեղը։ Իսկ զինվորական հարցերով զբաղվում է գլխավոր շտաբի պետը, իսկ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանը մարտադաշտից նոր է վերադարձել, նա միշտ մարտական մթնոլորտում է աշխատել։ Ինձ թվում է՝ ամեն բան կարգին է, և ներկա վիճակը կամրապնդի մեր բանակի մարտունակությունը. Մովսես Հակոբյանը կզբաղվի մարտական պատրաստությամբ, իսկ պաշտպանության նախարարը՝ քաղաքական ու տնտեսական հարցերով, ռազմարդյունաբերական համալիրով, զինվորական արտադրանքի ապահովմամբ և այլն։ Ես անկեղծ ասած մոտիկից չեմ ճանաչում պաշտպանության նախարարին, ճանաչում եմ Մովսես Հակոբյանին, նրա անցյալը, մենք Ղարաբաղում մեկ տարի միասին ենք եղել։

 

Կարծում եք՝ ապրիլյան պատերազմից հետո անհրաժեշտությո՞ւն էին այս փոփոխությունները, որ տեղի ունեցան բանակում։

 

Ես չգիտեմ, թե այդ փոփոխությունները որքանով դրական կլինեն, ինձ չի թվում, որ անհրաժեշտ էր այդ երկու անձանց փոխել։ Մեզ պետք է ուշադրությունը սևեռել սպառազինության և տեխնիկայի, նաև առաջնագծի ամրացման վրա։ Ներկայում, փառք Աստծո, պաշտպանության նախարարությունը զբաղվում է այդ խնդրով, ինժեներական մեծ աշխատանք է կատարվում, նոր տեխնիկա է ձեռք բերվում, որը միայն Հայաստանում կա՝ գիշերային դիտարկման սարքերից սկսած, «Իսկանդերներով» վերջացրած։ Բնական է, որ հիմա կսկսի աշխատել մեր ռազմարդյունաբերական համալիրը, կսկսեն ստեղծել անօդաչու թռչող սարքեր, ամեն բան նորմալ կլինի։

 

Ձեր կարծիքով՝ հիմա պատերազմի հավանականությունն ավելի՞ մեծ է։

 

Ես կարծում եմ, որ ապրիլյան փորձը Ադրբեջանին, Հայաստանին և բոլորին ցույց տվեց, թե որքան հերոսական երիտասարդություն ունենք։ Մենք ասում էինք՝ պետք է երիտասարդներին փոխանցենք մեր փորձը, սովորեցնենք, քարոզենք, բայց պարզվեց, որ նրանք դաստիարակվել են իրենց պապերի օրինակներով։ Այն, որ մեր երիտասարդության բարոյական ոգին շատ բարձր է, վկայում է, թե որ բանակն է ավելի հզոր, երկրորդը՝ ես չեմ հասկանում, թե ինչու ենք մենք նստած սպասում, թե երբ մեզ կհարվածեն։ Նրանք նստած են նավթի տակառի վրա և կրակում են մեզ վրա, իսկ մենք նստած ենք քարերի վրա, բայց չենք կրակում։ Եթե կրակենք, իրենք էլ կպայթեն, նավթի տակառներն էլ կպայթեն։ Եթե մենք շարունակենք չկրակել, կամ միայն պատասխանել կրակոցներին, նրանք, իհարկե, այնքան կլկտիանան, որ կհայտարարեն, թե հարձակվելու են Հայաստանի վրա ու «ազատագրեն իրենց հողերը, այդ թվում Էրիվանը»։ Նրանք արդեն այսօր այնքան են լկտիացել, որ, իմ կարծիքով, նրանց վրա բոլորը ծիծաղում են, բայց գլխավորը դա չի։ Գլխավորն այն է, որ պատերազմը մեզ համար մեծ դժբախտություն է, քանի որ մենք կկորցնենք մարդկանց, բայց Ադրբեջանը պարզապես կպայթի, դա կլինի նրանց վերջը, որովհետև այդ երկիրն ունի միջազգային խողովակաշարեր, նավթատարեր և այլն ու պատերազմի դեպքում Ադրբեջան պետություն այլևս չի լինի։ Բացի այդ, Ադրբեջանում ապրում են տասնյակ ազգություններ, որոնք տառապում են Ադրբեջանում։ Նրանք մեծ սիրով կստեղծեն իրենց պետությունները։ Ամերիկյան հետախուզությունը վերլուծություններից հետո զեկուցել է, որ Ադրբեջանը բաժանվելու է մի քանի պետությունների։ Աստված տա, այդ կանխատեսումն իրականանա։ Բայց դա կիրականանա, եթե նրանք պատերազմ սկսեն։ Սա է պատճառը, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի, այլ լարված կպահի սահմանը։

 

Դուք ունե՞ք տեղեկություն, Հայաստանը Ռուսաստանից ամբողջությամբ ստացե՞լ է 200 մլն դոլարի սպառազինությունը։ «Իսկանդերները» նույնպես այդ գումարո՞վ է ձեռք բերվել, թե՞ դա մենք ավելի վաղուց ունեինք։

 

Ես այդ մասին տեղեկություններ չունեմ, բայց գիտեմ, որ այդ 200 մլն դոլարից բացի նվիրատվություններ են եղել նաև տարբեր հայկական կազմակերպություններից ու կառույցներից, օգնություն է եղել նաև սփյուռքից։ Այնպես որ, մեր ունեցած զենքը հիմա բավարար է ու այդ մասին գիտի նաև Ադրբեջանը։ Հիմա նրանք էլ ավելի մեծ թափով են զինվում, չեն հանգստացել։ Ադրբեջանը Ռուսաստանից ստացել է 6 նոր ուղղաթիռ, նաև Պակիստանը, Թուրքիան ու Իսրայելն են օգնում, բայց մենք կընդդիմանանք նրանց։ Վերջին ժամանակներս Հայաստանի ձեռք բերած տեխնիկան ավելին է, քան այն գումարը, որի մասին ասացիք։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ