«Մենք բոլոր հիմքերն ունենք Սերժ Սարգսյանին չվստահելու».Վահան Բադասյան


«Մենք բոլոր հիմքերն ունենք Սերժ Սարգսյանին չվստահելու».Վահան Բադասյան

  • 02-12-2016 18:17:49   | Հայաստան  |  Հարցազրույցներ

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացրին, որ  Վահան Բադասյանի հաղորդման հիման վրա որոշում է կայացվել մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։
 
Հիշեցնենք, որ Վահան Բադասյանը Պաշտպանության նախարարության կողմից ցորենի գնման գործընթացի վերաբերյալ հայտարարություն էր տարածել, որից հետո զինվորական դատախազը այն ուղարկել էր քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն՝ նյութեր նախապատրաստելու:
 
Այս եւ այլ խնդիրների վերաբերյալ Լրագիրը զրուցել է Մարտական խաչի ասպետ Վահան Բադասյանի հետ։
 
-Պարոն Բադասյան, անակնկա՞լ էր Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը՝ մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցադեպի բացակայության հիմքով։
 
- Իհարկե անակնկալ չէր, ես սպասում էի դրան, պարզապես չէի ուզում նախօրոք կանխակալ վատ կարծիքներ հնչեցնեի, որովհետև ինչ-որ տեղ մտածում էի, որ գուցե ընտրություններից առաջ, գոնե այս նոր կառավարության և արդարության ֆոնի վրա բանակից չշարունակեն մսխումները։ Առաջին տարին չէ, որ բանակից մսխումներ են կատարվում, գումարներ են յուրացնում, պարզապես այս անգամ հույս կար, որ կարող է ինչ-որ տեղ հետ կանգնեին այդ գործունեությունից։
 
- Դուք նշում էիք, որ այս գործը իշխանության ու կառավարության համար քննություն է լինելու։ Կտրվե՞ց  իշխանությունը քննությունից։
 
- Իհարկե, տեսեք՝ Սերժ Սարգսյանը շատ արագ պայթեցրեց Կարեն Կարապետյանի փուչիկը՝ նրան ՀՀԿ քարշ տալով, ինչպես նաև այս աղմկահարույց գործը նման ավարտի հասցնելով, որը վերաբերում է մեր անվտանգության միակ երաշխիք բանակին։ Գոնե բանակի դեպքում, եթե հարցը բարձրացվել է, պետք է իրենց ձգեին մի քիչ, հետ տային այդ գումարները, նոր պայմանագրեր կնքեին, առավել ևս, որ ես քննչական մարմնին մանրամասն հաշվարկները տվել են, թե որոնք են այնտեղ հավելավճարները, որն է այնտեղ կոռուպցիան։ Այնտեղ մի քանի հարցեր են՝ ոչ միայն կոռուպցիա, այլև դիտավորյալ վատնում, ատկատի պայմանով։
 
- Այսինքն՝ Դուք քննչական մարմիններին մանրամասն ներկայացրե՞լ էիք Ձեր ունեցած տեղեկությունները։
 
- Այո, ներկայացրել էի հաշվարկներով, բայց նրանք էլ հիմք ունեին կասեցնելու գործը ու ասեմ՝ ինչու։ Նրանք խնդրին մոտեցան ոչ թե քննիչի պրոֆեսիոնալիզմով, այլ զուտ փաստաթղթերով, իսկ ես, բնական է, իմ ձեռքի տակ փաստաթուղթ չէի կարող ունենալ։ Եթե ես ունենամ իմ ձեռքի տակ փաստաթղթեր, ապա ինձ պետք է լիազորություն տային՝ մտնել համապատասխան մարմիններ և այդ փաստաթղթերը վերցնեի, բայց դա էլ ամենը չէ։ Քննությունը նրա համար է նաև, որ պարզեն, թե արդյոք այդ փաստաթղթերը հիմնավորված են, թե ոչ։ Նայեք, երբ հարկային մարմինը ստուգում է որևէ հիմնարկ, ստուգում է տեսնի, թե ճի՞շտ է տվել հարկերը, ճի՞շտ են ձևակերպված վճարման հիմք հանդիսացող փաստաթղթերը, թե ոչ։ Եթե ճիշտ չի լինում, ստուգում է։ Նույնն էլ դատախազությունն ու քննչական մարմինները պետք է անեն։ Նրան պարտավոր են ստուգել փաստաթղթերը։ Ասում են՝ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, բայց արդյոք հիմնավորվա՞ծ են այդ փաստաթղթերը։
 
-Հայ-ռուսական զորախմբի համաձայնագիրն արդեն իրողություն է։ Ի՞նչ վտանգներ եք տեսնում։
 
- Մի քանի վտանգ կա։ Նախևառաջ հիմա այդ ստորաբաժանումը, որ ստեղծում են, ում են տալու հրամանատարությունը, ով է լինելու այդ ընդհանուր ստորաբաժանման հրամանատարը։ Եվ եթե Հայաստանի դեմ ոտնձգություն լինի, ո՞ւմ հրամանն է կատարելու այդ ընդհանուր ստորաբաժանումը՝ Ռուսաստանի՞, թե Հայաստանի։ Ես ենթադրում եմ, որ Ռուսաստանի հրամանն է կատարելու։ Հիշենք, թե Ռուսաստանը պատմության ընթացքում ինչպես է վերաբերվել Հայաստանին, միշտ վերաբերվել է վատ և հակահայկական մոտեցում ցուցաբերել։ Եվ նման կերպ էլ ո՞ր ստորաբաժանումներն են միացնելու։ 19-րդ և 20-րդ դարում մենք բազմիցս հուսախաբ ենք եղել Ռուսաստանից, 21-րդ դարի այս խաբեությունը տարբերվում է նախորդ խաբեություններից։ Նորից մենք ունենալու ենք ռուսական շահի սպասարկում մեր տարածքների, մեր արյան հաշվին։ Մենք տոննաներով արյուն ենք թափել հանուն ռուսական շահի, առաջինը՝ 15 թվականի եղեռնը, որի պատճառը Ռուսաստանն էր, և Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մեր զոհերը հանուն Ռուսաստանի փրկության։ Եվ վերջապես, ինչ արեց Ռուսաստանը մեզ հետ 20-րդ դարի վերջին... փորձեց Արցախը խեղդել արյան մեջ։ Շնորհիվ իմ սերնդակցիների ճիշտ և արդար գործողությունների՝ մենք կարողացանք անհնարինը հնարավոր դարձնել և հաղթել մեր թշնամուն, դուրս վանել ռուսական զորքը։ Իսկ հիմա անձնական շահերով տոգորված հայ քաղաքական գործիչները՝ սկսած առաջին նախագահից, երկրորդ և երրորդ նախագահներն  ընդհանրապես ավելի մեծ քայլերով Հայաստանի ինքնիշխանությունը տարան կործանման։ Եվ սկսած 91-ից մինչև այսօր բոլոր նախագահները, իշխանությունները փորձում են Հայաստանը զրկել ինքնիշխանությունից, և դա նրանց դեռ հաջողվում է։
Բայց կգա մի պահ, որ այսպես շարունակել այլևս հնարավոր չի լինի։ Հիմա ի՞նչ իմանանք, վաղը ամբողջ հայկական զորքը միավորելո՞ւ են ռուսական զորքին... ոչ մեկին պարզ չէ։ Սերժ Սարգսյանը վերջերս ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում հայտնեց, որ պատրաստ է դուրս գալ 7 շրջանից։ Նա ամեն տեղ առաջ է ընկնում։ ԵՏՄ մտնելու համար իրեն տվեցին մի տեքստ, որի ամբողջ փաթեթին համաձայն է, նրան ստիպեցին մտնել ԵՏՄ, և դրա արդյունքում այսօր թալանվում է Հայաստանի բյուջեն։ Թե ինչպես, մեր ժողովրդի 99 տոկոսը չգիտի։ Երրորդ պետությունից եկած մաքսային հարկերը գնում են Ռուսաստանի  բյուջեն, որտեղից մեզ ոչինչ չի գալիս, իսկ դա Հայաստանի եկամուտների 46 տոկոսն է։ Ինչ արեց Սերժ Սարգսյանը... համանախագահները հինգ շրջան են հանձնում, ինքը՝ յոթ, այսինքն՝ դարձյալ առաջ է ընկնում։ Հիմա արդյոք Սերժ Սարգսյանը ամբողջ բանակը չի միավորելու ռուսական բանակի հետ և դարձնի ընդհանուր ռուսական բանակ։ Եվ ավելին, ոչ մի ռուս չի գալու այստեղ ծառայելու, պարզապես մի քանի ռուս նստած Երևանում արձակելու են հրամաններ։ Եվ դարձյալ ինքնիշխանության հանձնման գործընթաց է սկսված։ Այնպես չէ, որ ռուսական բանակը դեմ են տալու Թուրքիային կամ Ադրջեբանին, եթե Հայաստանի նկատմամբ ոտնձգություն կատարեն։ Հիմա եթե Ադրբեջանը հարձակվի Արցախի վրա, սա լինելո՞ւ է ոտնձգություն Հայաստանի նկատմամբ, թե ոչ, ինչպես է լինելու պայմանագիրը, ոչինչ պարզ չէ։ Եվ մենք բոլոր հիմքերն ունենք Սերժ Սարգսյանին չվստահելու։
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ