«Գագիկ Ծառուկյանի վերադարձի պահանջը ներկայացնողներին ղեկավարում է Սերժ Սարգսյանը».Արթուր Սաքունց


«Գագիկ Ծառուկյանի վերադարձի պահանջը ներկայացնողներին ղեկավարում է Սերժ Սարգսյանը».Արթուր Սաքունց

  • 06-12-2016 18:03:15   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի նախընտրական այս  շրջանը։ ԲՀԿ-ն արդեն պաշտոնապես դիմել է Գագիկ Ծառուկյանին՝ խնդրելով նրան վերադառնալ, քանի որ իրենց համար դա կենսական անհրաժեշտություն է։ Մյուս կողմից էլ արդեն երկրորդ անգամ քաղաքացիները հավաքվում են նրա առանձնատան մոտ՝ հետևյալ պահանջով՝«Ուզում ենք ինքը պրեզիդենտ լինի, որ մենք էլ մարդ լինենք»։

 

Նախ այն, ինչ կատարվում է բոլորիս աչքի առաջ և հրապարակային, այլ բառով, քան ազգային, հանրային, քաղաքական խայտառակություն անվանել չենք կարող, որովհետև այդ նույն բազմությունը բացարձակապես չերևաց, երբ Սերժ Սարգսյանն իր կուսակցության ԳՄ-ում ելույթ ունեցավ և վռնդեց Գագիկ Ծառուկյանին քաղաքականությունից,  ոչ միայն քաղաքականությունից, այլ նաև ստիպեց, որ Գագիկ Ծառուկյանը հրաժարվի իր իսկ ստեղծած կամ նախաձեռնած քաղաքական կուսակցության նախագահի պաշտոնից։ Այն ժամանակ մենք չտեսանք բողոքներ, ցույցեր, ընդվզումներ, բոլորը միահամուռ հաշտվեցին, լռեցին, ենթարկվեցին Սերժ Սարգսյանի որոշմանը։ Այս առումով պետք է ենթադրել, որ նրա այսօրվա համախոհներին, կամ  նրա վերադարձի պահանջը ներկայացնողներին  ղեկավարում է հենց Սերժ Սարգսյանը։ Եվ հետևաբար այն, ինչ  մենք տեսնում ենք, համարում եմ որպես թույլատրված գործողություն Սերժ Սարգսյանի կողմից, և սա պետք է ամրագրել որպես փաստ։

 

Իսկ թե ինչի համար է Սերժ Սարգսյանը թույլատրում, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնա, ունեմ մեկ պարզ բացատրություն. Սերժ Սարգսյանը հստակ գիտի, որ իր ղեկավարած կուսակցությունը հաղթանակ չի կարողանալու տանել, այսինքն՝ կայուն քաղաքական մեծամասնություն չի ունենալու առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ։ Եվ դրանում համոզվեց ոչ միայն իր իսկ կողմից պարտադրված սահմանադրական հանրաքվեի արդյունքների հիման վրա, այլեւ՝ ապրիլյան պատերազմի ժամանակ, երբ ընդհանրապես չհամարձակվեցին իրենց իսկ սպասարկողներն օգտագործեն թեզը, թե ժողովուրդը համախմբվում է իշխանության շուրջը, քանի որ չկար նման բան: Իսկ հուլիսյան գործողությունների ժամանակ անթաքույց արտահայտվել է խորը ատելությունը իշխանության հանդեպ։ Եվ այս պարագայում Սարգսյանը շատ լավ գիտակցում է, որ իր հետ այս պահին կոալիցիա կազմող Դաշնակցությունը նույնպես չունի այդ ռեսուրսը, իսկ քաղաքական կայուն մեծամասնության համար պետք է երրորդ կուսակցությունը, որի դերում չի կարող հանդես գալ ոչ Արթուր Բաղդասարյանի կուսակցությունը և ոչ էլ որևէ այլ կուսակցություն, նույնիսկ այսպես կոչված անձ-կուսակցությունների ամբողջ հավաքը, որ հիմա ունի ՀՀԿ խմբակցությունում: Նա լավ գիտակցում է, որ դրանք միասին վերցրած ունեն նույն իմիջը, ինչ ՀՀԿ-ն, և իրեն պետք է երրորդ կուսակցություն։ Իսկ դրա դերում կարող է հանդես գալ Գագիկ Ծառուկյանը, որը ունի հանրային ընկալման տեսակետից որոշակի լեգիտիմություն։ Այսինքն՝ Գագիկ Ծառուկյանը, որի ամբողջ գործունեությունը քաղաքական  կամ կուսակցական դաշտում ղեկավարվում է Սերժ Սարգսյանի կողմից, ունի շատ ավելի բարձր լեգիտիմություն, քան Սերժ Սարգսյանը և իր ՀՀԿ-ն միասին վերցրած։ Եվ այս պահին Գագիկ Ծառուկյանի վերադարձի համար կանաչ լույս է տվել զուտ այդ նպատակի համար։

 

Ծառուկյանը նախորդ անգամ ասել է, որ ներել է, փաստորեն պատրա՞ստ է, որ իր հետ նույն կերպ վարվեն։

 

Նման հասկացությունները՝ ներել, հասկանալ, ընդունել, հաշտվել, դրանք  բարոյական կատեգորիաներ են, որոնք գոյություն չունեն այդ հարաբերությունների դաշտում։ Հիմա Գագիկ Ծառուկյանը կարո՞ղ է ներել կամ չներել, նա այդպիսի հնարավորություն չունի, նա միայն պետք է ենթարկվի այն պահանջներին, որը պետք է ներկայացնի Սերժ Սարգսյանը։ Ինքը լուծում է զուտ իր գոյատևման հարցը, որպեսզի երաշխիք ունենա, որ իր բիզնեսը, սեփականությունը, իր անձնական անվտանգությունն ապահով են։ Այդ երաշխիքի գրավականը իր ենթարկվելն է Սերժ Սարգսյանի հրամաններին։

 

Դաշինքներ են ձևավորվում։ Նախորդ շաբաթ ՔՊ, ԼՀ և Հանրապետություն կուսակցությունը դաշինք կազմեցին։ Ինչպե՞ս եք գնահատում դրանք, արդյոք կկարողանա՞ն այլընտրանք դառնալ և հաղթանակ արձանագրել։

 

ՀՀ կուսակցական դաշտում այնքան աղճատված է վիճակը, որ այս պահին շատ դժվար է միանշանակ այդպես գնահատել կամ որակումներ տալ դաշինքների բովանդակությանը, որովհետև դաշինքներ կարող են լինել տրամագծորեն ամենատարբեր, հակադիր դիրքորոշումներ ունեցող կուսակցությունների միջև, և այդ առումով մեծ փոփոխություններ կամ անակնկալներ դժվար է սպասել։ Ուղղակի կա մի այսպիսի հարց՝ ՀՀԿ գլխավորությամբ քաղաքական կայուն մեծամասնության ինստիտուտի հաղթահարման ի՞նչ ռեսուրսներ գոյություն ունեն։ Այս ձևակերպումը տալով ես էլի վերապահումներ ունեմ, որովհետև ինչ ռեսուրսներ էլ որ լինեն, դրանք մեկանգամյա լուծվող խնդրի շրջանակում կարող ենք դիտարկվել, որովհետև երկարաժամկետ արժեքային տեսակետից, ցավոք սրտի, ռեսուրսները քիչ են։ Ես նկատի ունեմ, որ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ, ԵՏՄ, ԵՄ, քաղաքակրթական ընտրություն և այլ հասկացություններն այնքան հեռու են մեր քաղաքական, կուսակցական դաշտից, որ այս չափորոշիչների հիման վրա դաշինքները դիտարկելը դառնում է  բովանդակազուրկ։ Եվ այստեղ զուտ միջանկյալ առաջին քայլ կարող է դիտարկվել մեծ վերապահումով, որ կա՞ ինչ-որ ռեսուրս, որ կարող է հաղթահարել այսօրվա գործող իշխանության կայուն քաղաքական մեծամասնությունը, որը իրապես մեծամասնություն է մեծամասնության շղարշի տակ։

 

Հիմա ՔՊ-ն, ԼՀ-ն և Հանրապետություն կուսակցությունները ստեղծել են այդ դաշինքը, արդյոք ունե՞ն այդ ռեսուրսները, որ հաղթահարեն, դժվարանում եմ ասել, բայց իրավիճակը Հայաստանում այնպիսին է, որ այսօրվա քաղաքական գերիշխանությունը հաղթահարելու ցանկացած հնարավորություն միշտ պետք է ողջունվի։ Դա պետք է լինի առաջին քայլ՝ այս իրավիճակից դուրս գալու համար։ Այլ դաշինքներ չգիտեմ՝ կլինեն, թե ոչ, բայց իրավիճակն այնպես է զարգանում, որ իշխանությունը չունի ռեսուրսներ անընդհատ իր իշխանությունը պահելու համար։ Բացի ուժային մեթոդներից, որևէ այլ մեթոդ՝ տնտեսական, սոցիալական, քաղաքական, չունի իշխանությունը։ Դրան զուգահեռ, քաղաքական որևէ ծրագիր առաջարկելը կարող է բավական մեծ պոտենցիալ ուժ հանդիսանալ՝ հաղթահարելու միայն զինված և ոստիկանական ուժերի հիման վրա պահվող իշխանության գերիշխանությունը։

 

Այսինքն՝ իրավիճակն ամեն պահի կարող է կտրուկ փոխվե՞լ՝ հաշվի առնելով  հանրային տրամադրությունները։

 

Ես կարող եմ մի բան վստահեցնել, որ աշխարհում ոչ մի անգամ ոչ մի տեղ չի հաջողվել միայն ուժային մեթոդներով ապահովել իշխանության շարունակական գոյությունը, եթե զուգահեռաբար այն չի ունեցել սոցիալական, տնտեսական, գաղափարական լծակներ կամ լեգիտիմության հիմքեր։ Այսօրվա իշխանությունը, բացի ուժային լծակից, իշխանությունը պահելու որևէ այլ լծակ չունի։ Իսկ միայն ուժային լծակը որպես իշխանության ապահովման երաշխիք չի կարող լինել։ Այդ առումով ցանկացած այլ քաղաքական մոտեցում, ծրագիր, գաղափար, միտք ռեալ և արդյունավետ միջոց կարող է հանդիսանալ իշխանությունը հեռացնելու կամ նրան որպես այլընտրանք հանրության համար ներկայանալու համար։

 

Կարեն Կարապետյանի կառավարությունն ի զորու կլինի՞ ինչ-որ հարցերի լուծում տալ՝ հաշվի առնելով, որ ամեն օր նա խոսում է մենաշնորհների ու կոռուպցիայի դեմ պայքարի մասին։ Մինչև ընտրություններ նրան ինչ-որ բան կհաջողվի՞ փոխել։

 

Իմ կարծիքով, հանրության որոշ շրջանակներում Կարեն Կարապետյանի անձով պայմանավորված սպասելիքների ժամանակաշրջանն արդեն հաղթահարվեց, և արդեն պարզ է դառնում, որ Կարեն Կարապետյանի հետ պետք չէ հույսեր կապել, որ նա կարող է փոփոխություններ բերել։ Ինձ համար ի սկզբանե ակնհայտ էր, որ Սերժ Սարգսյանի ցանկացած քայլ ի սկզբանե կեղծիք է և միայն մի նպատակ ունի՝ հերթական անգամ մոլորության մեջ գցել հանրությանը, ստեղծել տեսիլք, մտայնություն, թե իբր ինքը հակված է փոփոխություններ կատարելու։ Կարեն Կարապետյանը չի կարող պայքարել օլիգարխների դեմ, երբ ինքը այդ օլիգարխներից մեկն է։ Երկրորդ՝ Կարեն Կարապետյանի հանրապետականացումը բացահայտեց այդ միֆը, որ նա դարձավ համակարգի մի մասը։

 

Իրականում Սերժ Սարգսյանը վախենում է ցանկացած այլընտրանքից։ Եթե նա պատրաստ լիներ փոփոխությունների, Կարեն Կարապետյանին ոչ թե կհանրապետականացներ, այլ գոնե կփորձեր նրան մեկ այլ կուսակցական ֆորմատով ներկայացնել։ Բայց երևի թե հանրության մեջ եղած ակնկալիքները վախեցրին նրան, որ որևէ այլ կուսակցական ֆորմատով Կարեն Կարապետյանի հանդես գալու դեպքում կարող է իրավիճակը վերահսկողությունից դուրս գալ, ինչպես ասենք նա շատ վախեցավ, երբ փոքր ինչ ինքնուրույնության նշույլներ ցույց տվեց ԲՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի ժամանակ։ Այսինքն, Սերժ Սարգսյանն օրգանապես վախ ունի ցանկացած ինքնուրույն, անկախ ուժի գոյության պարագայում։ Դրա համար հույս կապել, որ Կարեն Կարապետյանի հետ կապված ինչ-որ փոփոխություն կարող է լինել, անիմաստ է։ Կարեն Կարապետյանը միայն խոսող է և այդ դիրքում էլ միշտ լինելու է։ Նա զուտ որպես պրոպագանդիստ կամ խոսնակ է աշխատում՝ իմիջ ստեղծելու համար, թե իբր Սերժ Սարգսյանի իշխանությունն, այնուամենայնիվ, հակված է կամ ցանկանում է փոփոխություններ կատարել ստվերային տնտեսության կրճատման, մենաշնորհների դեմ պայքարելու հարցերում։

 

Մի բան հստակ է, որ Սերժ Սարգսյանը ստիպված է պատասխան տալ՝ բա 8 տարի ի՞նչ էիր անում։ Այն, ինչ պետք է հիմա Կարեն Կարապետյանն անի, բա դու 8 տարում ինչու չես արել, անեիր, ով էր քեզ խանգարել, երբ ըստ էության ունես բացարձակ իշխանություն, առանց ընդդիմության իշխանություն։ Որպեսզի այդ հարցը չդրվի, Սերժ Սարգսյանը փորձում է ցույց տալ, թե տեսեք, ուզում ենք փոփոխություններ անել, և Կարեն Կարապետյանի միջոցով է ուզում կանխել այդ հնարավոր հարցադրումները։ Երբ այդ հարցը դրվի, նա պետք է հեռանա։ Իր հեռանալու վերաբերյալ պահանջները սքողելու, նենգափոխելու, տրանսֆորմացնելու միջոցը Կարեն Կարապետյանի կողմից հնչող հայտարարություններն են։

 

Սերժ Սարգսյանի մոտ հեռանալու ցանկություն չկա, հակառակը, ցանկություն կա երկարաձգելու իշխանությունը։

 

Բնականաբար, Սերժ Սարգսյանը շատ լավ հասկանում է, որ իր իշխանությունը երկարաձգելու համար միայն ուժային մեթոդներն ու լծակները բավարար չեն։ Դրա համար բացի ուժային լծակներից նա փորձում է տնտեսական, սոցիալական, իրավական, քաղաքական բնագավառներում լեգիտիմության նշույլներ ձևավորել, բայց հստակ է, որ ամեն ինչ ինքն է ղեկավարում։ Այ, կտեսնեք, նույնիսկ քիչ ռեսուրսներ ունեցող այլընտրանքը՝ «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» միավորումը հանդիպելու է Սերժ Սարգսյանի կոշտ դիմադրությանը։ Եթե այդ դաշինքը լուրջ մտադրություններ ունենա և լուրջ քայլեր կատարի, ամբողջ պրոպագանդիստական մեթոդները, լրատվամիջոցներն ուղղվելու են  այդ դաշինքի վարկաբեկմանը։ Դրանում ես փոքր-ինչ չեմ կասկածում։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ