Դատապարտում ենք ահաբեկչությունը. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հովվապետին


Դատապարտում ենք ահաբեկչությունը. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հովվապետին

  • 12-12-2016 17:48:27   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցական գիր է հղել Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Ալեքսանդրիայի Պապ և Համայն Աֆրիկայի Պատրիարք Նորին Սրբություն Թավադրոս Բ-ին` Կահիրեի (Եգիպտոս) Ս. Պետրոս և Ս. Պողոս եկեղեցում տեղի ունեցած ահաբեկչության առիթով, որին զոհ են դարձել բազմաթիվ անմեղ մարդիկ:
 
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի, Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության և Հայոց Եկեղեցու հոտի անունից խորին վշտակցություն է հայտնել Նորին Սրբությանը և Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին: 
«Մենք խստագույնս դատապարտում ենք ահաբեկչական գործողությունները քրիստոնեական եկեղեցիներում և կոչ ուղղում բարի կամքի տեր բոլոր մարդկանց անհրաժեշտ միջոցները ձեռնարկել կանխարգելելու մարդկության դեմ գործվող նման հանցագործություններն ու ոճիրները», - ասվում է Վեհափառ Հայրապետի ցավակցագրում:
Աղոթելով սպանվածների հոգիների հանգստության համար` Նորին Սրբությունն իր հոգևոր եղբորը և ղպտի ժողովրդին ցանկացել է Սուրբ Հոգու մխիթարություն և շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ղպտի Ուղղափառ Եկեղեցու հավատացյալներին մաղթել է խաղաղություն և անվրդով կյանք` առանց նման հանցագործությունների և սարսափելի ահաբեկչական դրսևորումների: 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն