Խորհրդարանական ընտրությունների արդյունքում արձանագրվելու են անակնկալ արդյունքներ


Խորհրդարանական ընտրությունների արդյունքում արձանագրվելու են անակնկալ արդյունքներ

  • 15-12-2016 16:40:11   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը

 

- ԼՀ, Հանրապետություն և ՔՊ կուսակցությունը հուշագիր ենստորագրել 2017-ի խորհրդարանական ընտրություններին և Երևանի ավագանու ընտրություններին միասնական դաշինքով մասնակցելու վերաբերյալ։ Չի բացառվում միքանի այլ դաշիքնների ձևավորում։ Այս առումով, ի՞նչ եքկարծում, լուրջ մրցակցություն կլինի՞ դաշինքների միջև։

- Իրավացի եք՝ երեք կուսակցությունները դեկտեմբերի 12-ին հուշագրով ազդարարել են քաղաքական համատեղ գործունեության մասին, որի նպատակներից է դաշինքով մասնակցել խորհրդարանական և Երևանի ավագանու ընտրություններին, իսկ հաջող համագործակցության դեպքում միջնաժամկետ կտրվածքում ձևավորել նաև մեկ կուսակցություն: Այս պահին ակնհայտ է, որ քաղաքական դաշտում նոր միավորումներ են սպասվում, որոնց մեծ մասն այս կամ այն կերպ առնչություն են ունենալու գործող իշխանությունների հետ: Նման՝ թեկուզ և ոչ նշանակալի բևեռների ստեղծման նպատակն է առավելագույնս լղոզել ընդդիմադիր դաշտը և շեղել ուշադրությունն իրական ընդդիմադիր ուժերից: Սա մարտահրավերներից է, որը պետք է փորձենք հաղթահարել: Այն ներուժը, որն ունի մեր դաշինքը, թույլ է տալիս կարծել, որ նման մարտահրավերների հաղթահարումը հնարավոր է:

Այս առումով ընդդիմադիր դաշտում արդյունավետ դիրքավորվելու առավելությունը մեր դաշինքի կողմն է, քանի որ նրանում հիմնականում ընդդգրկված են ուժեր,  անհատներ, որոնք նախկինում չեն եղել իշխանության մեջ, իսկ իրենց գաղափարներով ու ծրագրերով իշխանությունների հստակ այլընտրանք են, ի տարբերություն Գագիկ Ծառուկյանների, Արթուր Բաղդասարյանների, Արմեն Ռուստամյանների, Վարդան Օսկանյանների:
 
Մեկ դաշինք էլ հնարավոր է Ծառուկյանի գլխավորությամբ ձևավորվի: Ձեզ մրցակից կտեսնե՞ք Ծառուկյանին՝ հաշվիառնելով այն, թե որքան մարդ հավաքվեց նրա տան մոտ, կամ Գյումրիում՝ պահանջելով նրա վերադարձը։
 
2015 թվականի փետրվարին քաղաքականությունից անփառունակ հեռացումից հետո, թվում էր, թե Գագիկ Ծառուկյանի վերադարձը պետք է որ անհնարին լիներ: Ու Ծառուկյանի կողմից վերադարձի մասին ակնարկներն ու նրա վերադարձն աղերսող հանրության մասնակցությամբ բեմականացումները վկայում են այն մասին, որ նրա վերադարձի հավանականությունը շատ մեծ է: Հարց է առաջանում, թե ինչու իր համար նման աղետալի զարգացումներից հետո Ծառուկյանը կրկին որոշել է վերադառնալ: Արդյոք դա իշխանության հերթական պատվե՞րն է ընդդիմադիր դաշտի լղոզման ուղղությամբ, աշխարհքաղաքական որևէ կենտրոնի միջամտությու՞ն է, թե՞ Սերժ Սարգսյանի ու իր խնամու կողմից հասցված ուժեղ հարվածից հետո ռեաբիլիտացվելու անձնական ցանկություն:
 
Ծառուկյանի վերադարձի իրական պատճառները պարզելուց հետո հասկանալի կդառնա, թե որքանով նա կլինի մեր նախընտրական օրակարգում և մեր ասելիքի ու անելիքի որ չափաբաժինը նրան ու նրա գլխավորած ուժին կհատկացնենք: 
 
Դաշինքի նպատակը իշխանափոխությո՞ւնն է։ Եթե հավաքեքձայների 5-7 տոկոսը, ի՞նչ եք անելու։ Որո՞նք են դաշինքիառավելագույն և նվազագույն նպատակները։
 
Այ պահին դաշինքն իր առջև նման խնդիրներ չի դրել, նման քննարկումներ չեն եղել, փոխարենը եղել են մեր կուսակցությունների ներկայացուցիչների հայտարարություններ նոր խորհրդարանում առավելագույն ներկայության վերաբերյալ: Ակնհայտ է, որ մեր առջև դրված ցուցանիշների վերաբերյալ կարող ենք խոսել միայն փետրվար ամսին, երբ կապահովենք մարդկային և այլ տիպի ռեսուրսների մոբիլիզացիա: Արդեն այդ ժամանակ ակնհայտ կլինի՝ որ արդյունքը մեզ համար ընդունելի կլինի առաջիկա խորհրդարանական ընտրություններում և ինչ խնդիրներ ենք դրանով լուծելու: Մեր դաշինքի ներուժը և նրանից սպասումները ինձ թույլ են տալիս եզրակացնել, որ շատերի համար ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքում արձանագրվելու են իշխանությունների համար անակնկալ արդյունքներ:

 

Բացի այն, որ մեկ կուսակցություն կդառնաք, հասարակության մեջ այն ընկալվում է իբրև եվրոպականուղղվածության նոր բևեռ ։ Այդպե՞ս է արդյոք։

 

Այդ ընդհանրական ընկալումների մասին հարցերին գերադասում եմ չպատասխանել, քանի որ հստակ չափումներ չկան, թե ինչպիսին է հանրության ընկալումը մեր արտաքին քաղաքական տեսլականի վերաբերյալ: Մի բան կարող եմ ասել, և դաշինքում մեր գործընկերներն էլ են հաստատել, որ ապագա դաշինքի ծրագրում և գործողություններում մենք չենք լինելու արևմտամետ կամ ռուսամետ, միաժամանակ չենք լինելու արևմտատյաց կամ ռուսատյաց:

Մի բան ակնհայտ է՝ հանրության մեծ մասի համար, ցավոք, առաջնահերթությունների շարքում սոցիալական խնդիրներն են, իսկ արտաքին քաղաքականությունը նրանց օրակարգում առաջին տեղերում չէ, ինչը նաև բնական է Հանրապետականի կողմից ստեղծված ներկա սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակի պայմաններում: Երբ մեծ մասը խնդիրներ ունեն վարկերը վճարելու հետ, արտաքին քաղաքականությունը նրանց համար դառնում է երրորդական խնդիր: Մարդիկ շատ կոնկրետ լուծումներ են ուզում տեսնել տնտեսության, կրթության, սոցիալական տարբեր ոլորտներում, իսկ արտաքին քաղաքականության վեկտորները հետաքրքիր են քաղաքականապես ակտիվ մի շարք խմբերի:

 

 

 
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ