ՀՀ-ում երեխան բռնությունից պաշտպանված չէ.ԵՊՑ


ՀՀ-ում երեխան բռնությունից պաշտպանված չէ.ԵՊՑ

  • 15-12-2016 17:58:06   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Երեխաների պաշտպանության ցանցը խորը մտահոգություն է հայտնում ՀՀ-ում ֆիզիկական բռնությունից երեխայի պաշտպանված լինելու իրավունքի իրացման հետ կապված: 
 
Մասնավորապես, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը 06.12.2016թ. վճռել է Ա.Սարգսյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով ու նրան դատապարտել տուգանքի 30.000 /երեսուն հազար/ ՀՀ դրամի չափով: 34-ամյա Ա.Սարգսյանը մեղադրվում էր իր 8-ամյա դստերը ծեծելու համար: Մասնավորապես հայրը ձեռքերով ու ոտքերով հարվածներ է հասցրել աղջնակի դեմքին, ձախ ոտքին, քաշքշել է նրա պարանոցից՝ երեխային պատճառելով վնասվածքներ ու ֆիզիկական ցավ (վճիռն ամբողջությամբ՝ http://www.datalex.am/?app=AppCaseSearch&case_id=1407374883604042): 
 
Դրական գնահատելով այն փաստը, որ երեխայի ծեծի մասին հաղորդման արդյունքում քրեական գործ է հարուցվել և դատարանի կողմից վճիռ է կայացվել, այնուամենայնիվ Երեխաների պաշտպանության ցանցը հայտնում է իր խորը մտահոգությունը իրականացված վճռի՝ որպես դատական պրակտիկա ձևավորվելու և դրա սոցիալական հետևանքների առումով: Մասնավորապես, կայացված վճիռը ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկված երեխայի վերականգնողական ծառայությունների և բռնարարի վարքագծի շտկմանն ուղղված անհրաժեշտ գործողություններ չի նախատեսում, փոխարենը այն խոցելի վիճակում գտնվող ընտանիքի համար սահմանում է ֆինանսական պարտականություններ հօգուտ ՀՀ բյուջեի: Տվյալ գործի շրջանակներում արդյունավետ պատիժ չի կարող համարվել այս գումարի բազմակի անգամ ավել կամ պակաս լինելը, քանի որ վճռի պատժողական բնույթը մեծ ռիսկեր է ստեղծում նույն ընտանիքում ընտանիքի անդամներ նկատմամբ բռնության կրկնության համար: Նմանօրինակ դեպքերում անհրաժեշտ է պարտադիր մասնագիտական վերականգնողական ծառայության տրամադրում ինչպես բռնության ենթարկվածներին, այնպես էլ բռնարարին, ինչը գրագետ ձևով արմատախիլ կանի բռնությունը ընտանիքում:
 
ՀՀ երեխաների պաշտպանության ցանցի կողմից 2016թ.-ին կազմած «Երեխաների պաշտպանության ինդեքս»-ը փաստում է, որ ՀՀ-ն սահմանափակ գործողություններ է իրականացնում երեխաների նկատմամբ բռնությունների դեպքերի կանխարգելման, վաղ հայտնաբերման և հաղորդման վերաբերյալ: 
 
Դեռևս 2010թ.-ին իրականացրած Հայաստանի ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտությունը վկայում է, որ 2-14 տարեկան երեխաների շուրջ 40 տոկոսի նկատմամբ որպես դաստիարակության մեթոդ կիրառվում է ֆիզիկական բռնություն: Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպության կողմից 2015թ.-ին իրականացրած ուսումնասիրությունը փաստում է, որ այդ ցուցանիշը հինգ տարիների ընթացքում գրեթե չի փոխվել: 
Հայաստանը, Երեխայի իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների համաձայն, պետք է առաջարկի երեխաների դեմ բռնության կանխարգելման մեխանիզմներ և վերականգնողական ծառայություններ, մինչդեռ ՀՀ-ում քիչ թվով ծառայություններ կան, որոնք արձագանքում են ընտանեկան և այլ տեսակի բռնությունների ենթարկված երեխաների խնդիրներին:
 
Ելնելով վերոգրյալից, Երեխաների պաշտպանության ցանցը կարևորում է օր առաջ «Ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին» օրենքի ընդունումը և բռնությունից երեխաների պաշտպանության գործուն մեխանիզմների ներդրումը:
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն