Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունները չասեմ վտանգավոր, բայց մտահոգիչ են. Փորձագետ


Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունները չասեմ վտանգավոր, բայց մտահոգիչ են. Փորձագետ

  • 20-12-2016 17:39:35   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը

 

Ինչպե՞ս եք գնահատում ՀԱԿ համագումարում Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը, մասնավորապես ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված հատվածը, որը համացանցում մեծ քննադատության է արժանացել։

 

Նախ կարող ենք ասել, որ Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջ մտածելակերպն ու էությունը հիմնված է 1997 թվականին իր ունեցած ելույթի վրա։ Այսինքն՝ տերպետրոսյանիզմը հիմնված է զիջման գաղափարի վրա։ Որքան էլ փոխվել է իրավիճակը 1997-ից ի վեր, դա որևէ ազդեցություն չի ունեցել իր մտածելակերպի վրա։ Լևոն Տեր-Պետրոսյանը կցանկանար լուծել Ղարաբաղի հարցը նախքան Ռուսաստանի հզորացումը, որովհետև ըստ իրեն, որքան շուտ կարողանան լուծել Ղարաբաղի հարցը՝ օգտվելով Ռուսաստանի տկարությունից, այնքան լավ է Հայաստանի ինքնիշխանության և անկախության համար։ Սա է իր գլխավոր դրույթը։ Դա կարելի կլիներ հասկանալ, չեմ ասում համաձայնել, այն ժամանակ, երբ Ռուսաստանը տկար էր, բայց այսօր ասել այն, ինչ Տեր-Պետրոսյանն ասել է 1997 թվականից ի վեր, նկատի ունենալով, որ Ռուսաստանն այսօր ավելի հզոր է, նաև քառօրյա պատերազմը, որ տեղի ունեցավ ապրիլին, շատ զարմանալի է։

 

Զարմանալի է, որ ՀՀ առաջին նախագահը նման բան է հայտարարում։ Մանավանդ որ նույն ելույթում Տեր-Պետրոսյանը հայտարարեց, որ եթե նոր պատերազմ լինի, Ադրբեջանն ավելի մեծ պարտություն կունենա։ Ես ուղղակի ուզում եմ ասել՝ ինչպես կարելի է բացատրել հետևյալ հակասությունը, որ մի կողմից դիվանագիտական առումով Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես նաև այսօրվա իշխանությունները զիջողական կեցվածք ունեն, մյուս կողմից հայտարարել, որ եթե պատերազմ լինի, հայերը կհաղթեն, ադրբեջանցիներն ավելի մեծ կորուստներ կունենան։ Ինչպե՞ս կարելի է այդ հակասությունը բացատրել հասարակությանը, որ մի կողմից ասվում է, որ հզոր բանակ ունենք, այնքան հզոր, որ եթե պատերազմ լինի՝ նոր հաջողություններ կունենանք, ինչու դրա հետ մեկտեղ դիվանագիտական հողի վրա միշտ զիջողական կեցվածք ունի Տեր-Պետրոսյանը։

 

Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել է, որ Ղարաբաղի խնդրի լուծման բանալին գտնվում է Մոսկվայում։ Նման հայտարարությունն իր մեջ վտանգ չի՞ պարունակում։

 

Վաղուց գիտենք, որ Մոսկվան հատուկ դերակատարություն ունի Ղարաբաղի խնդրի մեջ: Նորություն չէ: Եվ սպասենք Թրամփի դիվանագիտական քայլերին Հարավային Կովկասում, տեսնենք՝ Միացյալ Նահանգները պիտի շարունակի՞ ակտիվ լինել, թե պիտի թողնեն շրջանը Ռուսաստանին: Առաջին տարբերակը կհուսամ, բայց սպասենք իրականությանը:

 

Հետո առիթից օգտվելով կուզեմ մեկ բան ավելացնել: Ես ուզում եմ ասել, որ եթե ոչ մի բան չկա Ադրբեջանի կողմից, ոչ մի հայտարարություն, ոչ մի կոնկրետ քայլ, այդ պայմաններում էդ զիջողական դիվանագիտությունն ու կեցվածքը վտանգավոր են։ Նախ պետք է ունենալ Ադրբեջանի կողմից հստակ հայտարարություններ, դիրքորոշումներ ինքնորոշման իրավունքի, նաև Արցախի անկախության մասին, որից հետո միայն կարելի է քննարկել զիջումների հարցը։ Բայց քանի դեռ չկան նման հայտարարություններ Ադրբեջանի կողմից, Տեր-Պետրոսյանի արած հայտարարությունները չասեմ վտանգավոր, բայց մտահոգիչ են։

 

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից «ազգ-բանակ» հայեցակարգի խիստ քննադատությունը։

 

Ես չէ, որ պետ է գնահատեմ դա, թող ՀՀ իշխանությունները, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը պատասխանի Լևոն Տեր-Պետրոսյանին։ Բայց նաև չպետք է մոռանալ, որ պատերազմի ժամանակ մեր գերագույն գլխավոր հրամանատարը Տեր-Պետրոսյանն էր։ Նույնիսկ եթե հաշվի առնենք, որ Վազգեն Սարգսյանն էր պաշտպանության նախարարը, նա էր գլխավոր անձը, միևնույն է, երկրի գերագույն գլխավոր հրամանատարը Լևոն Տեր-Պետրոսյանն էր։ Այդ տեսանկյունից ես չգիտեմ՝ արդյոք տեղի՞ն էր նման բան հայտարարել, թե ոչ։ Նորից վերադառնանք իմ նշած հակասությանը. Ինչպես կարելի է ռազմաքաղաքական հողի վրա հզոր հայտարարություններ անել, իսկ դիվանագիտական ոլորտում զիջողական կեցվածք ունենալ։ Դա ինձ համար անբացատրելի է։ Դա նաև գործող իշխանությունների կեցվածքն է։ Հայաստանի իշխանությունների այսօրվա դիվանագիտությունը դեպի զիջում է գնում, որովհետև իշխանությունը պատրաստ է ազատագրված շրջանները զիջել, որի մասին տեղյակ են միջազգային միջնորդներն ու Ադրբեջանը։ Ու հիմա Տեր-Պետրոսյանն ու իշխանությունները թող բացատրեն այդ տրամաբանությունը։ Չմոռանանք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյանը մինչև 1998 թվականը միասին են աշխատել։

 

ԼՂ խնդրի կարգավորման առումով Դուք տարբերություն տեսա՞ք Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի դիրքորոշումների միջև։ Կա կարծիք, որ Սերժ Սարգսյանը նույնիսկ ողջունում է Տեր-Պետրոսյանի այդ ելույթը։ Հնարավո՞ր է, որ երկուսն էլ խնդրի կարգավորման նույն բանալին ունեն, պարզապես Տեր-Պետրոսյանը համարձակվել է այն բարձրաձայնել։

 

Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթը շատ օգնում է այսօրվա իշխանություններին, որպեսզի իշխանությունները հասարակությանը ցույց տան, թե տեսեք ամենածայրահեղ զիջողական կեցվածք ունեցողը մենք չենք, այլ ՀԱԿ-ը, Տեր-Պետրոսյանը։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ն ուզում են հավասարակշռություն պահել  չափավորականների և արմատականի թևերի միջև և մեջտեղում մնալ։ Ցույց տալ հասարակությանը, Ադրբեջանին, Մոսկվային, որ տեսեք մենք Լևոն Տեր-Պետրոսյանի գաղափարին չենք, բայց զիջողական սկզբունքը ընդունում ենք։ Բայց հետաքրքիր է այն, որ Ադրբեջանը որևէ կերպ չի արձագանքում դրան։ Ադրբեջանն իրականում որդեգրել է կոշտ դիրքորոշում թե դիվանագիտական, թե ռազմաքաղաքական առումներով։ Ես չեմ ասում, որ պետք է պատերազմի գնալ Ադրբեջանի դեմ, բայց եթե ուզում ենք ունենալ հզոր դիվանագիտություն, հզոր բանակ, նշանակում է պետք է զորավոր կեցվածք, զորավոր ուղղություն ունենալ։ Այդ զորավոր դիսկուրսը, զորավոր ելույթը նշանակում է, որ ուղղություն պետք է տալ ժողովրդին։ Մենք պետք է ցույց տանք, որ տրամաբանական մոտեցում ունենք այդ հարցում։

 

Իսկ ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, երբ մի կողմից նոր դաշինքներ են ձևավորվում, մյուս կողմից քաղաքական ուժերը Տեր-Պետրոսյանի այս ելույթից հետո բավական կոշտ դիրքորոշում են հայտնում, ինչը նվազեցնում է ՀԱԿ-ի հետ դաշինք կազմելու հնարավորությունը։ Արդյոք այդ ելույթն ուղղված չէր նաև ՀԱԿ-ի վարկանիշի նվազմանը։

 

Իսկապես, այդպիսի ելույթ ունենալով՝ Լևոն Տեր-Պետրոսյանը կարծես քանդում է այլ ուժերի հետ կոալիցիա կազմելու գաղափարը։ Ես ուզում եմ նաև իմանալ, արդյոք Կոնգրեսի ղեկավարությունը տեղյակ եղե՞լ է Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթի բովանդակության մասին, թե ոչ, համաձայն եղե՞լ է, թե ոչ։ Եթե այդ հարցի պատասխանն ունենանք, դրանից հետո կիմանանք նրանց մարտավարությունն ընտրությունների վերաբերյալ, որովհետև այդպիսի ելույթ ունենալով, սեփական ոտքիդ մեջ փամփուշտ ես արձակում։ Սա՞ է Տեր-Պետրոսյանի նպատակն ու կամքը։ Ո՞վ կհամաձայնի համագործակցել Կոնգրեսի հետ, որի ղեկավարությունը համաձայն է Տեր-Պետրոսյանի ելույթի հետ։ Այդ հարցը պետք է ուղղել ՀԱԿ-ի ղեկավարությանը։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ