Վրաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները ընթացիկ տարվա ավարտին


Վրաստանի արտաքին քաղաքական հարաբերությունները ընթացիկ տարվա ավարտին

  • 22-12-2016 17:27:52   | Վրաստան  |  Վերլուծություն

Ընթացիկ տարվա ավարտը բավական արդյունավետ և ակտիվ էր Վրաստանի արտաքին քաղաքական հարաբերությունների առումով։ Հոկտեմբեր-նոյեմբերին ընտրական կարճատև ընդմիջումից հետո՝ կապված խորհրդարանական ընտրությունների և երկրի նոր կառավարության ձևավորման հետ, դեկտեմբերի սկզբից արդեն պաշտոնական Թբիլիսին վերադարձավ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների իրագործմանը։ Կանգ առնենք Վրաստանի ղեկավարության՝ նախագահի, վարչապետի և ԱԳՆ ղեկավարի արտաքին քաղաքական ակտիվության վրա։
 
Նոյեմբերի 25-26-ին Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին աշխատանքային այցով մեկնել է Թուրքմենստան, որտեղ մասնակցել է Կայուն տրանսպորտային համակարգի վերաբերյալ առաջին գլոբալ կոնֆերանսին, որը տեղի էր ունենում ՄԱԿ հովանու ներքո։ Աշգաբադ այցելության ընթացքում Վրաստանի նախագահը, բացի կոնֆերանսում ելույթ ունենալուց, նաև հանդիպումներ է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունի, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի և Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանիի հետ։ Աֆղան պաշտոնակցի հետ հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են երկու երկրների քաղաքական, տնտեսական (տրանսպորտային), մշակութային համագործակցության հարցեր։ Աֆղանստանի նախագահը Գեորգի Մարգվելաշվիլուն հրավիրել է այցելել իր երկիր։
 
Արդեն դեկտեմբերի սկզբին (դեկտեմբերի 7-8) Վրաստանի նախագահ Գ.Մարգվելաշվիլին աշխատանքային այցով մեկնել էր Ֆրանսիա, որտեղ մասնակցել է «Բաց կառավարման գործընկերության» (OGP) չորրորդ գլոբալ գագաթաժողովի (որին մասնակցում էր 3000 ներկայացուցիչ աշխարհի 70 երկրից) աշխատանքին։ Գ.Մարգվելաշվիլին, լինելով մի երկրի նախագահը, որը 2017-ից դառնալու է OGP նախագահող երկիրը, ելույթ ունեցավ գիտաժողովում։ Նա մի շարք երկկողմ հանդիպումներ ունեցավ, այդ թվում նաև Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատի նախագահ Կլոդ Բարթոլոնեի հետ։
 
Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին այցելեց Հայաստան (նոյեմբերի 4), որտեղ հանդիպեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ և մասնակցեց «Բագրատաշեն» արդիականացված անցակետի բացման արարողությանը։ Կողմերը ծանոթացան հայ-վրացական «Բարեկամության կամրջի» կառուցման նախապատրաստական աշխատանքներին, որի մասին համապատասխան պայմանագիրը ձևակերպվել էր 2014թ. դեկտեմբերին, իսկ իրականացումը նախատեսվում է 2017-18թթ.։ Բանակցությունների ընթացքում կողմերը դիտարկեցին առևտրի, տրանսպորտի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության խորացման հարցեր։
 
Վրաստանի կառավարության նոր կազմի հաստատումից հետո առաջին կարևոր այցը Վրաստանի վարչապետի և վրացական պատվիրակության եռօրյա այցելությունն էր Բրյուսել (30 նոյեմբերի – 1 դեկտեմբերի)։ Այցի ընթացքում վրացական կառավարության ղեկավարը հանդիպումներ է ունեցել ԵՄ ղեկավարության (Եվրախորհրդարանաի նախագահ Մարտին Շուլցի և փոխնախագահներ Մանֆրեդ Վեբերի ու Ջանի Պիտելայի, ԵՄ Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Յոհանես Խանի, միգրացիայի, ներքին գործերի և քաղաքացիության հարցերով եվրահանձնակատար Դիմիտրիս Ավրամոպուլոսի, կլիմայի և էներգառեսուրսների հարցերով եվրահանձնակատար Միգել Արիաս Կանյետեի, առևտրի հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմսթրեմի, ինչպես նաև Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների կոմիտեի նախագահ Էլմար Բրոքի) հետ։
 
Բանակցությունների հիմնական թեման եվրոպական ինտեգրման հարցերն են եղել, ժողովրդավարական բարեփոխումները, ինչպես նաև պաշտոնական Թբիլիսիի ակնկալիքը, որ Բրյուսելը կմտցնի անվիզա ռեժիմ Վրաստանի քաղաքացիների համար ԵՄ և Շենգենյան գոտու երկրներում։ Դեկտեմբերի 2-ին տեղի ունեցավ Վրաստանի և ԵՄ Ասոցիացման խորհրդի հերթական՝ երրորդ նիստը, որտեղ քննարկվեց Վրաստանի և ԵՄ-ի միջև ասոցիացման համաձայնագրի իրագործման հարցը, ինչպես նաև այն առաջընթացը, որը ձեռք է բերվել Ազատ առևտրի համապարփակ գոտու մասին համաձայնագրի իրագործման արդյունքում, և որը լիովին ուժի մեջ է մտել 2016թ. հուլիսից։ Նիստի նախագահողներն էին ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին։ Վերջինս այցելեց նաև Հյուսիսատլանտյան դաշինքի կենտրոնատեղի, որտեղ հանդիպեց ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգի հետ։
 
Վրաստանի ԱԳՆ ղեկավար Միխայիլ Ջանելիձեն դեկտեմբերի 6-7-ին այցելեց Բրյուսել, որտեղ ՆԱՏՕ արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը մասնակցեց Աֆղանստանում ամուր աջակցության առաքելության (Resolute Support Mission) մասնակից երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների նիստին։ Ջանելիձեն երկկողմ հանդիպումներ ունեցավ իր գործընկեր նախարարների (Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի, Լիտվայի, Իսպանիայի, Հունաստանի, Շվեդիայի և Էստոնիայի արտգործնախարարների) և ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի նոր տեղակալ Ռոուզ Գոթեմյուլերի հետ։
 
Արդեն հաջորդ օրը (դեկտեմբերի 8-9) Վրաստանի արտգործնախարար Մ.Ջանելիձեն մասնակցեց ԵԱՀԿ ԱԳՆ նախարարների 23-րդ նստաշրջանին, որն անցկացվում էր գերմանական Համբուրգում։ Նա ելույթ ունեցավ լիագումար նիստում, հանդիպումներ ունեցավ Ժնևյան միջազգային բանավեճերի համանախագահների և ԵԱՀԿ ինստիտուտների ղեկավարների հետ։ ՎՈւԱՄ-ում նախագահության նախօրեին (2017թ.), Համբուրգ այցելության ընթացքում, տեղի ունեցան վրացական պատվիրակության հանդիպումները ՎՈւԱՄ ձևաչափով։
 
Նոյեմբերի 6-7-ին պաշտոնական այցով Թբիլիսի ժամանեց Իտալիայի արտգործնախարար Պաոլո Ջենտիլոնին։ Դիվանագետը հանդիպումներ ունեցավ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու և իր վրաց պաշտոնակից Միխայիլ Ջանելիձեի հետ։ Հանդիպումների ժամանակ քննարկվել են երկկողմ և բազմակողմ համագործակցության խորացման հարցեր, Իտալիան աջակցություն է հայտնել Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև երկրի՝ ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին ինտեգրվելու ձգտումներին։ Հայտարարվել է, որ վրացական կառավարության ղեկավարը 2017թ. հունվարին կայցելի Իտալիա։
 
Ավելի ուշ՝ նոյեմբերի 24-ին, Թբիլիսի այցելեց Մեծ Բրիտանիայի՝ Եվրոպայի և Ամերիկայի հարցերով արտաքին գործերի և համագործակցության նախարարության պետնախարար Ալան Դունկանը, որը հանդիպեց Վրաստանի նախագահի, վարչապետի և արտգործնախարարի հետ։ Բրիտանացի պաշտոնյան բաց արեց նաև «Ուորդրոփյան երկխոսության» շրջանակներում տեղի ունեցող լիագումար նստաշրջանը, որը հիմնվել է 2014թ.՝ Վրաստանի և Մեծ Բրիտանիայի միջև համագործակցության հարցերի ավելի լայն շրջանակի քննարկման նպատակով։ Այդ հարցերի թվում են՝ համագործակցությունը քաղաքականության, անվտանգության և պաշտպանության ոլորտներում, տնտեսական և առևտրային թեմատիկան և մշակույթի, կրթության ու ժողովուրդների միջև հարաբերությունների հարցերը։
 
Դեկտեմբերի 8-ին աշխատանքային այցով Թբիլիսի ժամանեց Ադրբեջանական Հանրապետության մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆաս Գարաևը, որը մասնակցեց «Մշակույթը և ստեղծագործությունը ինովացիայի և զարգացման համար» միջազգային համաժողովին (կազմակերպվել էր Եվրամիության և Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանման նախարարության կողմից)։ Ադրբեջանցի նախարարին ընդունել է նաև Վրաստանի վարչապետը։ Հանդիպման արդյունքներով նշվել է, որ կողմերը քննարկել են ռազմավարական գործընկերության և դինամիկ կեպով զարգացող մշակութային հարաբերությունների հարցեր։
 
Պատրիարքական դիվանագիտություն. Վրաստանի արտաքին քաղաքական գործունեությանն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Վրաց Ուղղափառ եկեղեցու պատրիարք-կաթողիկոսը։ Նոյեմբերի սկզբին հայտարարվեց, որ ՎՈւԵ հովվապետը՝ պատրիարք Իլյա Երկրորդը, նոյեմբերի 18-25-ին այցելելու է Մոսկվա ՌՈւԵ հրավերով՝ մասնակցելու Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարք Կիրիլի 70-ամյակի հանդիսավոր միջոցառումներին։
 
Չնայած միջպետական հարաբերությունների ողջ բարդությանն ու Վրաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը՝ 2008թ. օգոստոսի կոնֆլիկտից հետո, երկու երկրների եկեղեցիների շփումները ոչ միայն շարունակվում են, այլև ամրապնդվում։ Ռուս Ուղղափառ եկեղեցին ցայժմ ընդունում է ՎՈւԵ կանոնիկ տարածքը, որի մեջ մտնում են նաև Աբխազիան ու Հարավային Օսիան, ինչը չի կարող չազդել ՎՈւԵ բարեհաճության և ՌՈւԵ-ի հետ համագործակցության պատրաստակամության վրա։
 
Այսպիսով, արդեն Մոսկվա կատարած այցի ընթացքում, հանդիպելով պատրիարք Կիրիլի հետ պատրիարքական նստավայրում, ՎՈւԵ հովվապետը հետաքրքիր հայտարարություն արեց այն մասին, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև փոխհարաբերությունների կարգավորումը «խիստ կարևոր է», քանի որ այդ երկրները «մեկը մյուսի կարիքն ունեն»։ Իլյա Երկրորդը վրաց ժողովրդի անունից շնորհավորեց ՌՈւԵ հոգևոր առաջնորդին հոբելյանի առիթով և նշեց, որ Վրաստանը պետք է լինի Արևելքի և Արևմուտքի խաղաղ համագործակցության, բարիդրացիության վայրը, իսկ դիմակայությունը տեղ չպետք է ունենա, որովհետև այն կարող է վերաճել գլոբալ կոնֆլիկտի։ Համայն Ռուսիո և Մոսկվայի պատրիարքն իր հերթին ՎՈւԵ-ի հետ հարաբերություններն անվանեց «կապ սրտերի մակարդակով», առանց որի չի կարող բարի կապ լինել ժողովուրդների միջև։
 
Վերադառնալուց առաջ՝ նոյեմբերի 23-ին, Գիորգոբի (Սբ Գևորգ) տոնին Մոսկվայի վրացական եկեղեցում Համայն Վրաց պատրիարք-կաթողիկոսը հանդիսավոր պատարագ մատուցեց, որից հետո հանդիպեց Մոսկվայի վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ։
 
ՎՈւԵ-ն բաց չթողեց նաև իրեն և իր դիվանագիտությունը ցուցադրելու հնարավորությունը Վրաստանի հիմնական արտաքին քաղաքական վեկտորի՝ եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման մասով։ Մինչ մոսկովյան այցելությունը, նոյեմբերի 7-11-ին, Բրյուսել ուղևորվեց Վրաստանի Սուրբ սինոդի և պատրիարքության առաջին պաշտոնական պատվիրակությունը։ Այցի ընթացքում բարձրաստիճան հոգևորականներն այցելեցին ՆԱՏՕ և Եվրամիության կենտրոնատեղի, ինչպես նաև եղան Եվրախորհրդարանում։ Նախագծին աջակցություն ցուցաբերեցին նաև Զարգացման և դեմոկրատիայի կենտրոնը, Հյուսիսատլանտյան դաշինքը, ՆԱՏՕ և ԵՄ Տեղեկատվական կենտրոնը Վրաստանում, ինչպես նաև եվրոպական և եվրատլանտյան ինտեգրման հարցերով պետնախարարի ապարատը՝ Վրաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան ֆինանսական աջակցությամբ։
 
Պաշտոնական հանդիպումների ընթացքում վրացական հոգևորականների պատվիրակության անդամները հանդիպումներ ունեցան ՆԱՏՕ գլխավոր քարտուղարի՝ Անդրկովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների գծով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի, ԵՄ Արտաքին ծառայության՝ ԶԼՄ ոլորտում արագ արձագանքման խմբի ղեկավար Ժիլ Փորթմանի, Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գլխավոր տնօրեն Թոմաս Մայեր Հարթինգի, ինչպես նաև հումանիտար օգնության և ճգնաժամերի կառավարման գծով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսի հետ։ Նշվեց, որ այդ հանդիպումների ընթացքում «քննարկվել է եվրոպական ինտեգրման և Եվրամիության ու Վրաստանի ընդհանուր արժեքների կարևորությունը»։
 
Այցելության արդյունքներով վրացական պատվիրակության ներկայացուցիչները նշել են, որ «ՆԱՏՕ-ն և ԵՄ-ը ճիշտ պատկերացում չեն ունեցել ՎՈւԵ-ի մասին, ինչպես և ՎՈւԵ-ն՝ մի շարք հարցերի շուրջ նրանց քաղաքականության վերաբերյալ», ավելացնելով, որ վրաց պատրիարքը մեծ նշանակություն է տալիս այս այցին, և ուրախություն են հայտնել ՆԱՏՕ կենտրոնատեղիում ջերմ ընդունելության առիթով՝ նշելով, որ մանրամասն տեղեկություն են ստացել Հյուսիսատլանտյան դաշինքի հետ Վրաստանի հարաբերությունների մասին։ Վրաց հոգևորականների պատվիրակությունը Բրյուսելում հանդիպել է նաև վրացական սփյուռքի ներկայացուցիչների հետ։
 
Վրաստան-ԱՄՆ. Հանրապետական Դոնալդ Թրամփի ընտրությունը ԱՄՆ նախագահի պաշտոնում չէր կարող աննկատ մնալ Թբիլիսիում. այն տարբեր գնահատականներ և մեկնաբանություններ է ստացել։ Պաշտոնական Թբիլիսիի մտահոգությունը հասկանալի է, քանի որ ԱՄՆ-ը, համաձայն Վրաստանի Ազգային անվտանգության հայեցակարգի (2011թ. խմբագրություն), կարևոր ռազմավարական գործընկեր է, որի հետ դիվանագիտական հարաբերություններն արդեն քառորդ դարի պատմություն ունեն։
 
Այսօրվա դրությամբ, Վրաստանի և ԱՄՆ-ի 2009թ. Ռազմավարական գործընկերության խարտիային զուգահեռ, որը կարգավորում է պաշտոնական Վաշինգտոնի և Թբիլիսիի փոխհարաբերությունների բոլոր ոլորտները, 2016թ. հուլիսի 6-ից գոյություն ունի նաև «Պաշտպանության և անվտանգության ոլորտում ԱՄՆ-ի հետ Վրաստանի գործընկերության խորացման մասին հուշագիրը»՝ ստորագրված ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի Վրաստան կատարած այցելության ընթացքում։ Իրավական այս բազան ունենալով՝ երկրի իշխանություններին անհրաժեշտ էր այնպիսի թեկնածուի հաղթանակը, ով ոչ միայն երես չէր թեքի տարածաշրջանից, այլև կուժեղացներ իր ներկայությունը Հարավային Կովկասում։ Այդպիսի թեկնածու կարող էր դառնալ Հիլարի Քլինթոնը, բայց հաղթանակ տարավ Թրամփը։
 
Մեկնաբանելով առաջիկա ընտրությունները՝ Վրաստանի վարչապետ Գ.Կվիրիկաշվիլին ասել էր, որ պաշտոնական Վաշինգտոնը Վրաստանի ամենակարևոր ռազմավարական գործընկերն է, և Թբիլիսին «կպաշտպանի ամերիկյան ժողովրդի ընտրությունը»։ Արդեն արդյունքների հրապարակումից հետո Վրաստանի նախագահը հայտարարեց, որ «անհամբերությամբ և մեծ հույսով» սպասում է ԱՄՆ-ի հետ հետագա համագործակցությանը նոր վարչակազմի օրոք, իսկ վարչապետ Կվիրիկաշվիլին մեկ անգամ ևս հաստատեց իր հայտարարությունն առ այն, որ երկրի իշխանությունները պատրաստ են շարունակել համագործակցությունը ԱՄՆ նախագահի նոր աշխատակազմի հետ, քանի որ «ամերիկյան ժողովուրդը քվեարկել է փոփոխությունների օգտին, որոնք կողմնորոշված են Միացյալ Նահանգների ուժեղացմանը»։ Անմասն չմնաց նաև վրաց հոգևոր առաջնորդ Իլյա Երկրորդը, որը ՌՈւԵ ղեկավարից հետո ինքն էլ շնորհավորեց Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի համար։
 
Վրացիների մտահոգությունները փարատեց նաև Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելին, որը վստահություն հայտնեց, որ ընտրություններից հետո աջակցությունը Վրաստանին Վաշինգտոնի կողմից կշարունակվի։
 
Դեկտեմբերին մտահոգությունը թուլացավ, իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարի տեղակալի Վրաստան կատարած այցի ընթացքում Մայքլ Քարփենտերը և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան շրջանակային պայմանագիր կնքեցին 2016-2019թթ. անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ, որը պետք է օժանդակի Վրաստանի պաշտպանության հետագա զարգացմանը և որն ամեն տարի կվերանայվի ու կթարմացվի։ Այսպիսով, պայմանագիրը դարձավ «Վրաստանի և ԱՄՆ-ի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացման մասին հուշագրի» շարունակությունը՝ ստորագրված 2016թ. հուլիսին Թբիլիսիում։ Վրացական կողմի տեղեկատվության համաձայն՝ փաստաթուղթը հետապնդում է հետևյալ նպատակները. բարելավել Վրաստանի Զինված ուժերի պաշտպանական հնարավորությունները, ձևավորել Վրաստանի պաշտպանության արդյունավետ և կայուն համակարգեր, ամրացնել ՆԱՏՕ-ի հետ Վրաստանի ԶՈւ համատեղելիությունը, ապահովել պրոֆեսիոնալ և արդյունավետ ռազմական կառավարում։
 
Դեկտեմբերի 7-ին պաշտպանության նախարար Լ.Իզորիայի, Գլխավոր շտաբի պետ Վ.Չաչիբիայի և Վրաստանում ԱՄՆ դեսպան Յան Քելիի ներկայությամբ ավարտվեցին հատուկ գործողությունների ուժերի վրաց-ամերիկյան երկամսյա դաշտային և տեսական դասընթացները, որոնք անցկացվում էին ամերիկյան հրահանգիչների կողմից։ Ինչպես արդեն նշվել էր 20016-2019թթ. անվտանգության ոլորտում համագործակցության մասին պայմանագրում, Վրաստանի հատուկ գործողությունների ուժերի հնարավորությունների մեծացումը դառնալու է վրաց-ամերիկյան համագործակցության հիմնական ուղղություններից մեկն առաջիկա երեք տարիներին։
 
Վրաստան-ԵՄ. Չնայած հոկտեմբերի 5-ին Եվրամիության անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեն ԵՄ Խորհրդի անունից պաշտպանել էր կարճաժամկետ անվիզա ռեժիմ մտցնելու որոշումը Վրաստանի քաղաքացիների համար, այդ գործընթացում առաջընթաց չի գրանցվել։ Հոկտեմբերի 27-ին Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն (LIBE) կոչ արեց ԵՄ Խորհրդին՝ հանձին նախագահող երկիր Սլովակիայի, «որքան հնարավոր է արագ, նոյեմբերի սկզբին» սկսել եռակողմ բանակցությունները՝ Վրաստանի համար վիզային ազատականացում մտցնելու նպատակով, «առանց հետագա ձգձգումների»։ Տեքստում դժգոհություն էր հայտնվել նաև ԵՄ Խորհրդի որոշման հետ կապված, որի համաձայն՝ եռակողմ բանակցությունները չպետք է սկսվեին մինչև այն պահը, քանի դեռ ձեռք չի բերվել համաձայնություն Եվրախորհրդարանի հետ այսպես կոչված անվիզա ռեժիմը դադարեցնելու մեխանիզմներ մտցնելու մասին։
 
Բրյուսելի անվճռականությունը տեսնելով, ինչպես նաև հիմնվելով Եվրախորհրդարանի տեղեկատվության վրա, որը տարածվել էր նոյեմբերի վերջին առ այն, որ անվիզա ռեժիմի գործարկումը Վրաստանի և Ուկրաինայի համար հետաձգվելու է մինչև 2017թ. հունվարի 17-ը, Վրաստանի ԱԳՆ ղեկավար Մ.Ջանելիձեն հայտարարել է, որ եթե Եվրամիությունն այսուհետ ևս ձգձգի Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման գործընթացը, «դա կարող է եվրաթերահավատություն առաջացնել երկրի բնակչության շրջանում»։ Ըստ նրա՝ բազմամյա բարեփոխումներից և առաջընթացից հետո երկրում այդ առիթով «բարձր են սպասելիքները»։
 
Արձագանքելով պաշտոնական Թբիլիսիի մտահոգությանը՝ Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Վրաստանի վարչապետի հետ հանդիպումից հետո, դեկտեմբերի սկզբին, հայտարարել է, որ Վրաստանն արժանի է, որ ԵՄ-ը ժամանակին որոշի վիզաների չեղարկման հարցը, քանի որ երկիրը կատարել է բոլոր պարտավորությունները։ Նա նաև «բարձր է գնահատել» բարեփոխումների ծրագիրը, որոնք իրականացվում են Վրաստանի և ԵՄ ասոցիացման համաձայնագրի շրջանակում։
 
Այնուամենայնիվ, մի քանի օր անց՝ դեկտեմբերի 8-ին, Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության և ներքին գործերի կոմիտեն 37 ձայնով պաշտպանեց երրորդ երկրների համար անվիզա ռեժիմի արագ դադարեցման այսպես կոչված մեխանիզմի ընդունումը, որի շուրջ դեկտեմբերի 7-ին պայմանավորվածություն էին ձեռք բերել Եվրախորհրդարանը, Եմ Խորհուրդը և Եվրահանձնաժողովը ԵՄ անդամ երկրների մշտական ներկայացուցիչների կոմիտեի (COPERER) շրջանակներում։ Այսպիսով, նշված փաստաթուղթը, որը դրվեց Եվրախորհրդարանի քվեարկությանը, բացեց Վրաստանին և Ուկրաինային անվիզա ռեժիմ շնորհելու հարցի լուծման ճանապարհը։
 
Այս հարցի վերաբերյալ մեկնաբանություններում «Ազատություն» ռադիոյի բրյուսելցի թղթակից Ռիկարդ Յոզվյակը նշել է, որ Վրաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմի ազատականացման հարցը նախատեսված է քննարկել դեկտեմբերի 14-ին, ինչը վկայում է այն մասին, որ Թբիլիսին կարող է ԵՄ-ի հետ անվիզա ռեժիմ ստանալ Ուկրաինայից առաջ։ Հարցի վերջնական լուծման համար պետք է նաև քվեարկություն տեղի ունենա Եվրախորհրդարանում։ Այսպիսով, սպասվում է, որ գործընթացի ավարտին Վրաստանի քաղաքացիները հնարավորություն կստանան կարճաժամկետ այցելություններ կատարել Շենգենյան գոտու տարածքում (ընդգրկում է ԵՄ 22 անդամ երկիր, 4 երկիր, որոնք ԵՄ անդամ չեն և 4 երկիր, որոնք հավակնում են մտնել Շենգենյան գոտի), մինչև 90 օր՝ 180 օրվա ընթացքում։
 
 
Ջոնի Մելիքյան 
«Նորավանք» ԳԿՀ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի փորձագետ, ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող
 
 
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Վերլուծություն