ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան


ԱՄՈՒԼՍԱՐ՝ ՀՐԱՇՔՆԵՐԻ ԴԱՇՏ․ դոկտոր Արմեն Սաղաթելյան

  • 30-12-2016 13:44:49   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Ձեզ ուշադրության ենք ներկայացնում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, երկրաբանա-հանքաբանական գիտությունների դոկտոր՝ Արմեն Սաղաթելայանի հարցազրույցի հայերեն թարգմանությունը, որը հրապարակվել է  Голос Армении ռուսալեզու օրաթերթում։ 
 
Պարոն Սաղաթելյան, ներկայումս ՀՀ բնապահպանության նախարարին առընթեր Հանրային Խորհրդի անդամները հասարակական կազմակերպությունների կողմից հրապարակած հիմնավորումների վրա փորձեր են նախաձեռնում ձևավորել «Գեոթիմ» ՓԲԸ (ներկայումս՝ «Լիդիան Արմենիա») Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների լեռնահանքային համալիրի փոփոխված նախագծի Էկոլոգիական փորձաքննության եզրակացության վերանայման աշխատանքային խումբ: Մեզ հայտնի է, որ Դուք անմիջականորեն մասնակցում էիք նշված հանքավայրի հեռանկարների գնահատման աշխատանքներին դեռևս 1980-ականների վերջին: Ի՞նչ բացահայտեցիք այդ ժամանակ:
 
ՀՍՍՀ Երկրաբանության վարչությունը տարբեր ժամանակահատվածներում հետազոտություններ է իրականացրել տվյալ տեղանքում: Այստեղ իրականացվել է երկրաբանական քարտեզագրում, երկրաֆիզիկական և երկրաքիմիական հանույթ, իսկ 1987-88 թթ-ին՝ երկրաբանա-որոնողական աշխատանքներ: Ես, որպես փորձագետ, 1988-ին մասնակցել եմ հանքայնացման հեռանկարների գնահատմանը և տվել եմ եզրակացություն, որ հանքային մարմիններն ու գոտիները բնութագրվում են էրոզիոն կտրվածքի միջին մակարդակով, այսինքն՝ հեռանկարներն ըստ խորության սահմանափակ են: Հարկ է նշել, որ սովետական ժամանակաշրջանում երկրաբանահետախուզական կազմակերպությունների գործելակերպում կար հեռանկարների գնահատականի չափազանցման միտում՝ հետագա տարիներին ֆինանսվորում ստանալու նպատակով: Եվ եթե որևէ օբյեկտ խոտանվում էր, ուրեմն կառչել ինչ-որ բանից գործնականում անհնար էր:
 
Հնարավո՞ր է այդ ժամանակ սխալվել եք, չէ որ հետագայում ի հայտ եկան երկրաբանահետախուզական աշխատանքների նոր, ավելի կատարելագործված մեթոդներ:
 
Չե՛մ կարծում, ուղղակի տարիներ անց հանքային դաշտը վերածվեց «հրաշքների դաշտի», և Ամուլսարն ըստ ոսկու պաշարների դարձավ Հայաստանի երկրորդ խոշոր հանքավայր՝ Սոթքից հետո:
 
Այնուհետև հրաշքները շարունակվում են, և ընկերության կողմից ՀՀ Բնապահպանության նախարարություն ներկայացված «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում»-ը (ՇՄԱԳ) ստացավ դրական փորձագիտական գնահատական:  Ընդ  որում  ներկայացված  փասթաթղթում  կա  ամեն  ինչ,  ներառյալ «լանդշաֆտի էսթեթիկական տեսքի խախտում», բայց բացակայում է կարևորագույնը՝ իրական ռիսկերի վերլուծությունը, որոնք, ինչպես հայտնի է, լինում են կառավարելի ու անկառավարելի: Օրինակ. ներկայացված փասթաթղթերում բառ անգամ չկա թթվային դրենաժի մասին, այնինչ դա նախագծի լրջագույն անկառավարելի ռիսկերից է: Բանն այն է, որ հանքավայրի ապարների բարձր ճեղքավորվածության պայմաններում, մակերևութային ջրերը անխուսափելիորեն կթափանցեն ապարների հաստվածք՝ իրենց մեջ լուծելով ծծումբը և տոքսիկ տարրերը, հետագայում դրանք բեռնաթափվելու են ձորերում՝ աղտոտելով մակերևութային ջրահոսքերը: Ավելին, չկան տվյալներ այն մասին, թե որքանով կդիմանա թթվաին դրենաժին Արփա-Սևան թունելը, բայց եթե թունելը սկսի քանդվել մենք կկանգնենք դեպի Սևանա լիճ վտանգավոր լուծույթներ տանող կայուն դրենաժային համակարգի առկայության սուր խնդրի առջև:
 
Ընկերության կողմից ներկայացված փասթաթղթերում չկան տվյալներ ապարների սուլֆիդացման աստիճանի, ներթափանցող ջրի ծավալների, ծծմբի լուծահանման մակարդակի մասին և այլն: Խիստ նախնական հաշվարկների համաձայն՝ թթվային դրենաժի ջրերի ծավալը կկազմի 40 հազ խորանարդ մետր: Եվ այս պայմաններում ընկերությունը հանձն չի առել գետերի ու աղբյուրների հիդրոլոգիական ու հիդրոքիմիական մոնիթորինգի իրականացում՝  ըստ ջրաբանական ցիկլերի: Տպավորություն է ստեղծվում, որ դա արվել է, իսկ ավելի ստույգ՝ չի արվել միտումնավոր, որպեսզի հնարավոր չլինի գնահատել այդ առանցքային գործոնի ազդեցությունը, իսկ հարկ եղած դեպքում հնարավոր կլինի հայտարարել, որ ջրահոսքերի թթվայնության ու տոքսիկության մակարդակը նույնն էր հանքավայրի շահագործումից առաջ: Նույնը վերաբերում է էկոտոքսիկոլոգիական ցուցանիշների բացակայությանը: Հանքաքարում պարունակվում են վտանգավորության I ու II դասերի տարրեր (կապար, արսեն և այլն) և տեխնածին ազդեցության տակ բոլոր այդ «քնած» տարրերը դառնում են շարժուն և դոմինանտում են տրանզիտային երկրաքիմիական հոսքում: Այնսինքն այս դեպքում խոսքը գնում է որ միայն թթվեցման վտանգի, այլև բնական միջավայրի թունավորման մասին: Այս ամենի պատկերին, Ամուլսարի ծրագրի իրականացման ընթացքում հնարավոր վնասից երրորդ կողմի ապահովագման վերջերս հայտարարված մտադրությունը լուրջ կասկածի տեղիք է տալիս` իրագործման հնարավորության տեսանկյունից, քանի որ բացակայում են հիմնարար տվյալները, ինչպես նաև էկոլոգիական ռիսկերի ապահովագրության օրենսդրական և մեթոդոլոգիական հիմքը: Օրինակ՝ պարզ չէ, թե ինչպե՞ս է գնահատվելու Սևանա լճի էկոհամակարգի արժեքը:
 
Նշենք այլ ասպեկտ. ոսկու կորզման ու թափոնների պահպանման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը շեշտող ընկերությունը չի բերում տվյալներ միկրոսեյսմիկ շրջանացման մասին, որից ուղղակիորեն կախված է այդ կոնստրուկցիաների ապահովությունը և, հետևաբար, շինարարության արժեքը:
 
Ամեն ինչ շղարշված է ինչ-որ հազվագյուտ ծաղիկների պահպանության միջոցառումներով, փոշու ծանրաբեռնվածության մոդելավորմամբ, ցիանիդներով, որոնց իրական վտանգը խիստ չափազանված է այն սպառնալիքների հետ համեմատած, որոնց մասին ընկերությունը լռում է:
 
Այդուհանդերձ, Բնապահպանության Նախարարությունը, անտեսելով այս բոլոր աղաղակող փաստերը, ընկերությանը տալիս է դրական եզրակացույթուն…
 
Երկուսից մեկը. Դա կամ ոչ պրոֆեսիոնալ վերաբերմունք է կամ էլ գործ ունենք տարրական  կոռուպցիայի հետ: Ասեմ ավելին. Կառավարությունը գնաց նույնիսկ «Սևանա  լիճի  մասին»  բավականին կոշտ օրենքի փոփոխությանը, ընդ որում՝ ոչ Հայաստանի համար ռազմավարական նշանակության օբյեկտի օգտին: Փոփոխություններն արված են այնպես, որ Ամուլսարի ծրագիրը դուրս բերվի Սևանի ջրհավաք ավազանի վրա ազդեցության շրջանակներից: Այդ ամենից հետո մնում է մի եզրահանգում. անորակ, անբարեխիղճ էկոլոգիական փորձաքննությունը և խարդախությունը օրենսդրության հետ միասին ստեղծեցին «հիմարների երկրում հրաշքների դաշտի» ինքնատիպ երևույթը՝ Ամուլսարի ոսկու հանքավայրի ծրագրը:
 
Այդ ամենի հետ մեկտեղ, ծրագիրը արժանանում է աջակցության, այդ թվում նաև՝ լուրջ միջազգային ինստիտուտների կողմից ֆինանսական ներդրումների տեսքով, իսկ Մեծ Բրիտանիայի դեսպանը չի զլանում այցելել հանքավայր: Սա Ձեզ տարօրինակ չի՞ թվում:
 
Հենց այստեղ հրաշքները վերջանում են, քանի որ դեսպանի այցելությունը փոխեց օբյեկտի կարգավիճակը՝ երկրաբանա-տնտեսական կատեգորիայից այն բերելով աշխարհաքաղաքական ոլորտ, որտեղ հրաշքներ ու զուգադիպություններ չեն պատահում: Փորձենք իրավիճակը հասկանալ մեր ըմբնռնմամբ: Լեռնահանքային ընկերության տերն է հանդիսանում Lydian International-ը, որի սեփականատերը խիստ գաղտնիացված է օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում: Գրում են, որ բրիտանական քաղաքական էլիտայի մի մասը խիստ կապված է նավթային բիզնեսի հետ, որը մեծապես կանխորոշում է քաղաքական իրադրության զարգացումը Մերձավոր Արևելքում և հարակից շրջաններում՝ ածխաջրածնային հումքի տեղափոխման շահերից ելնելով: Մասնավորապես, մեր տարածաշրջանում նորագույն պատմության աշխարհաքաղաքական իրավիճակում հստակ երևում է հայկական էթնոսից, հետևաբար՝ ռուսաստանյան հնարավոր ազդեցության ռիսկից զուրկ տարածքի ստեղծման միտում:
 
Դրա իրագործման առաջին փորձն էր քաղաքական-դիվանագիտական մոտեցումը՝ Գոբլի պլանի՝ տարածքների փոխարինման ու Մեղրիի միջանցքի ստեղծման տեսքով: Հասկանալով, որ խաղաղ ճանապարհով չի ստացվում, իրագործեցին բռնի հայաթափման «Օղակ» գործողությունը: Կրկին չհասնելով պահանջվող արդյունքի, քաղաքական նկատառումները սկսեցին իրագործել պատերազմական մեթոդներով՝ ընդհուպ մինչև ապրիլյան իրադարձությունները: Արդյունքները դեռևս հասանելի չեն, սակայն պարտադրանքի զինանոցն այսօր շատ ավելի ընդարձակ է, քան պրիմիտիվ ռազմական գործողությունները: Դրանցից են հիբրիդային պատերազմները, ներառյալ տեղեկատվական և կիբեր հարձակումները, տնտեսական էքսպանսիան և էկոցիդը: Վերջինիս կոնցեպցիան կայանում է նրանում, որ եթե հակառակորդին հնարավոր չէ ճնշել զինվորական ուժով, ապա կարելի է խոցել նրա կենսապահովման կենտրոնները: Հայաստանի համար նման կենտրոն է հանդիսանում Սևանա լիճը: Վնաս հասցնելով դրա էկոհամակարգին կարելի է հասնել էկոլոգիական դոմինոյի էֆեկտին, որի արդյունքում բնակչությունն ինքը կլքի տարածքը: Այդ դիրքերից, ըստ իս՝ Ամուլսարի տեսքով թթվային ականը խելամիտ ու արդյունավետ լուծում է:
 
Եվ ի՞նչ եք առաջարկում ստեղծված իրավիճակում:
 
Կարծում եմ, պետությունն այս հարցում պետք է գործի պատերազմական ժամանակի օրենքով. գործի դնի հատուկ ծառայությունները: Պատերազմական իրավիճակում գտնվող պետության համար լոզեր թափել ընկերության կողմից մի քանի  տասնյակ  միլիոն  դոլարի  ներդրումների  առիթով  ուղղակի զառանցանք է:
 
Վերջին հաշվով սա ընդամենը 10 տանկի արժեք է, որոնք ռազմական գործողությունների վերսկսման դեպքում մեր զինվորները լեռներում կվերացնեն մեկ-երկու օրվա ընթացքում: Ուզում եմ ասել, որ պատերազմի համար դա փող չէ:
 
Եվ ևս մեկ ասպեկտ: Հենց որ ընկերությունը իրականացնի մակաբացման աշխատանքները ու սկսվի վտանգավոր թթվային դրենաժը, այլևս կարևոր չի լինի շահագործվում է արդյոք հանքը թե ոչ: Ջրամեկուսացման համար կպահանջվեն խոշոր գումարներ: Իսկ այս արկածախնդիր փորձությանը ներքաշված ընկերությունը միշտ կարող է լքել Հայաստանը՝ գործը բարդելով այսպես կոչված երկրաբանական ռիսկի վրա:
 
Շնորհակալություն որքան հետաքրքիր, այնքան էլ տագնապալի հարցազրույցի համար:
 
Հարցազրույցը վարեց Աշոտ Արամյանը
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ