Յուրի Գորվիցը միացել է JUST DILIJAN IT! թիմին


Յուրի Գորվիցը միացել է JUST DILIJAN IT! թիմին

  • 17-01-2017 11:18:46   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրերը 2017 թվականին կղեկավարի  Ռուսաստանում Apple ընկերության բարձրագույն կրթության ծրագրերի ղեկավար, կրթության ոլորտում ՌԴ կառավարության մրցանակի դափնեկիր, հոգեբանական գիտությունների թեկնածու Յուրի Գորվիցը: 2017թ.-ի ամառային ծրագրերի  ուղեգրերը հասանելի են հունվարի 16-ից: 
 
«Այս տարի մենք որոշել ենք ամրապնդել մանկական հանգստի կրթական բաղադրիչը: Մենք շատ ուրախ ենք, որ տաղանդավոր փորձագետների ու փորձառու դասավանդողների թիմին միացել են Յուրի Գորվիցը, ով կղեկավարի 2017 թ.-ի ամառային ծրագրերը, և «Գիտության տոն» նորարարական ու ճանաչողական ծրագրերի հիմնադիր և ղեկավար Սերգեյ Կորնեևը, ով կհամակարգի JUST DILIJAN IT! 2017թ.-ի ծրագրերի բնագիտական ուղղությունը»,- հայտարարել է JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի կազմակերպիչ հանդիսացող Scholae Mundi հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Նատալյա Պոդոլնայան: 
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս JUST DILIJAN IT! ծրագրերը նախատեսված են 10-16 տարեկան երեխաների համար և կանցկացվեն UWC Դիլիջան քոլեջում: Այս տարվա ծրագրերը կկազմակերպվեն հունիսի 7-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ չորս հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրը կտևի 14 օր:  Ակնկալվում է, որ յուրաքանչյուր  հերթափոխում ներգրաված կլինի 100-120 երեխա: 
«JUST DILIJAN IT! 2017-ի հիմնական գաղափարը նորը ճանաչելն է՝ ինքդ քո, քո ընկերների, քո երկրի, աշխարհի մասին: Մեր ծրագրերն ուղղված են ազատ, խելացի, ստեղծագործ, նպատակասլաց և բարի մարդկանց ձևավորմանը»,- ասել է Յուրի Գորվիցը: 
 
«Բացահայտի՛ր մարդուն» անվանումը կրող առաջին հերթափոխի շրջանակներում երեխաները կմշակեն մարդու, նրա հոգեբանությանն ու վարքագծի ուսումնասիրությանը վերաբերող թեմաներ, և կփորձեն պատասխանել «Ո՞վ ենք մենք», «Ի՞նչ է անհատը» և «Ինչպե՞ս զարգացնել քո տաղանդները» հարցերին:
 
«Բացահայտի՛ր մշակույթը» խորագրով երկրորդ հերթափոխի մասնակիցները կուսումնասիրեն, թե քաղաքակրթության զարգացմանը զուգընթաց ինչ փոփոխություններ է կրել մշակույթը, մասնավորապես, գրականության ու արվեստի, պարերի ու սպորտի օրինակով, ինչպես նաև կփորձեն պատկերացում կազմել  մարդկային հնարավորությունների սահմանների մասին:  
 
«Ինչպե՞ս է կառուցված  Երկիր մոլորակը», «Ի՞նչ է գիտական մեթոդը», «Ինչպե՞ս ամբողջ աշխարհը վերածել անձնական լաբորատորիայի» հարցերի պատասխանների փնտրտուքը կդառնա երրորդ՝ «Բացահայտի՛ր տիեզերքը» հերթափոխի  հիմնական թեման: 
 
Իսկ չորրորդ՝ «Բացահայտի՛ր ապագան»  հերթափոխին մասնակցող երեխաները կհնարեն և կյանքի կկոչեն ամենահամարձակ գաղափարները, կսովորեն օգտվել ժամանակակից տեխնոլոգիաներից, կքննարկեն ժամանակակից աշխարհի արդիական խնդիրները և սեփական քաղաքի, երկրի ու մոլորակի զարգացման հեռանկարները:
Յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ երեխաներին հնարավորություն կտրվի ընտրել պարապմունքներ 10 լաբորոտորիաներից (ինտելեկտուալ խաղեր, հրատարակչական գործ, համակարգչային տեխնոլոգիաներ, թատրոն, ճարտարապետություն և դիզայն, կինո և լուսանկարչություն, բնական գիտություններ, ռոբոտաշինություն, արհեստներ, սպորտ) որևէ մեկում, որոնք կօգնեն նրանց նախագծային ու թիմային աշխատանքում: 
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր հերթափոխ կավարտվի հաշվետու միջոցառմամբ՝ լինի դա գաղափարների տոնավաճառ, թե արվեստի նախագծերի ցուցահանդես, թատերական ներկայացում  կամ գիտաժողով: 
JUST DILIJAN IT! ծրագրերի ավանդական բոնուսը կլինի Դիլիջան ազգային պարկի, Հայաստանի պատմության և մշակույթի հետ երեխաների ծանոթությունը, որը արշավներից ու էքսկուրսիաներից կվերածվի անհավանական արկածների: 
«Անցյալ տարի JUST DILIJAN IT! միջազգային ծրագրերը զգալի հաջողություն են գրանցել՝ հետաքրքրությունների շուրջ միավորելով երեխաների տարբեր տարիքային խմբերից և տարբեր երկրներից: Երեխաներից ոմանք ամառային ծրագրերին մասնակցել են տարբեր հիմնադրամների, այդ թվում  Scholae Mundi Armenia (SMA) հիմնադրամի տրամադրած դրամաշնորհների միջոցով: Մենք մտադիր ենք այս տարի ևս շարունակել այս ավանդույթը»,- հայտնել է Scholae Mundi հիմնադրամի գործադիր տնօրեն Անդրեյ Խոջիկյանը: 
Ուղեգրերի ձեռքբերման հետ կապված տեղեկատվություն ստանալու համար կարող եք այցելել JUST DILIJAN IT! կայք:
 
***
Լրացուցիչ տեղեկատվություն
 JUST DILIJAN IT! ամառային կրթական ծրագրերի մասին
JUST DILIJAN IT!-ը 10-16 տարեկան երեխաների և պատանիների համար նախատեսված միջդիսցիպլինար կրթական ծրագիր է, որը խարսխված է դասավանդողների և ծրագրի մասնակիցների միջև ազատ շփման և վերջիններիս՝ ստեղծագործական գործընթացի մեջ ներգրավելու հեղինակային մեթոդերի հիման վրա:
Ամառային կրթական ծրագրերը Դիլիջանում առաջին անգամ անցկացվել են  2013 թ.-ին: Իր գոյության երրորդ տարում՝ 2016 թ.-ին, նախագիծը ստացավ նոր անվանում ու բովանդակություն: 2016 թ.-ի ամռանը ծրագրերին մասնակցել է շուրջ 200 երեխա Հայաստանից, Բելգիայից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Հունաստանից, Իսպանիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից և Շվեյցարիայից: Կրթությունը զվարճանքների միջոցով կազմակերպելու, բազմաթիվ տարբերակներից առավել հոգեհարազատ զբաղմունք ընտրելու երեխայի հնարավորությունը, ինչպես նաև  ճանաչված փորձագետների և փորձառու մանկավարժների ներգրավումը դարձել են JUST DILIJAN IT! ծրագրերի  յուրահատկությունը: 
 
JUST DILIJAN IT! ամառային ծրագրերը կազմակերպվել են Scholae Mundi Armenia հիմնադրամի կողմից:
 
Scholae Mundi Armenia հիմնադրամի մասին 
Scholae Mundi Armenia (SMA) բարեգործական հիմնադրամ է, որի հիմնադիրները գործարարներ և բարերարներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն են: 
Scholae Mundi-ի հարթակը միավորում է Scholae Mundi Armenia-ն, Scholae Mundi Russia և Scholae Mundi UK բարեգործական հիմնադրամները, որոնք  ոչ կոմերցիոն հիմունքներով աջակցում են կրթության ոլորտի առավել առաջատար մոտեցումների տարածմանը, որոնք երկարաժամկետ հեռանկարում առաջ կբերեն դրական սոցիալական փոփոխություններ ամբողջ աշխարհում: 
Scholae Mundi Armenia հիմնադրամը դիտարկում է կրթությունն իբրև Դիլիջանի և Հայաստանի զարգացման կատալիզատոր:  Հիմնադրամը տարբեր հարթակներում կրթության  շուրջ է համախմբում  առավել ընդունակ և մոտիվացված մարդկանց և կազմակերպություններին, ուսանողներին և դասավանդողներին: Հիմնադրամն  աջակցում է այնպիսի նախագծեր, ինչպիսիք են UWC Դիլիջան միջազգային դպրոցը, Հայաստանում UWC ազգային կոմիտեն, «Դասավանդի՛ր, Հայաստան» (Teach For Armenia) ծրագիրը, JUST DILIJAN IT! կարճաժամկետ կրթական ծրագրերը, ինչպես նաև ֆինանսավորում է դրամաշնորհային մի շարք ծրագրեր, որոնք հայ երեխաներին և պատանիներին միջազգային մակարդակի կրթություն ստանալու հնարավորություն են ընձեռում: 
SMA հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմում ընդգրկված են Դիլիջանում գործող  առաջատար ուսումնական հաստատությունների՝ UWC Դիլիջանի, ԹՈՒՄՈ-ի, Հայաստանի Ամերիկյան համալսարանի, ԱՅԲ-ի, Հայաստանի Կենտրոնական բանկի ուսումնական կենտրոնի, ինչպես նաև քաղաքի դպրոցների և միջնակարգ-մասնագիտացված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ: 
Հիմնադրամի մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ Scholae Mundi կայքում:
 
 
 UWC Դիլիջան միջազգային դպրոցի մասին 
UWC Դիլիջան քոլեջը Աշխարհի Միացյալ Քոլեջներ (United World Colleges -UWC) համակարգի առաջին միջազգային դպրոցն է հետխորհրդային տարածքում: Դիլիջան քաղաքում տեղակայված դպրոցը պաշտոնապես բացվել է 2014 թ.-ի հոկտեմբերի  11-ին: Ներկայում դպրոցում սովորում են 198 ուսանող աշխարհի 72 երկրից և դասավանդում են 38 մասնագետ՝ 15 պետությունից:
 
Կրթական այս նախագծի նախաձեռնողներն ու գաղափարախոսները գործարարներ և բարեգործներ Ռուբեն Վարդանյանն ու Վերոնիկա Զոնաբենդն են: Հայաստանում միջազգային դպրոցը կառուցվել է շուրջ 300 բարեգործների տրամադրած միջոցներով: 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ