Մինսկից Բաքու արտահանձնված Ալեքսանդր Լապշինին տեղափոխել են քննչական մեկուսարան


Մինսկից Բաքու արտահանձնված Ալեքսանդր Լապշինին տեղափոխել են քննչական մեկուսարան

  • 08-02-2017 13:47:07   | Ադրբեջան  |  Հասարակություն

Բելոռուսից Ադրբեջանին արտահանձնված Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի, բլոգեր Ալեքսանդր Լապշինին տեղափոխել են Բաքվի քննչական մեկուսարան:
 
Interfax-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է Ադրբեջանի Գլխավոր դատախազության մամլո ծառայության ղեկավար Էլդար Սուլթանովը:
Նրա խոսքերով` ներկա պահին հարուցված քրեական գործի շրջանակներում բլոգերի նկատմամբ իրականացվում են նախատեսված միջոցառումներ:
Նշենք, որ Լապշինը Բաքու է տեղափոխվել փետրվարի 8-ի գիշերը՝ հատուկ չվերթով՝ ձեռնաշղթաներով և պետանվտանգության ծառայության երկու աշխատակիցների ուղեկցությամբ:
«Մինսկից Բաքու արտահանձնված ռուս-իսրայելական քաղաքացիություն ունեցող բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղափոխվել է Ադրբեջանի արդարադատության նախարարության պենիտեցիար ծառայության համար 1 քննչական մեկուսարան»,- հայտնել են մամուլի ծառայությունից:  
2016 թվականի դեկտեմբերի 16-ին հայտնի է դարձել, որ Լապշինը ձերբակալվել է Բելոռուսում Ադրբեջանի պահանջով: Ադրբեջանում բլոգերի նկատմամբ քրեական գործ է հարուցվել  այդ երկրի Քրեական օրենսգրքի 281.2 և 318.2 հոդվածներով, որոնցով որպես պատիժ նախատեսվում է 5-ից 8 տարի ազատազրկում:
Ըստ Ադրբեջանի` ռուս քաղաքացին պաշտոնապես չստանալով ադրբեջանական կողմի թույլատվությունը 2011 թվականի ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին ապօրինաբար այցելել է Լեռնային Ղարաբաղ: Բացի այդ, նա իր հայտարարություններում կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը:    
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play