Սերժ Սարգսյանն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս


Սերժ Սարգսյանն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս

  • 27-03-2017 09:58:51   | Ադրբեջան  |  Քաղաքական

 
 
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ադրբեջանին զգուշացրել է, որ Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակում իրականացնելու դեպքում Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարը, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման կարձակի:
Շաբաթ օրն աշխատանքային այցով Արցախի Հանրապետություն մեկնած ՀՀ նախագահը մի խումբ զինծառայողների և նրանց ընտանիքների հետ ունեցած հանդիպման ժամանակ մասնավորապես ասել է.
«Անցած ապրիլին մենք հետ շպրտեցինք միջազգային պայմանավորվածությունները դրժած հակառակորդին բոլոր ուղղություններով, մենք տապալեցինք նրանց պլանները, մենք կատարելապես ջախջախեցինք նրանց՝ այդ օրերի տեղեկատվական պատերազմում, մենք մի տարվա ընթացքում այնքան ամրացրինք սահմանն ու զինեցինք զորքը, որ այսօր մեր առաջնագիծն ուղղակի անճանաչելի է դարձել։ Այսօր մեր տղաները հետևում են հակառակորդի տեղաշարժին նրա տարածքի խորքում արդեն։ Այսօր պատերազմատենչ հարևանի տարածքի բոլոր ուղղություններով, ընդհուպ մինչև ամենակարևոր ենթակառուցվածքներ, գերժամանակակից հզոր հարվածային ուժ է ուղղված։ Եվ այսօր Հայաստանի զինուժի գերագույն գլխավոր հրամանատարն աչքը չի թարթելու, հարկ եղած դեպքում, «Իսկանդերի» համազարկի հրաման արձակելիս։ Ու դա հարևան երկրում շատ լավ գիտեն»։
Հետաքրքիր է` ՀՀ նախագահին ի՞նչ է հայտնի, որ հայտնի չէ հանրապետության գրեթե բոլոր մյուս քաղաքացիներին: Ինչո՞ւ է Ադրբեջանին զգուշացնելու կամ սպառնալու այնպիսի անհրաժեշտություն առաջացել, որ հանրապետության նախագահը և պաշտպանության նախարարը վերջին շրջանում արդեն մի քանի անգամ իրար ետևից խոսում են Ադրբեջանի նկատմամբ մեր ունեցած «Իսկանդերի» հնարավոր կիրառման կամ կիրառման հնարավորության մասին:
Հիշենք, որ ավելի վաղ «РИА Новости»-ին տված հարցազրույցում (հրապարակված՝ 22.02.2017թ.) Հայաստանի կողմից հակառակորդի նկատմամբ օպերատիվ մարտավարական «Իսկանդեր» հրթիռային համակարգը կիրառելու հնարավորության մասին խոսեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Անհրաժեշտության դեպքում մեր զինանոցում եղած «Իսկանդերների» կիրառման մասին  Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությունում դիվանագիտական կորպուսի հետ վերջերս տեղի ունեցած հանդիպման ժամանակ, թեկուզ առանց «Իսկանդեր» անվանումը գործածելու, խոսել էր նաև նախագահ Սերժ Սարգսյանը: 
Նա հերթական անգամ նշել էր, որ Ադրբեջանը պարբերաբար բարձրաձայնում է պատերազմի մասին, Հայաստանը և Արցախը չեն ցանկանում պատերազմել, սակայն մեր երկիրը պատրաստ է դիմագրավել հակառակորդին:
«Եթե Ադրբեջանը շարունակի նույն ոգով և իրավիճակը հասցնի պատերազմականի, ապա Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու համար մենք մեկ վայրկյան անգամ կանգ չենք առնի՝ կիրառելու մեր զինանոցում եղած բոլոր հնարավորությունները»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Կարելի է ենթադրել, որ նախագահը նկատի ունի հետընտրական շրջանում Հայաստանի ներքաղաքական իրավիճակի հնարավոր ապակայունացման պայմաններում Արցախի, միգուցե նաև ՀՀ-ի վրա Ադրբեջանի հարձակման սպասելի գայթակղությունը, միգուցե նաև՝ մեր հետախուզությանը հայտնի դարձած թշնամու նախապատրաստական աշխատանքներն այդ առումով: Բացառված չէ, որ ՀՀ նախագահը և պաշտպանության նախարարն իրենց հիշյալ հայտարարություններով փորձում են կանխել Հայաստանում իրադարձությունների վտանգավոր զարգացման պարագայում հակառակորդի տրամաբանորեն սպասելի կամ նախապատրաստվող հարձակումը՝ նրան աներկբայորեն ու հրապարակայնորեն հասկացնելով, որ այդ դեպքում Հայաստանի արձագանքը շատ ավերիչ, անվրեպ, անկասելի ու ցավոտ է լինելու: 
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play