«Իգլա»-ի գործով, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունից բացի, առաջին անգամ հայտնի է դառնում ևս մեկ հոգու անուն (տեսանյութ)


«Իգլա»-ի գործով, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի անունից բացի, առաջին անգամ հայտնի է դառնում ևս մեկ հոգու անուն (տեսանյութ)

  • 28-03-2017 13:44:07   | Հայաստան  |  Իրավունք



 
 
Վրաստանի իրավապահները երեկ ձերբակալել են «Իգլա»-ի գործով հետախուզվող 40-ամյա ՀՀ քաղաքացու:
Վրաստանի ներքին գործերի նախարարության տեղեկացմամբ, Հայաստանի իրավապահ մարմինների դիմումի հիման վրա, Վրաստանի ՆԳՆ Կենտրոնական քրեական ոստիկանական վարչության Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչության աշխատակիցները մարտի 27-ին Թբիլիսիի Նիկոլոզ Բարաթաշվիլիի փողոցի հատվածում ձերբակալել են ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ կետի և 235.1 հոդվածի 2-րդ կետի 1-ին մասով հետախուզվող, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, 1977թ.-ին ծնված Ռոբերտ Ա.-ին:
Ավելի վաղ ներկայացրել ենք ՀՀ ԱԱԾ մարտի 22-ի հաղորդագրությունը, ըստ որի, «2017թ. մարտ ամսին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախնական տեղեկություններ են ստացվել ՀՀ քաղաքացիների կողմից Վրաստանի Հանրապետությունից մաքսանենգ եղանակով Հայաստանի Հանրապետություն  «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիր տեղափոխելու մասին:
Ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել և առգրավվել է «Իգլա» տեսակի զենիթա-հրթիռային համալիրի արձակման խողովակ՝ «9M39» հրթիռով։
Դեպքի առթիվ 2017թ. մարտի 22-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ 2-րդ մասի և 235.1-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա երկու անձ ձերբակալվել է»։
ԱԱԾ-ն դրանից հետո հանդես եկավ վերոնշյալ գործի վերաբերյալ ևս երկու հաղորդագրությամբ, սակայն դրանցում նույնպես նշված չէ, թե ովքեր են այդ երկու անձինք: ԱԱԾ-ն և ՀՀ դատախազությունն առ այս պահը հրապարակել են «Իգլա»-ի գործով ձերբակալված, ապա կալանավորված միայն երրորդ անձի` Սամվել Բաբայանի անունը: Եվ, ահա, վրաց իրավապահները, որոնց գուցե այնքան էլ չի հուզում ԱԱ ԱԱԾ և դատախազության գաղտնապահությունը, հրապարակել են «Իգլա»-ի գործով ձերբակալված չորրորդ անձի անունը:
Փաստորեն, Վրաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ հիշյալ գործով հայաստանյան իրավապահների համագործակցությունը տվել է իր առաջին արդյունքը:
Մարտի 23-ին հրապարակած հաղորդագրությամբ ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը հայտնել էր նաև, որ «քրեական գործի շրջանակներում նոր զարգացումների առկայության դեպքում դրանց վերաբերյալ կտրամադրվի համապատասխան տեղեկատվություն»: Սակայն, չնայած տվյալ քրեական գործի շրջանակներում նոր զարգացման առկայությանը, ԱԱԾ-ն Վրաստանում կատարված հիշյալ ձերբակալության վերաբերյալ դեռ ոչինչ չի հայտնել: Առայժմ անհայտ է նաև, թե ով է Թբիլիսիում ձերբակալված Ռոբերտ Ա.-ն, նա ի՞նչ առնչություն ունի «Իգլա»-ի գործի և Սամվել Բաբայանի հետ:
 
Ա. Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Իրավունք