Փոփոխությունը լինելու է հանկարծակի, դաժան ու զոհաշատ. Քաղաքագետ


Փոփոխությունը լինելու է հանկարծակի, դաժան ու զոհաշատ. Քաղաքագետ

  • 14-04-2017 15:13:27   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է հրապարակախոս, քաղաքագետ Անուշ Սեդրակյանը

 

Ինչպե՞ս եք գնահատում հետընտրական այս անդորրը։ Բացառությամբ ՀԱԿ-ի՝ սահմանադրական դատարան դիմելուն և ՕՐՕ-ի ԿԸՀ դիմելուն, այլ բողոքներ կարծես թե չկան։

 

Հանրության հետ կա կրիմինալ կոնսենսուս։ Դա կրիմինալ համաձայնություն է, որտեղ թեև ոչ հավասարաչափ, բայց կրիմինալիզացված են երկու կողմերը։ Մեկն առաջարկում է կաշառք, մյուսը լռելյայն ընդունում է՝ ապացուցելով մի բան, որ հայաստանցիների համար փակվել է արմատական փոփոխությունների տեսլականը։ Նրանք արմատական փոփոխությունների հույսն ընդհանրապես կորցրել են։ Դա բացատրվում է նրանով, որ տարիներ շարունակ, մանավանդ նախագահական ընտրությունների ժամանակ նրանք արմատական փոփոխությունների սցենարը կապել են կոնկրետ անձի փոփոխության հետ։ Այս ընտրություններում արդեն չկար կոնկրետ անձ, չկար հակակշիռ։ Իսկ խորհրդարանական ընտրություններում ոչ մի խորհրդարանական ուժ չկարողացավ ապացուցել փոփոխությունների տեսլականի հավաստիությունը, դրա համար մարդիկ նախընտրեցին այն անմիջական օգուտը, որն իրենց տալիս էր իշխող կողմը։ Այդ կաշառքը բերեց նրան, որ կատարվեց լուռ գործարք երկու կողմերի միջև։ Թե դրանով կիջնի ժողովրդի դժգոհության ալիքը, հնարավոր չէ կանխատեսել, որովհետև մենք հասկանում ենք, որ գտնվում ենք այնպիսի մի լարված տարածաշրջանային համատեքստում, որ վաղ թե ուշ սոցիալական դժգոհությունը մի փոքր դրդիչ հանգամանքից կարող է վերածվել քաղաքական դժգոհության։

Ես մեր ընդդիմությանն անվանում եմ ֆունկցիոնալ ընդդիմություն, երբ դեմոկրատիայի իմիտացիայի համար անհրաժեշտ է ինչ-որ ընդդիմադիր բևեռ, և ստեղծվում է ֆունկցիոնալ հարմար ընդդիմություն։ Բայց այդ ֆունկցիոնալ ընդդիմությունը չի կարողանալու զսպել ոչ իշխանության, ոչ էլ ժողովրդի դժգոհությունը։ Վերջիվերջո, բախումն անխուսափելի է։ Այդ բախումն առայժմ հետաձգվում է, որովհետև դեռևս այդ անորոշությունը շարունակվում է, դեռևս ինչ-որ մի հույսի իմիտացիա կա։ Այսինքն դեռևս մի մասը ինչ-որ բան կապում է վարչապետի անձի հետ, մյուս մասը ինչ-որ բան կապում է խորհրդարանի նոր կազմի հետ։ Դրանք անորոշ հույսեր են, և բնական է, որ որևէ շոշափելի հետևանք չի լինելու։

Տեսեք, ներկա պահին լարված իրավիճակ է Սիրիայում, երկու գերտերություններ դուրս են եկել իրար դեմ, Թուրքիան իր հերթին ելել է Ռուսաստանի դեմ, Ռուսաստանը՝ Թուրքիայի դեմ։ Հիմա հարց եմ տալիս, եթե սա ինքնիշխան պետություն է, մենք ինչպես ենք հանդուրժում, որ Հայաստանի հողի վրա գտնվող կազակների միավորումը իր ցանկությունն է արտահայտում՝ մարտական գործողություններ ծավալել Սիրիայում։ Չէ որ հակամարտության դեպքում ոչ մեկը հաշվի չի առնելու, որ ասենք այդ զորամիավորումը Հայաստանի հետ կապ չունի։ Նա գտնվում է Հայաստանի տարածքում և վերջ։ Մենք կարո՞ղ ենք դիմանալ միջազգային սադրիչ սցենարներին, նաև հաշվի առնելով ժողովրդի վիճակը, արտագաղթը, Արցախի հարցը, որը մեծ ներդրումներ է պահանջում, ընդ որում՝ ոչ միայն ֆինանսական, այլև բարոյական ներդրումներ։

Պուտինը հայտարարել է, որ ՌԴ իշխանությունները գունավոր հեղափոխություն թույլ չեն տա իրենց երկրում, ինչպես նաև ՀԱՊԿ անդամ երկրներում։ Ինչպե՞ս եք գնահատում այդ հայտարարությունը։

 

Ցավալի մի բան է կատարվում, որ Ռուսաստանի նախագահի հայտարարությունը հավասարաչափ ձեռնտու է թե ՀՀ իշխանությանը, թե ՀՀ 100-տոկոսանոց ռուսամետ ընդդիմությանը, որոնք կարծում են, որ միշտ կարող են կոնսենսուսի գալ Ռուսաստանի հետ։ Դրա համար էլ Հայաստանում այդ հայտարարությունից հետո տիրեց այդպիսի լռություն։ 25 տարի շարունակ ոչնչ չի արվել, որ ռուսական տիրապետության թերությունները մարդիկ հասկանան։ Հիմա, երբ խորհրդարանում 100-տոկոսանոց ռուսամետ իրավիճակ է, երբ խորհրդարանից դուրս ևս 100-տոկոսանոց ռուսամետ իրավիճակ է, ումի՞ց ենք ակնկալում դժգոհություն այդ հայտարարության կապակցությամբ։ Այլ բան է, որ այդ այսպես կոչված գունավոր հեղափոխությունները ձեռնտու չեն հավասարապես թե իշխանությանը, թե ընդդիմությանը։ Դրա համար ինձ մոտ հարց է առաջանում, թե ինչ անկյունաքարի վրա է ձևավորվում Հայաստանի ընդդիմությունը։ Եթե իրենք հավասարապես հավատարիմ են ռուսական տիրապետությանը, այդ դեպքում ո՞րն է տարբերությունը։ Մենք գիտենք, որ քաղաքական շրջանակից է կախված քաղաքական իրադրությունների զարգացումը։ Եթե դու գտնվում ես քաղաքական ռուսական ուղեծրում, դու կոռուպցիայից, հովանավորչությունից և սոցիալական թշվառությունից բացի այլ ճանապարհ չունես։ Բավական է նայել ռեսուրսաշատ Ռուսաստանի ճանապարհին և հասկանալ, որ ռեսուրսների այդ անտաղանդ մենեջմենթը, դրամաշորթումը և ղեկավարների անձնական հարստացման սցենարը Հայաստանում ընդամենը կրկնվում է։

 

Այսինքն՝ Ռուսաստանն իրե՞նն է համարում ՀԱՊԿ տարածքը, որ նման գնահատականներ է հնչեցնում։

 

Պետք է հիշել, որ ՀԱՊԿ-ը ոչ թե անդամ երկրներին ռազմական փոխօգնության միավոր է, ինչպես ՆԱՏՕ-ն, այլ այդ երկրներին Ռուսաստանի կողմից ճնշման զինվորական լեգալիզացիան։

 

Իսկ այս իրավիճակը երկա՞ր կպահպանվի։

Ոչ, ոչ։ Տեսեք, Մերձավոր Արևելքում միանգամից բախվել են երեք անհավասարակշիռ, անկանխատեսելի և ինքնասիրահարված դիկտատորներ՝ Պուտինը, Ասադն ու Էրդողանը։ Այդ բախման մեջ տարածաշրջանը չի մնալու նույնը, հնարավոր չէ, որ նույնը մնա քաղաքականությունը։ Դրա համար ես ուղղակի կարծում եմ, որ զուտ ինքնապահպանման բնազդից ելնելով Հայաստանի իշխանական վերնախավը արագ կվերակառուցի իր դիվանագիտությունը և քաղաքականությունը։ Ռուսաստանի արտաքին դիվանագիտության խայտառակ պահվածքը մի բան է հուշում, որ նրանք հուսահատված են։ Նրանք հասկանում են, որ վիճակն անկանխատեսելի է դառնում, և այլևս չկա վստահ մեխանիզմ, որովհետև հանձինս Օբամայի ԱՄՆ-ում կար զուսպ և դեմոկրատ կառավարիչ, որն ամեն կերպ փորձում էր խուսափել ռազմական հակամարտություններից։ Հիմա եկել է մարդ, որը կատարում է հանրապետական իսթեբլիշմենթի պատվերները։ Հանրապետական իսթեբլիշմենթը ռազմատենչ է և միանգամից հանգուցալուծում տալու մարմաջով լի գեներալների միավորում։ Նաև մենք հասկանում ենք, որ այդ հարվածով Թրամփը փրկում է իր նախագահությունը, այլապես նրա հետ կապված Ռուսաստանի թնջուկը քանդվելու է մինչև իմփիչմենթ։ Այս հարվածով Թրամփը խուսափում է իր իմփիչմենթից։

ԵՏՄ-ի, ռուսական շրջանակներում ժողովրդավարությունն անհնար է։ Դա հնարավոր է միայն մի դեպքում, եթե Ռուսաստանում տեղի ունենա հեղափոխություն և Ռուսաստանը դառնա ժողովրդավարական երկիր։

Որն է պետության պահպանման սցենարը թե փոքր Հայաստանի, թե մեծ Ռուսաստանի համար։ Խնդիրն արդարության մոդելի ընկալման մեջ է։ Տեսեք, հայերը պայքարում են պատմական արդարության համար, որն անցյալի մոդելն է, ռուսները պայքարում են համաշխարհային արդարության համար, ինչպես սկսել են կոմունիզմի օրոք, հիմա էլ շարունակում են պայքարել, որը միսիոներական մոդել է։ Ընդ որում՝ բոլոր միսիոներական մոդելները, որպես կանոն, կապված են արյան և կամքի բռնադատման հետ։ Միայն եվրոպական մոդելն է, որ օրենսդրական արդարության մոդելն է, միակ աշխատող և պրագմատիկ մոդելը։ Դրան այլընտրանք չկա, չկա այլ ուղի, այլ ճանապարհ, պետության զարգացման այլ մոդել։ Միայն օրենքի, արդարության, հավասարակշռության մոդելն է կարողանում ապահովել պետության կենսունակությունը։ Դրանից այն կողմ տարբերակ չկա։ Հայաստանում դա չեն հասկանում, որովհետև բոլորին թվում է, որ զուտ հայրենասիրական պաթետիկ կոչերով կարելի է փրկել Արցախը կամ Հայաստանի պետությունը։ Դա հնարավոր չէ, նրանք պետք է արագ աշխատեն ոչ թե փոփոխության վրա, այլ արմատական հեղաշրջման վրա։ Պետք չի, որ Հայաստանում լինի գունավոր հեղափոխություն, որից հետո կարող են ռուսական զորքեր մտնել Հայաստան։ Թող Հայաստանում լինի, այսպես ասած, դավադրական էլիտաների հեղափոխություն, բայց դա անհրաժեշտություն է։

 

Այս լարվածության ֆոնին կարո՞ղ է Ղարաբաղը խաղաքարտ դառնալ այդ մեծ խաղի մեջ։

Ղարաբաղը կարող է դառնալ հաղթաթուղթ, ոչ թե խաղաքարտ, բայց դրա համար Հայաստանի դիվանագիտությունը չպետք է լինի նույն ռուսական, ինչպես տեսաք, անտաղանդ ու գողական դիվանագիտության շարունակությունը։ Ոչ էլ պետք է լինի այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում՝ «գառների լռություն» մոդելը։ Հայաստանի դիվանագիտությունը պետք է դառնա գործուն և ակտիվ։

 

Ինչպե՞ս կարելի է դրան հասնել։

Քաղաքական համարձակության միջոցով։ Ես հասկանում եմ, որ բոլորը, ովքեր կապիտալ են հավաքել անարդար ճանապարհներով, ներառյալ Ռուսաստանի նախագահը, ներառյալ Թրամփը, որ կատարել է տարբեր անօրեն գործարքներ, ներառյալ Հայաստանի վերնախավը, ամեն կերպ ուզում են պահել իրենց աշխատած կապիտալը, բայց եթե իրենք շարունակեն այդ ձևով, այդ կապիտալները հօդս կցնդեն, որովհետև հօդս կցնդեն դրանց կուտակման մեխանիզմները։ Ու այդ փոփոխությունը լինելու է հանկարծակի, դաժան ու զոհաշատ:

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ