Ալիևի ինքնապաշտպանական ռեակցիան. Ադրբեջանում խստացնում են նախագահին վիրավորելու համար սահմանված պատիժները
19-04-2017 15:33:04 | Ադրբեջան | Հասարակություն
Ադրբեջանի Քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնք ենթադրում են խստագույն պատիժներ նախագահի պատիվը և արժանապատվությունը ոտնահարելու համար, ներկայացվել են հանրապետության խորհրդարան: Interfax-ի փոխանցմամբ` երկրի նախագահի վարչակազմը խորհրդարան է ներկայացրել Քրեական օրենսգրքի 323 հոդվածի փոփոխությունը:
Փաստաթուղթը կվերանայվի մոտակա ժամանակներում:
Մասնավորապես, այն անձիք, ովքեր կմեղադրվեն Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը հրապարակայնորեն (հանրության առջև ելույթներով, համացանցով կամ ԶԼՄ-ներով) նվաստացնելու կամ ոտնահարելու մեջ, կպատժվեն 1,5-ից 2,5 հազար մանաթ տուգանքով կամ կդատապարտվեն մինչև երկու տարի ժամկետով ուղղիչ աշխատանքներ կատարելու կամ ազատազրկման:
Գործող օրենսդրությամբ նմանատիպ գործողությունների համար սահմանվում է 500-ից մինչև 1000 մանաթ տուգանք:
Բացի այդ, Ադրբեջանի նախագահի պատիվն ու արժանապատվությունը համացանցում կեղծ էջերով նվաստացնելու համար առաջարկվում է ներկայիս 1-1,5 հազար մանաթ տուգանքը հասցնել 2-3 հազար մանաթի: