Շուտով Սևանա լճի վրա կարող ենք տեսնել այսպիսի սարքեր, որոնք աննկարագրելի զգացողություններ կպարգևեն դրանցով թռչողներին (տեսանյութեր)


Շուտով Սևանա լճի վրա կարող ենք տեսնել այսպիսի սարքեր, որոնք աննկարագրելի զգացողություններ կպարգևեն դրանցով թռչողներին (տեսանյութեր)

  • 27-04-2017 21:42:53   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
 
«Flyer» թռչող սարքը ներկայացնող առաջին տեսանյութն է հրապարակել «Kitty Hawk» ստարտափը: Սարքը վաճառքի կհանվի այս տարվա վերջին: Մի քանի րոպեի ընթացքում կարելի է սովորել, թե ինչպես վարել այն: Պակաս կարևոր չէ նաև այն, որ «Flyer» սարքի վարման համար օդաչուի արտոնագիր անհրաժեշտ չէ, քանզի այն գերթեթև թռչող սարքերի թվին է պատկանում և նույնիսկ այնքան կոմպակտ է, որ հարմարավետորեն կարելի է տեղավորել ավտոտնակում: Ինչպես ակնհայտ է տեսանյութերից, նոր սարքը թռչում է գրեթե բոլորիս հայտնի դրոնների թռիչքի սկզբունքով:
«Flyer»-ն ամբողջությամբ աշխատում է էլեկտրասնուցմամբ, մարտկոցի, ինչպես նաև էլեկտրական շարժիչների ընդհանուր հզորության մասին տեղեկություններ դեռ չեն հրապարակվել: Սարքը կարող է ուղղաթիռի նման ուղղահայաց վերելք ու վայրէջք իրականացնել և, ստեղծողի վստահեցմամբ, հուսալի է և անվտանգ: Այն առայժմ նախատեսված է մեկ անձի համար, կարող է վայրէջք կատարել նաև ջրի վրա, ունի ութ շարժիչ: Դրանց ամրացված պտուտակներից մղվող օդի հոսքը թույլ է տալիս մոտ 100 կգ կշռող սարքը և այն վարողին բարձրացնել ոչ մեծ բարձրության վրա ու տեղափոխել ժամում առավելագույնը 40 կմ արագությամբ` վարողին պարգևելով աննկարագրելի զգացողություններ ու մեծ հաճույք: «Flyer»-ը մարդու թռչելու երազանքն էլ ավելի է մոտեցնում իրականությանը, ինչի մասին թեկուզ մասնակիորեն պատկերացում կկազմեք կից տեսանյութը դիտելով:
Շատ կարևոր են ոչ միայն թռչելու հնարավորությունը (մեզանից շատերը թռել են ինքնաթիռով, ուղղաթիռով), այլև անձամբ թռչելու, սարքը վարելու կարողությունը և թռիչքի ազատությունը, այսինքն` պետական մարմիններից կախված չլինելը, օդաչուի արտոնագիր ունենալու և ամեն թռիչքից առաջ թռիչքի թույլտվություն ստանալու պահանջների բացակայությունը:
Առանձնապես չենք զարմանա, եթե հաջորդ տարի կամ մի քանի տարի անց Սևանա լճի վրա տեսնենք այսպիսի սարքեր: Դրանցով թռչելու պահանջարկը միանշանակ կգերազանցի ջրային մոտոցիկլետներից օգտվելու նկատմամբ եղած պահանջարկին և մեծ շահույթ կբերի հատկապես այն գործարարին, ով առաջինը կնախաձեռնի դրանք Հայաստան ներկրելու և շահագործելու գործը: Սա, կարծում ենք, շատ լավ հասկանում են նաև հայ օլիգարխներից ու գործարարներից ոմանք:
Ավելին. շատ ավելի շահութաբեր ու հեռանկարային կլինի Հայաստանում այդպիսի սարքերի նախագծումն ու արտադրությունը,, թեկուզ շարժիչներն ու մարտկոցներն արտերկրից, օրինակ, Չինաստանից ներկրելու պայմանով: Դրա համար մեր երկիրը, կարծում եմ, ունի համապատասխան մասնագետներ ու գիտատեխնիկական ներուժ, ինչն ապացուցել է ինչպես անօդաչու թռչող սարքեր, այնպես էլ դրանք վայր գցելու միջոցներ արտադրելով: Տեղական շուկայի պահանջարկը բավարարելուն զուգահեռ, հնարավոր կլինի նաև այդ յուրօրինակ օդային մոտոցիկլետն արտահանել Վրաստան, Իրան և այլ երկրներ:
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ