Անթույլատրելի էր փաստաբանի ֆեյսբուքյան գրառումը` ինձանից հղիները լայքադրսևորվել են


Անթույլատրելի էր փաստաբանի ֆեյսբուքյան գրառումը` ինձանից հղիները լայքադրսևորվել են

  • 04-05-2017 14:58:54   | Հայաստան  |  Իրավունք

 
 
Մարդու արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է, և որոշ փաստաբաններ, նրանց թվում նաև Տիգրան Աթանեսյանը սա բոլորից լավ պետք է հասկանային: Առավել ևս անթույլատրելի են սեռական բնույթի հայհոյանքները, մանավանդ, փաստաբանի կողմից ու հրապարակայնորեն արտահայտված, «Ֆեյսբուքում» կամ որևէ այլ սոցիալական խմբում:
Ապրիլի 27-ին Երևանում փաստաբանների միջև տեղի ունեցած հայտնի և աղմկահարույց միջադեպի առնչությամբ է ստորև ներկայացվող հարցազրույցը Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ, իրավաբանական գիտությունների թեկնածու Արա Զոհրաբյանի հետ:
- Արդեն մեկ շաբաթ է անցել փաստաբանների միջև տեղի ունեցած ցավալի ու տհաճ միջադեպից, ի՞նչ է արվել այս ընթացքում ձեր կողմից: Իրավապահ մարմինների կողմից հարուցվել է քրեական գործ, ովքե՞ր են տուժողներ ճանաչվել այդ գործով:
- Իրոք, միջադեպը ցավալի է, որովհետև այն տեղի է ունեցել փաստաբանների միջև, որոնք կոչված են այլ անձանց իրավունքները պաշտպանելու, իրենք պետք է նմանատիպ իրավիճակները բացառեն, այլ ոչ թե դրան մասնակից լինեն: Այդ միջադեպի մասնակիցների նկատմամբ Փաստաբանների պալատը հարուցել է կարգապահական վարույթ, կարգապահական վարույթի շրջանակներում կփորձենք ճշտել փաստաբանների ասածները, պարզել իրականությունը:
Արդեն տեղեկացված ենք, որ հարուցված է քրեական գործ, որքան տեղյակ եմ, փաստաբաններ Արսեն Հարությունյանից և Արմեն Սողոմոնյանից բացի, տուժողներ են ճանաչված նաև Սիմոն Բաբայանը, Վրեժ Խաչիկյանը, ենթադրում եմ, նաև` Տիգրան Աթանեսյանը: Քննությունը կպարզի կատարվածը, դրա մանրամասները, նաև դատաբժշկական փորձագիտական եզրակացություններ կլինեն, որովհետև միջադեպի մասնակիցներից առնվազն երկուսի վրա դրա հետևանքները տեսանելի էին, գիտենք, որ վնասվածքներ են ստացել: Դատաբժշկական փորձագիտական եզրակացությամբ կարելի է տեսնել, թե ինչ վնասվածքներ են դրանք` թեթև, միջին, թե ծանր:
- Նշվում է, որ Տիգրան Աթանեսյանի գրասենյակում եղել է տեսախցիկ, և դա տեսնելով, Սիմոն Բաբայանը և Արսեն Հարությունյանն իրենց թույլ չէին տա բռնություն կիրառել: Այդ տեսախցիկով տեսագրում կատարվե՞լ է, կա՞ կատարվածը պատկերող տեսագրություն:
- Տեղեկություն չունեմ, լսել եմ, որ տեսախցիկներ եղել են, նաև դեպքի վայրից հեռուստատեսությամբ տրված հաղորդումներում տեսել եմ տեսախցիկ, դա ճշմարտությունը պարզելու առումով լավ է, բնականաբար, կօգնի նախաքննության մարմնին: Ենթադրում եմ, որ նախաքննության մարմինը, որպես ապացույցներ, առգրավված կլինի այդ տեսանյութերը, եթե կան այդպիսիք:
- Ձեր նշած կարգապահական վարույթի իրականացման համար պալատի կանոնադրությամբ կամ մեկ այլ փաստաթղթով ինչ-որ ժամկետ սահմանվա՞ծ է:
- Այո, առավելագույնը 2 ամիս ժամկետ է սահմանված նախապատրաստման փուլի համար, որպեսզի եզրակացություն կազմվի, այնուհետև գործը հանձնվելու է պալատի խորհրդին, և խորհուրդն առավելագույնը 6 ամսվա ընթացքում քննելու է գործը: Իհարկե, հաշվի առնելով այս գործի հասարակական հնչեղությունը, կարծում եմ, և՛ նախապատրաստողը, և՛ խորհուրդը պետք է հնարավորինս արագ արձագանքեն կատարվածին, որովհետև այս հարցը բոլոր փաստաբաններիս հարցն է, մենք` փաստաբաններս, հասարակությանը հաշիվ ենք տալու մեր մասնագիտական համայնքի ներսում տեղի ունեցած միջադեպի համար: Առերևույթ կա փաստաբանի վարքագծի կանոնների խախտում: Փաստորեն կա հայհոյանք, կա հայհոյանքի դիմաց փաստաբանի կողմից հարաբերություն պարզելուն ուղղված քայլ, կա վիճաբանություն, քաշքշուկ ու դրա հետևանքներ:
Եթե մարմնական վնասվածքները թեթև կամ միջին լինեն, ապա այս արարքը կհայտնվի մասնավոր մեղադրանքի տիրույթում, հետևաբար կողմերը կարող են հաշտվել, ինչի արդյունքում քրեական գործը կկարճվի: Սակայն, անկախ դրանից, կարգապահական գործը քննվելու է, դրա համար կարգապահական գործն այս դեպքում շատ եմ կարևորում:
- Կարգապահական ի՞նչ պատասխանատվություն է նախատեսվում այսպիսի դեպքերում:
- Մենք ունենք հետևյալ կարգապահական տույժերը` նկատողություն, խիստ նկատողություն, վերապատրաստման դասընթացներ, մինչև 200 000 դրամ տուգանք կամ փաստաբանի արտոնագրի ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման ընդունում, ինչը նշանակում է, որ փաստաբանն անժամկետ, անվերադարձ զրկվում է իր արտոնագրից: Տույժերի ընտրության մասով ես որևէ լիազորություն չունեմ, դա անելու է Փաստաբանների պալատի խորհուրդը: Կարծում եմ, խորհուրդն օբյեկտիվ որոշում կկայացնի: Խորհուրդն է ենթարկում կարգապահական պատասխանատվության, քանի որ կարգապահական վարույթ եմ հարուցել, ես նույնիսկ իրավունք չունեմ մասնակցել այդ նիստերին:
- Այս միջադեպին նախորդել են «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից վիրավորանքներ, նույնիսկ սեռական բնույթի հայհոյանքներ` ուղղված «Հայաստանի Հանրապետության փաստաբանական դպրոց» հիմնադրամի տնօրեն, իրավաբանական գիտությունների թեկնածու Սիմոն Բաբայանին, նրա մորը, որքան տեղյակ եմ, վիրավորական արտահայտություններ են եղել նաև փաստաբանի որոշ գործընկերների հասցեին: Նախկինում եղե՞լ են փաստաբանների կողմից սոցիալական ցանցերում կամ այլուր հրապարակային վիրավորանքի այլ դեպքեր, դուք և պալատի խորհուրդն ի՞նչ ընթացք եք տվել դրանց:
- Նախկինում ես առիթ ունեցել եմ կարգապահական վարույթներ հարուցելու մի քանի փաստաբանների նկատմամբ, ի դեպ, նրանց թվում նաև` Երվանդ Վարոսյանի: Այդ ժամանակ պալատն, իհարկե, նոր էր ակտիվորեն միջամտում փաստաբանների վարքագծին, նախկինում միջամտության դեպքերն այնքան էլ ցայտուն չէին:
Երևի պետք է հաշվի առնել նաև այն, որ մեզ մոտ համացանցը, սոցիալական ցանցերը դարձել են առօրյայի մաս, փաստաբանների մի մասն իրենց մտքերը, զգացմունքները դրսևորում են նաև որոշ սոցիալական խմբերում: Կարգապահական վարույթներ հարուցելուց հետո ինձ փորձեցին քննադատել, որ իբր միջամտում եմ ազատ խոսքին, ոտնձգում եմ խոսքի ազատության նկատմամբ: Սակայն, ազատ խոսքը պետք է տարբերել վիրավորանքից: Այն ժամանակ որոշ փաստաբաններ չէին սպասում, նրանց համար անակնկալ էր, թե ինչպես կարելի է վիրավորելու համար փաստաբանին ենթարկել կարգապահական պատասխանատվության: Նշեմ, որ վարույթներ հարուցելուց հետո պալատի խորհուրդը կարգապահական պատասխանատվության ենթարկելու որոշումներ էր կայացրել, ինչը դժգոհություն առաջացրեց խորհրդի նկատմամբ:
Ժամանակին արդեն նշել եմ, կարծում եմ, համացանցում դա պահպանված կլինի, որ եթե անձն իրեն վիրավորված է զգում և եթե նա օրինական, իրավական գործիք չի ունենում իր արժանապատվությունը պաշտպանելու, դիմելու է այլ եղանակների: Օրինակ, Երվանդ Վարոսյանը նախկինում սոցիալական ցանցում զետեղված և իրեն քննադատող (ըստ իրեն, վիրավորող) ԶԼՄ-ներից մեկի մի հրապարակման տակ, որի ներքո մի շարք փաստաբաններ «հավանում» կոճակը սեղմելով, հավանում էին տվել, այսպիսի արտահայտություն էր գրել` ինձանից հղիները լայքադրսևորվել են:
«Լայքադրսևորված» անձանց ցանկում կային նաև կին փաստաբաններ: Ես փաստաբաններից մեկի բողոքի հիման վրա կարգապահական վարույթ հարուցեցի և պալատի խորհուրդն էլ նրան պատասխանատվության ենթարկեց: Պատկերացրեք եթե այդ ճանապարհը չլիներ, և «լայքադրսևորված» կանանց ամուսիններն ցանկանային Երվանդ Վարոսյանից հաշիվ պահանջել, ի՞նչ էր անելու նա…
Այսինքն` եթե չի լինում իրավական ճանապարհ, մարդիկ նման դեպքերում սկսում են հարաբերություններ պարզել: Եթե ինձ ու պալատի խորհրդին ուղղված նշածս քննադատություններից հետո Սիմոն Բաբայանը վստահ լիներ, որ, օրինակ, պալատի խորհրդին հաղորդում տալն առավել արդյունավետ կլինի, դա որոշ փաստաբանների, լրագրողների կողմից հերթական անգամ քննադատության կամ նույնիսկ ծաղրանքի առարկա չի դառնա, կարծում եմ, այդ ճանապարհը կընտրեր:
Ընդ որում, եթե հետևեք «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում Սիմոն Բաբայանին ու նրա ծնողին ուղղված հայհոյանքներին նախորդած Տիգրան Աթանեսյանի և փաստաբան Արթուր Գրիգորյանի գրառումներին, կհանդիպեք Սիմոն Բաբայանի առնչությամբ փաստաբան Արթուր Գրիգորյանի մի այսպիսի հարցադրման` հիմա ի՞նչ է անելու` դիմելու է դատարա՞ն, թե խորհրդին… Կարծես թե գիտակցում են, որ այնպիսի վիրավորական գրառումներ են կատարվել, որ մարդը կարող է դիմել կամ դատարան կամ պալատի խորհուրդ, ու կարծես թե դրանով իրենք Սիմոն Բաբայանին ակնարկում, հասկացնում են, որ իրավական այդ ճանապարհների ընտրությունն արդյունավետ չի լինելու, նրան այլընտրանք չեն թողնում, կոպիտ ասած, մարդուն դրդում են հարաբերություններ պարզելու: Սա իմ սուբյեկտիվ կարծիքն է:
Իհարկե, կարծում եմ, որ հարաբերություններ չպետք է պարզվեին, պետք է ընտրվեր իրավական ճանապարհը, իրավական գործիքը, բայց այսուհետ այս դեպքը բոլորի համար դաս եղավ, որ նման դեպքերին արձագանքելու, անթույլատրելի վարքագծի հեղինակներին պատասխանատվության ենթարկելու այն քաղաքականությունը, որ որդեգրել ենք ես և փաստաբանների պալատի խորհուրդը, պետք է շարունակենք և ավելի հետևողական լինենք: Կարծում եմ, դա ճիշտ մոտեցում է, քանի որ դրանով կկանխենք նմանատիպ հետևանքները, այսպիսի իրավիճակների նմանատիպ ելքերը: Չէ՞ որ կարող էին ավելի վատ հետևանքներ լինել:  
Եթե այսօր նայենք անցյալում կատարված դեպքերին, կտեսնենք, որ մարդ խոսքից ավելի շատ է տուժել, քան երևի սովից: Պատերազմները երբեմն հենց խոսքերից են սկսվում: Մենք պարտավոր ենք ու պետք է մարդու արժանապատվությունն ամենից բարձր գնահատենք, իրենք փաստաբաններ են ու դա շատ ուրիշներից ավելի լավ պետք է հասկանային:
Թեև մեզ համար մարդու կյանքն ամենաառաջնային տեղում է, բայց մարդու նույնիսկ կյանքի իրավունքը բացարձակ իրավունք չէ, որովհետև պատերազմի ժամանակ, երբեմն ոստիկանության հարկադրանքի կիրառման ժամանակ, քրեակատարողական հիմնարկներում փախուստի դեպքերում «արտոնված» է մարդուն վնաս պատճառել` նույնիսկ մահ պատճառելով, բայց, բոլոր դեպքերում, իրավունք չկա մարդու արժանապատվությունը վիրավորելու: Օրինակ, ռազմագերու, նույնիսկ ամենածանր հանցագործություն կատարած անձի արժանապատվությունը նվաստացնելու իրավունք չկա: Դա անփոփոխելի, անբեկանելի է: Օրենսդիրները, միջազգային համապատասխան պայմանագրերի հեղինակները, Սահմանադրության նախագիծ գրողներն ու սահմանադիրները դա առանձնապես կարևորել են` քաջ գիտակցելով, որ եթե արժանապատվությունը հանում են, տակը մարդ չի մնում:
Մեր Սահմանադրության 3-րդ հոդվածի համաձայն, մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է: Այսինքն` արժանապատվությունն է այդ բոլորը ստեղծում: Հիմա պատկերացրեք մենք` փաստաբաններս, չենք գիտակցում արժանապատվության կարևորությունը և փորձում ենք շարունակաբար ոտնձգություն կատարել դրա նկատմամբ: Պարզ է, թե ինչ հետևանքներ են լինելու: Վստահ եմ, որ Սիմոն Բաբայանին ճանաչողներից բոլորն էլ կվկայեն, որ նա շատ հավասարակշռված անձնավորություն է, երբեք ծայրահեղ մեթոդների կիրառման չի գնա, բայց պատկերացրեք ուր է հասել մարդն իր արժանապատվության արատավորման դաշտում, որ, ի վերջո, ընկել է այդ միջադեպի մեջ:
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
 
Նոյյան տապան  -   Իրավունք