Արարատի վրա է մեր երկրի սիրտը, այնտեղ է ծնվել մեծ Հայաստանի տեսլականը (ֆոտոշարք)


Արարատի վրա է մեր երկրի սիրտը, այնտեղ է ծնվել մեծ Հայաստանի տեսլականը (ֆոտոշարք)

  • 07-05-2017 22:08:00   | Հայաստան  |  Հասարակություն


 

Երեկ լրացավ Արցախյան պատերազմի կենդանի լեգենդներից մեկի` պատերազմում հերոսական ուղի անցած Արթուր Ալեքսանյանի` Ամարասի Արթուրի 60-ամյակը: Քաջառողջություն, երկար տարիների կյանք և երջանկություն մաղթելով նրան, ընթերցողների ուշադրությանը ներկայացնենք ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, ԱԱԾ պաշտոնաթող գնդապետ Արթուր Ալեքսանյանի հետ այս հարցազրույցը` տարիներ առաջ դեպի սրբազան լեռն Արարատ նրա կատարած վերելքի, թուրք սահմանապահներին խաբելու հաջողված արկածի, Արարատին գագաթնամերձ ժայռի վրա Վազգեն Սարգսյանի անվան իր իսկ ձեռքերով կատարած փորագրության լուսանկարը նրան հասցնելու` հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ անկատար մնացած իղձի մասին:
 
 
- Ո՞ր թվականին գնացիք Արևմտյան Հայաստան, որպեսզի բարձրանաք մեր սրբազան Արարատ լեռը:
- 1999 թվականի սեպտեմբերին, ուզում էի սեպտեմբերի 21-ին լինել այնտեղ, բայց չստացվեց, Ազգային անվտանգության ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանումների (կարմիր բերետավորների) հրամանատարն էի, շքերթ ունեինք, պետք է իմ զորամասն էլ մասնակցեր, սպասեցի, որ այդ օրն էլ վայելեմ, հետո գնամ:
Շքերթից հետո բազմաթիվ ընկերներ, մտերիմներ, ծառայակիցներ հավաքվել, խնդրում էին, որ հրաժարվեմ գնալու մտքից: Ինձ համոզում էին, որ դու գիժ ես, մի գնա, չի կարելի, հասկացանք սերդ, հասկացանք երազանքդ, հասկացանք հավատքդ, բայց չես կարող գնալ: Բացի հայտնի խոչընդոտներից, դու մի ուրիշ խնդիր էլ ունես` ԱԱԾ հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարն ես, եթե թուրքերն իմանան, թե ով ես, թիքա-թիքա կանեն, էլ չենք ասում, թե պատերազմի ժամանակ ինչեր ես արել, ինչ ուղի ես անցել, Ադրբեջանի կողմից հետախուզվում ես, Ղարաբաղյան շարժման ժամանակ գլխիդ համար միլիոնների   պարգևավճար է հայտարարվել: Մի խոսքով, համոզում էին, որ չգնամ:
Ասացի` չեմ կարող չգնալ, որովհետև իմ երազանքն է, ի վերջո, հարմար առիթ կա, լեռնագնացների միության նախագահ Արայիկ Ներսիսյանի գլխավորությամբ լեռնագնացների խումբ է գնալու Հայաստանից, գնալն արդեն պլանավորված է, օրը` պայմանավորված: Մյուս կողմից էլ` մեծ խումբ էր, ֆինանսավորում էր պետք իրենց, ինչի կազմակերպումը ինձ վրա էի վերցրել, ասել է թե՝ ոչ պաշտոնապես խմբի ղեկավարն էի: Ինչևէ, ոչ մեկին չհաջողվեց ինձ համոզել: Շքերթը վերջացավ, քեֆերը պրծան, 2-3 օր հանգստացանք, կարծեմ սեպտեմբերի 23-ին էր, գնացինք:
- Ինչպե՞ս անցաք սահմանը, թուրք սահմանապահները չիմացա՞ն, թե ով եք:
- Վրաստանով հասանք սահմանին (Վալե), թուրք սահմանապահներն անձնագիրս ուշադիր զննեցին, նայեցին աչքերիս:  Ճիշտն ասած, այդ պահին ոտքերս դող էին ընկել՝ աչքիս առաջ Շուշվա բանտն էր՝ գերությանս ողջ տանջանքներով: Բայց մանկությունից սրտումս ծվարած երազանքը՝ հասնել Արարատի գագաթին, ավելի ուժեղ գտնվեց, վախս հաղթեցի: Մեր խմբի մեջ աղջիկներ էլ կային, սկսեցի սահմանապահի մոտ գրկել նրանց, համբուրել՝ զբոսաշրջիկի տպավորություն թողնելու համար: Լավ դերասան դուրս եկա: Անցանք, սահմանից շարժվելով, հասանք Դոգուբայազետ: Երեք անգամ փորձեցինք բարձրադիր ատյաններից Արարատը բարձրանալու թույլտվություն ստանալ, բայց ապարդյուն…
- Իսկ ինչպե՞ս կարողացաք հաղթահարել այդ արգելքը:
-  Խմբով եկանք, հավաքվեցինք, մտածեցինք երկար-բարակ, ասի՝ տղերք, ես չեմ կարող չբարձրանալ, խմբով եթե չի լինում, պետք է մենակ բարձրանամ: Առավոտ շուտ, երբ բոլորը քնած էին հյուրանոցում, մեր «Վիլիսով», որով Հայաստանից եկել էինք, հասանք սահմանապահների առաջին անցակետի մոտ, հետներս էլ մեր խմբի աղջիկներից մեկին վերցրինք, որ ասենք զբոսաշրջիկներ ենք, ուզում ենք Արարատի փեշից մի գառ առնենք, տանենք մատաղ անենք: Մոտերս էլ ոսկի-մոսկի կար, մատանի, մի քանի կոնյակ, «ղրնաթ›› (քրդերեն` մաղարիչ) արինք, ասացինք, որ պետք է վերևում մեզ մի քիչ լավ զգանք: Թուրք սահմանապահն ասաց` լավ, եղավ,  2-3 ժամ ժամանակ տվեց, բայց  սպառնաց, որ ուշանալու դեպքում  ձերբակալվելու ենք:
 - Հետո ինչպե՞ս բարձրացաք Արարատ:
- Եկանք, հասանք ինչ-որ տեղ, մեքենան կանգնեց, էլ չէր գնում, մոտ 3000 մետր բարձրության վրա էինք: Հետո ոտքով բարձրացանք, հասանք մոտ 5000 մետրին, գագաթին մնացել էր մոտ 150 մետր, էլ չէի կարողանում բարձրանալ, որովհետև ծունկս սարքած է, պլաստիկից է, ես էլ շնչահեղձ էի լինում, չուզեցա, որ ինչ-որ մեկն ինձ շալակելով կամ թևերիս տակ ընկնելով, բարձրացնի: Գագաթի մոտ մի փեշ կամ թամբ կա, դրան էինք արդեն հասել: Դա, գագաթից բացի, միակ տեղն է, որտեղից կարող ես Հայաստանը տեսնել: Նայեցինք, աշխարհը կարծես մեր ոտքերի տակ գորգ լիներ, տպավորությունը բառերով աննկարագրելի է: Պարզ եղանակ էր, Կասպից, Սև, Մեռյալ և Միջերկրական ծովերը՝ կարծես բռիս մեջ: Այդտեղ հասկացա Տիգրան Մեծի տեսլականը` ծովից ծով Հայաստան. երևի նա էլ Արարատի գագաթին կանգնել ու տեսել է այն, ինչ ես տեսա, և ուրվագծել Հայաստանի սահմանները: Ուրիշ կերպ չէր կարող տեսնել ծովից ծով Հայաստանը, որը դարձրեց իրականություն, և որը, ավաղ, կորցրինք: Իմ համոզմամբ, Արարատի վրա է ծնվել մեծ Հայաստանը, մեր երկրի սիրտն այնտեղ է:
Ես մի պահ ամաչեցի, որ հայ եմ, որովհետև համախմբված չենք եղել, մինչև Արցախյան պատերազմը շարունակաբար կորուստներ ենք տվել: Պետականության զգացումը, որը մեր մեջ չենք ունեցել և այսօր էլ, ցավոք, մեր ժողովրդի մեջ տկար է, մի վայրկյանում նորից լցվեց արյանս մեջ և ճառագայթելով հասավ սրտիս: Մի պահ ամաչեցի, բայց  հաջորդ վայրկյանին էլ հպարտություն զգացի, որ լինելով ղարաբաղցի հրամանատար, կարողանալով իմ գաղափարի շուրջ հավաքել մարդկանց, փոքր-մոքր հաղթանակներ տանելով, ի վերջո, մյուսների հետ, ազգի հետ միասին կարողացա մեծ հաղթանակի հասնել` տեսնել Արցախը ազատ և անկախ, իսկ արցախցուն՝ միշտ պատրաստ սեփական հողի համար կյանք նվիրելու:
Արարատի բարձունքին ես ուզում էի հասկանալ, թե ո՞վ ենք մենք, կարո՞ղ ենք հասնել նոր հաղթանակների, ու հասկացա, որ կարող ենք: Եթե ես կարողացա իմ այս վիճակով հասնել այնտեղ, ինձանից միլիոն անգամ ավելի առողջ հայեր կան, ինչո՞ւ չեն կարող: Կարևորը նպատակ դնելն է, կամքի ուժը: Ամեն մեկը թող իր ձևով գնա, հասնի Արարատին, եթե ոտքով չի գնում, գոնե մտքով հասնի նրա սրբազան բարձունքին: Այսինքն` այնտեղ մտքով հասած հայն էլ կարող է մեր ապագա հաղթանակներին, միասնությանը մեծ-մեծ օգուտներ տալ: Սա էի մտածում այնտեղ, և այդ մտքերն ինձ թևեր տվեցին, հանգստացա և ինձ երջանիկ զգացի այդ պահին:
Որոշեցի ժամանակս իզուր չանցկացնել, սկսեցի այդ ժայռի վրա փոքր-ինչ սրածայր քարով փորագրել իմ մարտական ընկերների` Մոնթեի, Բեկորի, Յուրայի (26), Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և ուրիշների անունները: Գրել էի Վազգեն սպարապետ, հաղթանակ, Շուշի, Կոմանդոս… Ժամեր տևեց, մատերս ամբողջովին արյունոտվել էին, բայց գրում էի: Ֆոտոապարատ կար մոտս, նկարեցի փորագրածս: Հետ եկանք, մեր խմբում էր նաև Հովհաննես Քելեջյանը (Շիրազը), որը  հայտնի լուսանկարիչ է: Շիրազն այդ բոլոր լուսանկարները հանեց, պատրաստեց: Զանգեցի, Վազգենին էլ ասացի, Սերժին էլ, որ մի օր հավաքվենք, պատմեմ ինչպես եմ գնացել, եկել, չնայած դուք դեմ էիք: Ոչ թե ինձ էին դեմ կամ Արարատ բարձրանալու գաղափարին, այլ պարզապես մտահոգ էին, ինձ համար էին վախենում, որ թուրքերը հանկարծ իմ դեմ մի բան չանեն: Իրենք էլ բոլորը երազում էին մի օր Արարատ բարձրանալ: Մտադիր էի այդ հանդիպման ընթացքում ամեն մեկի անունը պատկերող լուսանկարը տալ նրան: Պատրաստվում էինք հանդիպել, այսօր վաղը, այսօր վաղը, վերջը մի օր էլ Վազգենն ասաց, թե այս օրը կհանդիպենք:
Արդեն 1999-ի հոկտեմբերն էր, մենք հերթական տեսչական այցելություն ունեինք հայ-ադրբեջանական սահման, Հորադիզի կողմը և այլ տեղեր, դրանից պետք է հետ գայի և երկու օրից հանդիպեինք: Գնացինք Ղարաբաղ, ես Սերժ Սարգսյանի հետ էի, պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն էլ ուրիշ ճանապարհով էր եկել: Բայց… Ղարաբաղում էինք արդեն, երբ իմացանք Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործության մասին: Գժվեցի: Ողջ գիշեր չքնեցի, կատարվածի հետ մինչև օրս չեմ հաշտվել: Այդ օրը մեծ հիասթափություն ապրեցի, ես ինչ հոգով, սրտով պատրաստվել էի, որ բոլորին միասին մի սեղանի շուրջ նստեցնեմ, խմենք, քեֆ անենք, ամեն մեկին կենդանության օրոք իր յուրօրինակ հուշարձանը տամ` Վանա լճի ափամերձ ժայռին փորագրված իր անվան լուսանկարը, բայց ինչ ստացվեց… Թևաթափ եղա և որպես մարդ, և որպես հայ, և որպես հրամանատար, և որպես հերոս: Մինչև օրս մենք զգում ենք և՛ Վազգենի, և՛ Դեմիրճյանի բացակայությունը, հայրենանվեր այդ մարդկանց կարիքն ենք զգում, մեզանից, մեր հայրենիքից նրանք պակասում են…
- Պատմեք նաև ձեր վերադարձի մասին, խնդիրներ չեղա՞ն…
- Իջանք, եկանք խմբին միացանք, հետո սահմանապահների հետ խնդիր ունեցանք, որովհետև 2-3 ժամի փոխարեն, երևի 24 ժամ այնտեղ էինք: Քիչ էր մնում` սպանեին մեզ, բայց, փառք Աստծո, եկանք, հյուրանոց հասանք և այնտեղ մնացած մեր խմբի մյուս անդամներին պատմեցինք ինչ է եղել: Ինձ վրա շատ բարկացան, որ առավոտ շուտ ելել, գնացել ենք՝ առանց իրենց, բայց այդպիսի մեծ խմբով գնալն անհնար էր: Հետո խմբով որոշեցինք պտտվել Արևմտյան Հայաստանով, եղանք Մուշում, Կարսում, Անիում… Եկանք Վանա լիճ, ուզում էինք անպայման Ախթամարի վանք մտնել: Երջանկացել էի այն զգացողությունից, որ շուտով այնտեղ եմ լինելու: Մտքումս պտտվում էր՝ Ախ, Թամար, Թամար… Մոտեցանք նավին, տոմսեր առանք, նավավարը զգաց, որ ուրիշ ազգից ենք, հարցրեց: Լուսանկարիչ Շիրազը մեր խմբի թարգմանիչն էր, ասաց, որ հայ ենք, զբոսաշրջիկ ենք: Թուրքը թե` մի րոպե… Վազելով գնաց ինչ-որ տեղ, մեկ էլ տեսնենք թուրքական դրոշը հետն եկավ, բարձրացավ, դրոշը խփեց նավի վրա: Ասացի` նա՞ խաբար… Պատասխանեց, թե չէ, որ իմանան, որ ես հայերին տեղափոխել եմ, ինձ բան չեն անի, կասեմ` չեմ իմացել, զբոսաշրջիկ են եղել, տարել եմ, բայց որ իմացան, որ հայերն առանց դրոշի նավով են գնացել, թուրքական դրոշի տակ չեն գնացել, ինձ կմորթեն: Փորձեցի կաշառել: Ապարդյուն: Դե, ասացի, որ այդպես է, քո մերը… Նավից դուրս եկա, ժողովրդին ասացի` դուք բոլորդ գնացեք, իմ տեղը մոմ կվառեք: Մերոնք բա թե` չէ, մենք էլ չենք գնում, ասացի` ոչ, հրաման է, պետք է գնաք, կգնաք, կաղոթեք, մոմ կվառեք ինձ համար: Լավ խումբ էր, չտեսնված խումբ էր, զգում էի, որ ինձ  սիրում են ու հավատում: Գնացին: Բացի սկզբունքային լինելուց, որ այդ դրոշի տակ չնստեմ, մի քիչ էլ գոռոզություն կար մեջս, բայց նպատակին հասնելու համար երևի կարելի էր այդ գոռոզությունը հաղթահարել: Մինչև հիմա, թեև 15 տարի է անցել, այդ հարցիս պատասխանը չեմ ստացել, թե ճի՞շտ վարվեցի չգնալով, որովհետև շատ էի երազում, շատ էի ուզում տեսնել Ախթամարը, բայց…  այդ դրոշի տակ մնալ էլ չէի կարող…Իսկ հոգումս նույն երգն էր՝ Ախ, Թամար, Թամար…
 
Հարցազրույցը` Արթուր Հովհաննիսյանի
 
Նոյյան տապան  -   Հասարակություն