Campathon-ը նոր հնարավորություն է նորարար գաղափարներ ունեցող թիմերի համար


Campathon-ը նոր հնարավորություն է նորարար գաղափարներ ունեցող թիմերի համար

  • 23-05-2017 13:37:06   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանը Ստարտափ Հայաստան հիմնադրամի և GlobalAM PO-ի հետ համատեղ կազմակերպում է Campathon (հեքըթոն ստարտափային վրանային ճամբարում), որը տեղի կունենա հուլիսի 27-28-ին «Սևան ստարտափ սամմիթ»-ի շրջանակում։ 
 
24 ժամ տևողությամբ հեքըթոնի ընթացքում մասնակից թիմերը կմշակեն տեխնոլոգիական լուծումներ տարբեր ոլորտների խնդիրների համար և կներկայացնեն մրցույթի ժյուրիի դատին։ Campathon-ը կանցկացվի Սևանա լճի ափին, և մասնակիցները, զինված իրենց համակարգիչներով, լավ տրամադրությամբ և նորարար գաղափարներով, կվայելեն ամառային լավ եղանակը և համատեղ կմշակեն հետաքրքիր լուծումներ։ Դիմում-հայտերի ընդունման մեկնարկը տրված է, և հետաքրքրված թիմերը մինչ հունիսի 20-ը կարող են դիմել հետևյալ հղումով` http://bit.ly/2mRMKBQ:  Campathon-ը հագեցած է լինելու նաև հետաքրքիր և օգտակար դասընթացներով, որոնց ընթացքում մասնակից թիմերը կծանոթանան պրոդուկտի ստեղծման տարբեր նրբությունների։
 
«Ուրախ ենք, որ համագործակցելով Sevan Startup Summit-ի կազմակերպիչների հետ՝ կարող ենք հնարավորություն տալ երիտասարդներին ինքնաարտահայտվել և ստեղծագործել՝ օգտագործելով տեխնոլոգիական լուծումներ։ Նախատեսում ենք ավելի քան 30 մասնակից թիմեր, ովքեր, իրենց հետ բերելով իրենց ստեղծագործ միտքը, թիմային աշխատանքի շնորհիվ կկարողանան կյանքի կոչել հետաքրքիր լուծումների նախատիպեր, որոնք կարող են լինել հետաքրքիր ստարտափ նախագիծ ստեղծելու առաջին քայլերը», - նշում է Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի տնօրեն Արտաշես Վարդանյանը։
Campathon-ի մասնակից թիմերը 24 ժամյա աշխատանքի իրենց արդյունքները կներկայացնեն ՏՏ մասնագետներից, ձեռնարկատերերից և պոտենցիալ ներդրողներից բաղկացած ժյուրիի դատին, ովքեր կգնահատեն 24 ժամերի ընթացքում նրանց կատարած աշխատանքը, ստեղծած պրոդուկտի նորարարությունը և կիրառելիությունը։ Լավագույն երկու թիմերը կազմակերպիչների կողմից կստանան 1000  և 500 ԱՄՆ դոլլար արժողությամբ մրցանակներ։
Կազմակերպիչները հուսով են Campathon-ին տեսնել նորարար և հետաքրքրասեր թիմերի, ովքեր ոչ միայն կվայելեն ամառային հանգիստը Սևանի ափին, այլ նաև կաշխատեն, ձեռք կբերեն նոր գիտելիքներ, ու նոր գործարար կապեր։ Մանրամասներին ու դիմելու պայմաններին ծանոթանալու համար հետաքրքրված անձինք կարող են այցելել հետևյալ վեբէջ՝ http://mic.am/blog/campathon-coolest-event-of-the-summer/ 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ