Ռուսական քաղաքականության փնթիությունը և Սերժ Սարգսյանի գործողությունները


Ռուսական քաղաքականության փնթիությունը և Սերժ Սարգսյանի գործողությունները

  • 07-06-2017 17:26:01   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի  զրուցակիցն է քաղաքական մեկնաբան Լևոն Մարգարյանը

 

Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում ընտրություններից հետոստեղծված իրավիճակը: Հետընտրական զարգացումներ չեղան,բայց հիմա խոսվում է ընդդիմադիր արտախորհրդարանական բևեռստեղծելու մասինԿարո՞ղ է այն կենսունակ լինել:

 

Եթե խոսքը գնում է այն ուժերի միավորման մասին, ովքեր չեն մտել պառլամենտ, ապա նման բևեռ ստեղծելու հնարավորություն չկա: Նախկին ՕԵԿ-ը իր բնույթով ադմինիստրատիվ ու խոշոր կապիտալի հետ կապված սուբյեկտներից բաղկացած համախումբ է, այն որևէ կերպ չի կարող ամբողջական մասնակցել քաղաքական գործընթացների, լավագույն դեպքում առանձին քիչ թվով անհատների տեսքով: ՕՐՕ դաշինքն ու Սասնա ծռերին համակրող սուբյեկտները չկարողացան ոչ միայն ռեաբիլիտացվել հուլիսյան դեպքերից հետո, ոչ միայն չմտան պառլամենտ, այլև հետընտրական որևէ կենսունակ սցենար չունեցան: Սասնա ծռերի դիսկուրսը ընդդիմադիր հռետորաբանության մեջ նոր, բավական ծայրահեղ ու բարձր նիշ սահմանեց ու բարդություններ ստեղծեց այլ ընդդիմադիր ուժերի, ավելի շուտ հասարակության այդ ուժերի ռադիկալ գործողությունների գնալու կենսունակությանը հավատալու առումով: Բայց իրենք՝ այդ դիսկուրսի տարածողները քաղաքական առումով չունեն որևէ լուրջ գործողության բավարար ռեսուրսներ:

 

Միայն իշխանության հանդեպ դժգոությունը քիչ է այդ ուժերի գործունեության համար: Նրանց կամ այլ ծայրահեղ քայլերի պատրաստ անհատների ու խմբերի կանոնավոր քաղաքական դրսևորման հնարավորություն կարող է լինել միայն այն դեպքում, երբ հայաստանյան ամինիստրատիվ շրջանակներում ներքին հակադրություններն ընդունեն անկառավարելի ընթացք: Առայժմ այդ ներքին կոնֆլիկտներն այդպիսի ընթացք չեն ընդունել: Փաստացի արտախորհրդարանական ուժերից միայն իր պոտենցիալով ՀԱԿ-ն է, որ կարող է քաղաքական գործունեություն ծավալել: Մանավանդ քանի կա ղարաբաղյան հակամարտության այն վիճակը, որը ունենք հիմա, ՀԱԿ-ը կարող է խորհրդարանական քարոզարշավի իր մոտեցումերը մատուցել որպես քաղաքական կուրս՝ շարունակելով մնալ միակ սուբյեկտը, ով բաց ու թափանցիկ տեքստով խոսում է խնդրի առկա վիճակի, սեղանին դրված փաստաթղթի ու ամենաիրատեսական լուծումների մասին: ՀԱԿ-ը չնայած չանցավ պառլամենտ, բայց առաջին նախագահի շուրջ կոնսոլիդացած նախկին վերնախավի մի շարք ներկայացուցիչների ու կուսակցական փոքրաթիվ կորիզի շնորհիվ պահպանում է իր ներկայությունը քաղաքական դաշտում: Թե ինչպիսին կլինի ՀԱԿ-ի հետագա քաղաքական վարքագիծը, կհաջողվի՞ նրանց վերականգնել հանրության ընդդիմադիր դիրքավորված շրջանակներում՝ կախված է միայն այդ ուժից, նրանց ջանքերից, որոնք այդքան էլ ակտիվ չէին ընտրություններից առաջ:

 

Ի՞նչ եք կարծում, կա՞ արդյոք ներիշխանական բախում Կարապետյան-Սարգսյան թևերի միջև։

 

Կա հակադրություն, ինչը ոչ միայն շատ բնական է, այլև ակներև: Բնականաբար, կողմերից ոչ ոք պաշտոնապես այդ մասին չի խոսելու: Բայց թե իրերի վերլուծությունը, թե երկու կողմերի շահերի հակադիր բնույթը, թե մամուլի միջոցով դուրս սպրդվող բախումների արձագանքները թույլ են տալիս վերահաստատել, որ կա հակադրություն: Պարզապես հակադրության բնույթը հրապարակային չէ, ներվերնախավային է ու մեզ՝ քաղաքացիներիս ու քաղաքականությամբ հետաքրքրվողներիս, միայն պատառիկներ են հասանելի այդ հակամարտությունից: Կարծում եմ՝ այդ կոնֆլիկտի էսկալացիայի դեպքում էլ հանգուցալուծումը կմնա վերնախավի ներսում:

 

Ի՞նչ եք կարծում, կարո՞ղ է արդյոք Կարեն Կարապետյանը արդյունավետ կառավարման նախադրյալներ ցույց տալ ոչ թե խոսքով, այլ գործողություններով մինչև 2018: Ի՞նչ հնարավոր զարգացումներ կլինեն 2018-ից հետո։

 

Կարեն Կարապետյանը բավական բարձր վարկանիշ ունի: Հավաքել է մի կառավարություն, որի անդամները առանձնապես մեծ կոռուպցիոն ու քրեական սկանդալների կենտրոնում չեն եղել, հիմնականում իրենց ոլորտի պրոֆեսիոնալներ են: Փորձ է արվում արդյունավետ կառավարման էլեմենտներ մտցնել՝ օպտիմալացման, ինտենսիվ հանձնարարականների, նեղ մասնագիտական որակներով առանձնացող մարդկանց կոնկրետ ոլորտներում ներգրավելով: Բայց այս ամենը, ինչպես տեսնում ենք, մեծ արդյունք չի տալիս: Խոսքը բեկումնային կամ էական արդյունքների մասին է, արդյունքների այն չափաքանակի մասին, որ սահմանեց նոր կառավարությունը: Վերոնշյալ քայլերը, անկախ իրենց մոտիվացիայից, այդ քայլերի հետևում ընկած ազնիվ մղումներից, մեծ փոփոխությունների բերել չեն կարող: Հայաստանի տնտեսությունն այն վիճակում չէ, որ արդյունավետ կառավարմամբ հնարավոր լինի զգալի արդյունքներ գրանցել: Կան քաղաքական խնդիրներ, ավելի կոնկրետ աշխարհքաղաքական, որոնք եթե չեն լուծվում, կտրուկ փոփոխությունների շանս չի ստեղծվում: Դրա համար էլ Կարեն Կարապետյանը փորձում է որպես միջոց օգտագործել ռուսական կապիտալը ու մասնավորապես Ռուսաստանի հայկական կապիտալը: 

 

Առայժմ հայտարարությունների, ծրագրերի մակարդակում: Ինչպես տեսնում ենք, խոշոր ներդրումներ առայժմ չկան: Կախված նաև Ռուսաստանի տնտեսական ու քաղաքական իրավիճակի հետ: Տնտեսապես ամենալավ վիճակում չի հիմա Ռուսաստանը, բացի այդ, ռուսական քաղաքական վերնախավը հատկապես վերջին տարիներին ներգրավվեց արտաքին քաղաքական մի քանի նախագծերի մեջ ու իր վարքով ցույց տվեց, որ հեռանկարային ռազմավարություններ չունի առանձին վերցված հարցերով: Ռուսական քաղաքական շրջանակները շատ արագ ու օպերատիվ արձագանքում են այստեղ և հիմա, բայց դրանից հետո դանդաղում են: Այդպես եղավ թե Ուկրաինայի դեպքում, թե Սիրիայի, թե Հայաստանի: Այս իմաստով, ուշացող ներդրումները ու նաև 2018-ին մնացած քիչ ժամանակը խաղում են վարչապետի դեմ: Ամեն դեպքում, տեսականորեն սա իրոք ներդրումններ բերելու միակ հնարավորությունն է մնացել՝ հաշվի առնելով, որ լայնածավալ պրոարևմտյան համագործակցության հնարավորությունները Հայաստանը սպառեց վերջին տարիներին, չնայած երկուստեք փորձում են պահել բաց պատուհանը ու չխզել կապերը: 

 

Գործնականում, սակայն, նշածս պատճառներով, չի հաջողվում բերել այդ ֆինանսական հոսքերը: Եթե այդ հոսքերը գան, ապա Կարապետյան-Սարգսյան հակադրության մեջ առաջինն ակնհայտ առաջատար դիրքում կհայտնվի: Կարծում եմ, հենց այս ռուսական քաղաքականության փնթիությունն ու անհեռատեսությունը հաշվի առնելով էր, որ Սերժ Սարգսյանը համաձայնեց զիջել կառավարությունը պրո-ռուսական շահերին, շատ լավ հասկանալով, որ առաջին հարվածից հետո, երկրորդ ու երրորդ հարվածները կամ չեն հետևի, կամ կուշանան: Իսկ մինչ այդ էլ հնարավոր կլինի ներիշխանական կոնյուկտուրայի տարբեր իրավիճակներում գցել Կարապետյանի կշիռը:

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ