ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի դասախոսների բաց նամակը Կրթության և գիտության նախարարին


ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի դասախոսների բաց նամակը Կրթության և գիտության նախարարին

  • 13-06-2017 13:32:13   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Հարգելի պարոն նախարար,
 
Երևան քաղաքը հեղեղված է ԲՈՒՀ-ական գրավորների վաճառքով զբաղվող referat.am և նմանօրինակ այլ կայքերի գովազդային վահանակներով և հայտարարություններով:
Մեր այն հարցմանը, թե ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ունի՞ որևէ դիրքորոշում այդ գովազդների վերաբերյալ, նախարարության թեժ գիծը տվել է բացասական պատասխան՝ նկատի ունենալով, որ գովազդը չի խախտում ՀՀ օրենքը:
Այսինքն, ստացվում է, որ քաղաքում բացեիբաց գովազդվում են գրագողություն սատարող և դրա արդյունքները վաճառքի հանող կայքեր, իսկ ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը ոչինչ չի անում՝ դրանց գործունեության, առավել ևս՝ գովազդի դեմ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:
Միանշանակ է, որ գրագողությունը, ինչպես նաև ակադեմիական անազնվության այլ ձևերը, կործանարար են թե՛ կրթական և թե՛ գիտական ոլորտի համար: Վաճառքի հանված գրավոր աշխատանքների գնորդները բարեհաջող ավարտում են ԲՈՒՀ-երը, գիտական աստիճաններ և կոչումներ ստանում՝ ի չիք դարձնելով բարեխիղճ դասախոսների աշխատանքը: Արդյունքում վարկաբեկվում է մեր երկրի կրթական համակարգն ընդհանրապես: Եթե հնարավոր է գովազդել և իրականացնել ակադեմիական աշխատանքների առուծախը, ապա կրթական ասպարեզում ազնվություն ապահովելուն ուղղված մեր ջանքերը աչքակապություն են:
Սույնով դիմում ենք Ձեզ՝ ակադեմիական անազնվություն տարածող կազմակերպությունների գործունեությանը ուշադրություն դարձնելու, և դրանց գովազդի դեմ պայքարի մեջ մեր կողքին կանգնելու խնդրանքով:
 
Հարգանքով՝
ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երի դասախոսներ
Արթուր Ավանեսով,
Վահրամ Դանիելյան,
Սիրանուշ Դվոյան,
Հովհաննես Հովհաննիսյան,
Սմբատ Հովհաննիսյան,
Արմեն Մկրտչյան,
Նարեկ Մկրտչյան,
Սոնա Մնացականյան,
Արտո Վան
 
 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ