«Մեծ կոպալ է պետք, որ անընդհատ հակառակորդին խփենք և տեղը դնենք». Դավիթ Բաբայան
20-06-2017 18:08:37 | Արցախ (ԼՂՀ) | Քաղաքական
Լրագրի զրուցակիցն է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը
Պարոն Բաբայան, կարո՞ղ ենք արձանագրել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից դարձյալ անհասցե հայտարարություններ արվեցին, որը չի բավարարում հայկական կողմին։
Անհասցե չէ, համանախագահները Բաքվում իրենց պաշտոնական հաղորդագրության մեջ նշել են հրադադարի ռեժիմի խախտումների անթույլատրելի լինելու մասին։ Այդ պատգամը հղում են նաև Երևանին և Ստեփանակերտին։ Այսինքն՝ եթե վերցնենք այդ հայտարարությունը, ամենակարևորը հետևյալն է, որ նախևառաջ փաստացի նշվում են հակամարտության երեք կողմերը՝ Լեռնային Ղարաբաղ, Ադրբեջան և Հայաստան։ Սա շատ կարևոր է։ Նշված է, որ հանդիպում է տեղի ունեցել Արցախի դե ֆակտո իշխանությունների հետ և նշված է, որ այդ պատգամն ուղարկվել է բոլոր կողմերին, բայց առաջին հերթին հենց Ադրբեջանին են մատնանշել: Ճիշտ է՝ մենք ավելի կոշտ էինք սպասում և ճիշտ կլիներ՝ ավելի կոշտ հայտարարություն լիներ, ավելի հասցեական, բայց այսպիսի մի ասացվածք կա՝ թամամ խոսքը գիտեք ում են ասում։ Համարյա այդ նույն բանաձևն են օգտագործել։ Փաստորեն նշել են, որ Ադրբեջանն ինքն է հանդիսանում զինադադարի ռեժիմի խախտողը, քանի որ առաջինը ինքն է մատնանշվել։
Ըստ էության՝ այս հայտարարությունը տարբերվո՞ւմ էր նախորդ հայտարարություններից։
Նախորդը շատ ավելի հստակ էր, շատ ավելի հասցեական էր։ Այս մեկը տարբերվում էր մնացածից, որոնք եղել են նախկինում։ Սա իհարկե ավելի հասցեական էր, բայց մենք ուզում ենք, որ լինի ավելի հասցեական, ինչպես եղել է նախորդ հայտարարությունը։ Այնուամենայնիվ, այս հայտարարությունից պարզ է դառնում, որ նրանք առաջին հերթին դիմել են Ադրբեջանի իշխանություններին, իսկ դա շատ կարևոր է։ Կարևոր է նաև այն, որ ևս մեկ անգամ ընդգծել են, որ խաղաղ ճանապարհով պետք է կարգավորվի հակամարտությունը։
Բաքվում Մինսկի խմբի համանախագահները մտահոգություն հայտնեցին սահմանին ստեղծված իրավիճակի հետ կապված։ Մինչ մենք խոսում ենք, մինչ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հայտարարում է, որ պետք է պատասխանատվության ինստիտուտ լինի, մենք տեսնում ենք հակառակ ուղղությամբ աշխատանքներ։ Ձեր կարծիքով, արդյոք Մինսկի խումբն ամեն առավելագույնն անո՞ւմ է այս ուղղությամբ։
Նախ մենք պետք է հասկանանք այս իրավիճակը, որը բավական բարդ է։ Այս հակամարտությունը շատ բարդ հակամարտություն է և ակնկալել, որ 1-2 օրում կախարդական փայտիկ է դուրս գալու, և դրանով ամեն ինչ լուծելու են, այդպես չէ։ Պետք է խնդրի կարգավորմանը գնալ կամաց-կամաց, քանի որ չկա վերջնական կարգավորման որևէ հեռանկար, իսկ Մինսկի խմբի առաքելությունը մենք չպետք է դիտարկենք միայն վերջնական կարգավորման տեսանկյունից։ Ոչ պակաս կարևոր է, որպեսզի պահպանվի խաղաղություն ու կայունություն տարածաշրջանում։ Այս ուղղությամբ համանախագահները մեծ աշխատանք են տանում։ Նրանց արած հայտարարությունները սոսկ հայտարարություններ չեն, դրանց հետևում կանգնած է և ԱՄՆ-ի, և Ռուսաստանի, և Ֆրանսիայի քաղաքականությունը, իրավիճակի վրա ազդելու նրանց լծակները և այլն։ Առավել ևս, որ մենք տեսնում ենք, որ ավելի ակտիվ և ապակառուցողական քաղաքականություն է վարում Թուրքիան, ինչն անթույլատրելի է, ինչն ինքնին հակասում է և ՆԱՏՕ-ի տեսլականին, և ԱՄՆ-ի համար է շատ բարդ իրավիճակ ստեղծում։ Համանախագահներն, իհարկե, հաշվի են առնում նաև Թուրքիայի ինքնագործունեությունը։
Վերջին օրերի լարվածությունը, զոհերը Դուք ինչո՞վ եք պայմանավորում, ո՞րն էր նման գործողությունների հիմքը։ Վերջին ամիսներին շատ էր խոսվում սահմանին անվտանգության ապահովման առումով վիճակի բարելավման մասին, բայց փաստորեն տեսանք նորից այսքան զոհ։
Այն, որ սահմանը նոր որակ է ստացել, նոր ամրություններ, շինարարական աշխատանքներ են կատարվել, դա միանշանակ է։ Պարզապես, իրավիճակն այնպիսին է, որ այդ ամրությունները թույլ են տալիս, որ չեզոքացվեն ներթափանցման զանազան փորձեր, դիվերսիոն գործողություններ, բաց երբ կրակում են հեռվից, այսինքն՝ դիմում են ահաբեկչության, սա լրիվ այլ իրավիճակ է։ Մենք գիտենք, որ ժամանակակից պատերազմը միայն ներթափանցման փորձեր չեն, սա նաև հեռահար պատերազմ է, հետևաբար այդ գործողությունները պետք է դիտարկել այդ տեսանկյունից։ Մենք գործ ունենք ահաբեկչական գործողությունների հետ, և դեռևս չկա որևէ 100 տոկոսանոց հուսալի համակարգ, որը կարող է չեզոքացնել հեռահար հրետանու կամ ասենք նռնականետների, ականանետների, դիպուկահարների օգտագործումը։ Այսինքն՝ աշխատանք տարվում է, բայց դա չի նշանակում, որ 100 տոկոս պաշտպանված ենք։ Դժբախտաբար, մենք ունեցանք այդ զոհերը, մարդասիրական տեսանկյունից սա անդառնալի կորուստ է, բոլորս էլ ողբում ենք, բայց աշխարհքաղաքական և ռազմաքաղաքական առումներով որևէ նոր բան տեղի չի ունեցել՝ նույն հակառակորդն է, նույն աննորմալ պահվածքը։
Եվ խոսելով կախարդական փայտիկի մասին, կա միայն մի ձև՝ Ղարաբաղում մի բառ կա՝ կոպալ, որը մեծ փայտ է, այ այդ կախարդական փայտիկի փոխարեն մեծ կոպալ է պետք, որ անընդհատ հակառակորդին խփենք և տեղը դնենք, և այդպես էլ արվում է։
Այսինքն՝ արդեն պատասխան տրվե՞լ է Ադրբեջանին։
Ցանկացած ոտնձգության մենք պատասխան տալիս ենք, անհոգ եղեք։