Հայաստանը շատ պասիվ դիրքորոշում ունի ներդրումների մասով. չինովնիկները չեն աշխատում.(տեսանյութ)


Հայաստանը շատ պասիվ դիրքորոշում ունի ներդրումների մասով. չինովնիկները չեն աշխատում.(տեսանյութ)

  • 27-06-2017 17:22:01   | Հայաստան  |  Տնտեսություն



 
Հայաստանում ներդրումներ կատարում են այն երկրները, որոնք ունեն հստակ քաղաքական շահեր: Նման համոզմունք ունի տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը: 
Վերջինս հունիսի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադարձավ Հայաստանում ներդրումների ավելացման հեռանկարներին և զարգացման տեսլականին` ընդգծելով, որ այս հարցում շատ կարևոր է Հայաստանի տնտեսության և կառավարության նկատմամբ վստահությունը: 
Ըստ նրա` օտարերկրյա ներդրողների հետապնդած քաղաքական շահը բնավ էլ չի խանգարում պատկան մարմիններին պաշտպանել սեփական երկրի շահը և այդ ներդրումները ծառայեցնել նպատակին: 
«Երկրորդ կարևոր գործոնն այն է, որ Հայաստանը շատ պասիվ դիրքորոշում ունի ներդրումների մասով, և թող որևէ մեկ չինովնիկ ինձ չփորձի համոզել, որ քրտնաջան աշխատել է հստակ ծրագրերի վրա օտարերկրյա ներդրումներ ներգրավել »,- ասաց Թ. Մանասերյանը` ընդգծելով, որ ներդրումների մեծ մասը Հայաստանում արվում է ընդհանուր գաղափարի վրա: 
Տնտեսագետի խոսքերով` Հայաստանում ներդրումների ավելացման ներուժը շատ մեծ է, սակայն  դրանք իրականություն դարձնելու համար պատկան մարմինները պետք է իրենց մի քիչ նեղություն տան, նաև ազատվեն այլ երկրների կախվածությունից: 
Կարևորելով սփյուռքի մասնագիտական ներուժի ներգրավումը Հայաստանի տնտեսության մեջ` Թ. Մանասերյանը շեշտեց, որ այդ դեպքում հարյուրապատիկ անգամ ավելի օգուտ կունենա Հայաստանի տնտեսությունը: 
«Այս 25 տարիների ընթացքում մեզ ստիպողաբար դեգրադացրել են և սովորեցրել, որ մենք կարող ենք միայն մուրալ Համաշխարհային բանկից կամ Արժույթի միջազգային հիմնադրամից, մինչդեռ տնտեսության յուրաքանչյուր ճյուղի, ենթաճյուղի վերաբերյալ մենք ունենք կառավարություն ներկայացված ծրագրեր, որը ստացել է Ճանպարհային քարտեզ անվանումը, ընդամնեը ցանկություն է պետք դրանք իրականություն դարձնելու համար»,- ընդգծեց բանախոսը` հորդորելով պատկան մարմիններին սկզբում ախտորոշել սեփական երկրի տնտեսության վիճակը և զարգացման հեռանկարները: 
Նրա կարծիքով` քաղաքացիական հասարակությունը ևս պետք է ակտիվ լինի և իր պահանջատիրությամբ ստիպի իշխանություններին աշխատել` այդպիսով օգնելով կառավարությանն իրականություն դարձնել վերոնշյալ ծրագրերը: 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play