Մոսկվայում կայացել են ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջգերատեսչական հանդիպումներ


Մոսկվայում կայացել են ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջգերատեսչական հանդիպումներ

  • 30-06-2017 19:57:23   | Ռուսաստան  |  Տնտեսություն

 
Հունիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորությամբ Մոսկվայում քննարկումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: ՌԴ ֆինանսների նախարարության պատվիրակությունը գլխավորել է նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը:
 
Երկկողմ հանդիպումներում քննարկվել են համագործակցության օրակարգը, այդ թվում՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության «Ճանապարհային քարտեզի» շրջանակներում  իրականացվող միջոցառումներին առնչվող հարցերը: Անդրադարձ է եղել նաև միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման հեռանկարներին, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման ծրագրի մեկնարկին վերաբերող հարցերին:
 
Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակացության «Ճանապարհային քարտեզով» նախատեսված պարտավորությունների կատարման համար  տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ միջկառավարական, ինչպես նաև ՌԴ ՖՆ և ՀՀ ՖՆ համապատասխան համաձայնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրությունները:
 
Վերոնշյալից բացի ստորագրվել է նաև համաձայնագիր ՀՀ-ին անհատույց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման նախագծի համաֆինանսավորման շրջանակներում: Ըստ համաձայնագրի՝ 2017-2021 թթ. հայկական կողմին կցուցաբերվի սարքավորումների տեղադրման, մասնագետների վերապատրաստման աջակցություն:  
 
- See more at: http://www.minfin.am/hy/content/moskvayum_kayacel_en_hh_ev_rd_finansneri_nakhararutyunneri_mijgerateschakan_handipumner/#sthash.51GKVoHQ.6jN0SSLq.dpuf
Նոյյան տապան  -   Տնտեսություն