Քննարկվել են Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցության հեռանկարները


Քննարկվել են Ավստրիայի զարգացման գործակալության հետ համագործակցության հեռանկարները

  • 03-07-2017 19:35:29   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է Ավստրիայի դեսպանության տեխնիկական համագործակցության և Ավստրիայի զարգացման գործակալության (ԱԶԳ) գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերի գլխավորած պատվիրակությանը` երկկողմ համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով:
 
Ողջունելով հյուրերին` նախարարը շնորհակալություն է հայտնել ԱԶԳ-ին Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերին և նախաձեռնություններին օժանդակելու համար` առանձնացնելով նաև օրերս Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում օրգանական ուսումնաարտադրական կենտրոնի բացումը:
 
«Ավստրիայի զարգացման գործակալությունը կարևոր առաքելություն է իրականացնում մեր երկրում, հատկապես օրգանական գյուղատնտեսության ոլորտում, որում ներգրավվածների քանակն օրեցօր  ավելանում է: Բայց մենք դեռևս շատ անելիքներ ունենք այս ոլորտում, քանի որ ցանկանում ենք բոլոր առումներով մրցունակ արտադրանք ստեղծել», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 
Գյուղատնտեսության նախարարը ներկայացրել  է ոլորտում իրականացվող ծրագրերը և  դրանց արդյունքները` հույս հայտնելով, որ  դրանք կարող են նաև հետաքրքիր լինել  Ավստրիայի զարգացման գործակալության համար ներդրումներ իրականացնելու տեսանկյունից:
 
Ընդգծելով, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է օրգանական գյուղմթերքի արտադրության ընդլայնումը և նկատի ունենալով Գործակալության հետ համագործակցության հաջող փորձն այս ոլորտի զարգացման ուղղությամբ` նախարարն առաջարկել է երկուստեք ուսումնասիրել գլոբալ ծրագրի իրականացման հնարավորությունը:
 
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում գյուղատնտեսական կենդանիների հաշվառման և համարակալման իրականացմանը, ինչը թույլ կտա լուծել սննդամթերքի անվտանգության ապահովման խնդիրը:
 
Նախարարը նաև առաջարկել է քննարկել եվրոպական փորձի ներդրմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության ներքո գործող գիտական կենտրոնների բարելավման, արդիականացման և կառավարման արդյունավետության բարձրացման հնարավորությունը:
 
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապեր բաժին
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play