ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը


ՀՀ գյուղատնտեսության նախարարն ընդունել է Գերմանիայի պարենի և գյուղատնտեսության նախարարության պատվիրակությանը

  • 04-07-2017 17:36:19   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր  Բլեզերի գլխավորած պատվիրակությանը,  որի կազմում են Գերմանիայի պետական և գործարար շրջանակների մի խումբ ներկայացուցիչներ:
 
Պատվիրակությունը Հայաստան է ժամանել գյուղատնտեսության ոլորտում հայ-գերմանական համագործակցության ընդլայնման և նոր գործարար կապերի հաստատման նպատակով:
 
Հայկական կողմից հանդիպմանը ներկա էին ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալներ Ռոբերտ Մակարյանը և Աշոտ Հարությունյանը, ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանը, Հայաստանի զարգացման հիմնադրամի ներդրումների գծով տնօրեն Ավետիս Հովհաննիսյանը, այլ պաշտոնատար անձինք:
 
«Մենք ուրախ ենք, որ գերմանական կողմը հետաքրքրված է Հայաստանի գյուղատնտեսության ոլորտով: Գերմանական գործարարությունը հայտնի է ամբողջ աշխարհում, և մենք պատրաստ ենք ներկայացնել այն բոլոր ուղղությունները, որոնցում տեսնում ենք զարգացման ներուժ: Հուսով ենք, որ երկուստեք առկա հնարավորությունները թույլ կտան գտնել համագործակցության ընդհանուր եզրեր», - նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 
Այնուհետև նախարարը համառոտ ներկայացրել է ագրարային բնագավառում ՀՀ կառավարության առաջնահերթություններն ու տեսլականը: Նշվել է, որ ներկայումս ոլորտում առանձնահատուկ կարևորություն է տրվում, մասնավորապես, գյուղատնտեսությունում ապահովագրական համակարգի ներդրմանը, որի պիլոտային ծրագիրը նախատեսվում է սկսել 2018 թվականին, գյուղատնտեսական տվյալների թվայնացմանը, մատչելի ֆինանսական ռեսուրսների ներգրավմանը, իսկ կրթության ոլորտում` նորագույն գիտելիքներով զինված մասնագետների պատրաստմանը:
 
Որպես փոխգործակցության կարևորագույն ուղղություններ` նախարարը մատնանշել է սերմնաբուծության, անասնապահության (հատկապես` ոչխարաբուծության), խաղողագործության և գինեգործության ոլորտները, սառնարանային տնտեսությունների հիմնման, ինտենսիվ այգիների ստեղծման, կենդանիների հաշվառման և համարակալման, ինչպես նաև ոռոգման նորագույն համակարգերի և հակակարկտային ցանցերի ներդրման ծրագրերը:
 
Անդրադառնալով Հայաստանում լիզինգային եղանակով գյուղատնտեսական տեխնիկայի ձեռքբերման և մեքենա-տրակտորային կայանի (ՄՏԿ) ստեղծման ծրագրերին` նախարարն առաջարկել է հյուրերին ուսումնասիրել նաև ծրագրում մասնակցություն ունենալու հնարավորությունը:
 
ԳԴՀ-ի պարենի և գյուղատնտեսության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Պետեր Բլեզերն իր հերթին ընդգծել է գյուղատնտեսության ոլորտի զարգացումն ապահովելու համար մասնավոր հատվածի ներգրավման և երկու երկրների մասնավոր կազմակերպությունների միջև գործընկերային հարաբերությունների հաստատման կարևորությունը:  Այս համատեքստում նախարար Իգնատի Առաքելյանն ընդգծել է իր պատրաստակամությունն աջակցել այցի շրջանակներում գործարար նոր կապերի ստեղծմանը և նոր նախաձեռնությունների նախանշմանն ու իրականացմանը:
 
Զրույցի ընթացքում պատվիրակության ղեկավար Պետեր Բլեզերը հրավիրել է նախարար Իգնատի Առաքելյանին մասնակցել Գերմանիայում 2018 թվականի հունվարին կազմակերպվող Պարենի և գյուղատնտեսության գլոբալ համաժողովին:
 
 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
 հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն