Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …


Ամուլսարի ծրագրի իրագործմամբ հարվածի տակ են Արփան, Սևանա լիճը, Ջերմուկի ջրերը …

  • 06-07-2017 15:06:48   | Հայաստան  |  Հասարակություն

 
 
«Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման դեպքում շրջակա միջավայրն աղտոտվելու է ծանր ու թունավոր մետաղներով, որոնք, ամենից զատ, քաղցկեղածին հատկություն ունեն:
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանի հավաստմամբ, շատ դեպքերում ծանր մետաղներով հագեցած են այն պտուղները, որոնք մենք այսօր սպառում ենք, և այս վիճակն է` դեռ նույնիսկ մինչև Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործումը, ինչին, ցավոք, գրեթե ոչ ոք ուշադրություն չի դարձնում:
«Փոքր հանրապետություն ենք, մի քանի ժամում հանրապետության հարավից հյուսիսը կարող ենք անցնել, մեր երկրի համար նման աղետն անթույլատրելի է, պետք է կասեցնել,- ասաց Թ. Մանասերյանը:- Ավելի լավ է` դրամահավաք սկսենք, տանք, դրա փոխարեն, բյուջեն լցնեն, քան այս գնով, ոչ արժանապատիվ ձևով կուլ գնանք տրվող խոստումներին:
Մի քանի օր առաջ եմ այնտեղ եղել, էլ ուրիշ բանի մասին չեմ խոսում` արդյունաբերական նպատակներով արդյունահանում և այլն, պարզապես այդ ապարը բացեք, կոտրեք, թողեք անձրևաջրերի տակ, ու դրանից հետո տվեք լաբորատոր անալիզի, տեսեք ինչ է առաջացել, ինչ վնաս կարող է տալ: Այդ աստիճան ակնհայտ ու մեծ աղետ է սպասվում: Խնդրում եմ ինքներդ համոզվեք այդ բանում»:
Այստեղ մի փոքր բացենք փակագծերը. լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվելու է, որ առաջացել է ծծմբական թթու` H2SO4, այդ թթուն պարունակող թթվային ջրեր: Հանքի մակերսի հողի, կավի շերտի հեռացումից հետո դրանց տակ եղած ճաքճքած ապարները, որոնք հետո, հանքի շահագործման ընթացքում կոտրատվելու, մանրացվելու արդյունքում ավելի մեծ մակերես են ունենալու, շփվելու և քիմիական ռեակցիայի մեջ են մտնելու անձրևաջրերի և այլ ջրերի, ինչպես նաև մթնոլորտում եղած թթվածնի հետ: Հանքի այդ թթվային դրենաժի հետևանքով առաջանալու է ոչ մեծ խտության ծծմբական թթու` H2SO4, որը ձագարաձև փորվելիք (եթե, իհարկե, դեմը չառնենք) հանքից ներծծվելու է գրունտային ջրերի մեջ և ստորերկրյա ջրերով կարող է հասնել նույնիսկ ոչ հեռու գտնվող (ընդամենը մետ 14կմ) մեր Ջերմուկի անգնահատելի ջրերին, ապականել, ավելին` թունավորել դրանք:
Եթե նույնիսկ վերը նշվածը տեղի չունենա, ապա այդ ստորերկրյա ջրերը ելք ունենալով ավելի ցածր նիշերի վրա գտնվող ձորերում, ձորակներում, խառնվելու են այն աղբյուրներին, որոնցից սնվում են Արփա և Որոտան գետը, թունավորելու են այդ գետերի ջրերը: Արփան, ինչպես հայտնի է, ի վերջո հասնում են Սևանա լիճ, բացի այդ, Արփայի և Որոտանի ջրերով ոռոգվում գյուղատնտեսական նշանակության հսկայական տարածքներ, նշված գետերի ջրերը միաժամանակ խմելու ջուր են հանդիսանում անասունների համար: Հենց այստեղ նշենք, որ Սևանա լճի ջրերով ոռոգվող Արարատյան դաշտում  է ապրում (Երևանում և այլ բնակավայրերում) Հայաստանի բնակչության կեսից ավելին, որը սնվում է այդ դաշտում աճեցված բանջարեղեններով, մրգերով ու պտուղներով:
Ավելին. թթվային հիշյալ ջրերն արտահոսքի դեպքում կարող են թունավորել հանքավայրից ոչ հեռու գտնվող գյուղատնտեսական հողերը, նաև խառնվել այդ տարածքում եղած մակերևութային ջրերին, այդ կերպ հասնել Որոտան և Արփա գետերին, վերջինիս ջրերով նույնպես թունավորել ներքևում գտնվող հողատարածքները և Սևանա լիճը: Ընդ որում, խնդիրը սոսկ ծծմական թթվով հողատարածքների, Արփա և Որոտան գետերի, Սևանա լճի, բացառված չէ, նաև Ջերմուկի հանքային ջրերի թունավորումը չէ: Ծծմբական թթու պարունակող այդ թթվային ջրերն անհամեմատ ավելի մեծ չափաքանակներով, քան սովորական ջուրը, իրենց մեջ լուծում են Ամուլսարի հանքավայրի ապարներում ոսկուց ավելի մեծ պարունակությամբ առկա վտանգավոր տարրերը, նաև ծանր, թունավոր, ինչպես նաև ռադիոակտիվ մետաղները: Կարծում ենք, արդեն կարելի է պատկերացնել, թե ինչ ահավոր խառնուրդի մասին է խոսքը:
Ընդգծենք, որ «Լիդիան Արմենիա» ընկերությունն պետական համապատասխան մարմնին չի ներկայացրել այնպիսի հետազոտության արդյունք հանդիսացող հաշվետվություն, որը երաշխիք կտա, որ իրենք կկարողանան կառավարել թթվային դրենաժի ռիսկը, և վերը նկարագրվածն իրականություն չի դառնա: Համենայն դեպս, գոյություն չունի պետական համապատասխան մարմնի` բնապահպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից փորձաքննված, հիշյալ ռիսկի կառավարման ու վտանգի չեզոքացման երաշխիք տվող այդպիսի ուսումնասիրության, գնահատման հաշվետվություն, որի փորձաքննության դրական եզրակացությամբ կհաստատվեր, որ ընկերության հաշվետվությունում ներկայացված տեղեկությունները, փաստերն ապացուցվում են, համապատասխանում են իրականությանը:
Հիշյալ կենտրոնի ղեկավարն ևս նշեց, որ վտանգված է նաև Սևանա լիճը, որը միայն մեր ազգային հարստությունը չէ, մենք անփույթ ենք շատ լուրջ արժեքի նկատմամբ, որը պատկանում է ոչ միայն մեզ, այլև տարածաշրջանին:
«Իհարկե, Ամուլսարի խնդիրը բավական լուրջ խնդիր է և խորքային հետազոտությունների կարիք ունի,- ասաց Թ. Մանասերյանը:- Ես բնապահպան չեմ, այնուամենայնիվ, որպես նաև տնտեսագետ գնահատելով իրավիճակը, տեսնում եմ, որ ոչ միայն վնասները բավական աղաղակող ու ակնհայտ են, այլ նաև, դրա հետ միասին, կան ակնհայտ ապօրինի գործողություններ, որոնցից մի քանիսին ես կանդրադառնամ:
Հետաքրքիր է, որ այն ընկերությունը, որը «Lydian International» ընկերության («Լիդիան Արմենիա» ընկերության բաժնետոմսերի 100%-ի սեփականատիրոջ.- Ա. Հ.) պատվերով կատարել է աշխատանքներ ու տվել իր եզրակացությունը, հաշվետվությունը Ամուլսարի վերաբերյալ, պետք է ներկայացներ նաև մասնագիտական հետազոտությունների արդյունքներ: Ձեզ ուզում եմ ծանոթացնել հետևյալ փաստաթղթին` «Սամուել ինժեներինգ» ընկերության 2017թ. մարտի 30-ի հաշվետվությանը: Սա փաստաթուղթ է, որը ստորագրել են 7 փորձագետներ, և այստեղ ես, բնականաբար, ակնկալում էի, որ կլինեն որոշակի ուսումնասիրությունների արդյունքներ:
Երբ կարդալուց, ուսումնասիրելուց հետո բացում ենք հաշվետվության հատկապես վերջին մասը (խոսքս վերաբերվում է առաջարկներին), և ավելի որոշակի փորձում ենք 397-րդ էջում ծանոթանալ այն առաջարկներին, որոնք բխում են իրենց ուսումնասիրություններից, այդտեղ ջրի հաշվեկշռի հետ կապված, երկրաքիմիական ուսումնասիրությունների հետ կապված մարդիկ ազնվորեն խոստովանել են, որ ոչինչ չի արված, իրենք ոչինչ չեն արել: Կրկնում եմ` սա հորինվածք չէ, սա փաստաթուղթ է` 7 փորձագետի կողմից ստորագրված:
Չարված ուսումնասիրությունների համար իրենք նոր, այ հիմա` 2017 թվականին, փորձում են 405 000 ամերիկյան դոլար ստանալ, որպեսզի վերջապես կատարեն երկրաքիմիական, ջրի հաշվեկշռի հետ կապված և այլ ուսումնասիրություններ: Ասել է թե, մինչ այս, թույլտվությունը ստացել են առանց այդ ուսումնասիրությունների, մնացածը թողնում եմ արդեն ձեր դատողություններին: Նման ցցուն փաստի մասին պարտավոր էի ձեզ տեղեկացնել և ասել, որ այս ամենը կատարվում է առանց նախապես ուսումնասիրություններ անելու: Այդ փաստաթղթի տակ ստորագրած փորձագետներից ոչ մեկը գիտական անհրաժեշտ, պահանջվող կոչում, գիտական աստիճան (PHD) չունի այս բնագավառում, որ նման ուսումնասիրություն կատարեր, բայց, միաժամանակ, չեմ կարող չգնահատել նրանց ազնվությունը, որ խոստովանել են ուսումնասիրություններ արած չլինելը»:
Նշենք, որ հիշյալ ընկերության կողմից մասնավորապես ուսումնասիրված չէ, թե ջրերի մաքրման պասիվ կայանը որքանով կչեզոքացնի Ամուլսարի թթվային դրենաժի խնդիրները, ինչը պարզելն, անշուշտ, պահանջում է համապատասխան և երկարատև ուսումնասիրություններ: Ավելին. ջրային հաշվեկշռի առնչությամբ հաշվարկված չեն վերջնական գոլորշիացումը, ձնհալքի առաջացումը, ընդհանրապես, այդ տարածքում ջրերի առաջացման ծավալը, ներծծումը, մակերևութային հոսքը և այլն:
Անդրադառնալով այն խնդրին, որ ցիանիդային (թունավոր) եղանակով է կատարվելու շահագործումը, գիտնականն ասաց, որ այդ եղանակի օգտագործումն աշխարհում որոշակի դեպքերում արգելված է, և փաստաթղթում հիմնավորում չի տրված, թե հատկապես այս դեպքում ինչո՞ւ է ցիանիդային եղանակով կատարվելու: Իրենց մի քանի քննարկումների ժամանակ հավաստիացրել են, որ ոչ մի վնաս չի հասցվելու, թեև ցիանիդային եղանակի առնչությամբ փաստաթղթում այնպես է գրված, որ չեն բացառում այդ վնասը:
«Նշում են, թե Սևանա լճին վնաս չի հասցվելու,- ասաց Թ. Մանասերյանը:- Շատ լավ տեղյակ եք, որ այնտեղ գետերից Արփան լցվում է Սևանա լիճ, եթե նույնիսկ փոշու տարածման շառավղով դիտարկենք, ակնհայտ է, որ շատ մոտ է Արփա գետին ու Սևանա լճին, նույնիսկ այդ եղանակով է վնասը հասցվում, էլ չեմ խոսում այն մասին, որ հանքի թթվային դրենաժի ռիսկի կառավարման, չեզոքացման մասին հետազոտության արդյունքներ, հիմնավորում չկա ոչ Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի մեջ, ոչ էլ` կառավարության հաստատած փաստաթղթերում, ինչն անթույլատրելի է»:
 Մասնագետները, փորձագետները, հիշյալ կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, առաջնահերթ են համարում նման պայմաններում, նախևառաջ, գնահատել թթվային դրենաժի ռիսկը:
«Ես,- շարունակեց տնտեսագետը,- ուզում եմ հավելել, որ այնտեղ Սարավանդ, Կեչուտ, Գնդեվազ, Գորայք գյուղական համայնքները, որոնք Ամուլսարից ընդամենը 5-9 կիլոմետր են հեռու, հիմնականում զբաղվում են անասնապահությամբ, հողագործությամբ, այգեգործությամբ, հրաշալի միրգ կա այնտեղ, չեմ խոսում Ջերմուկի մասին, որն ընդամենը 14 կիլոմետր հեռավորության վրա է:
Ոչ միայն բնապահպանների կամ տնտեսագետի հաշվարկներ են, որ միլիոնավոր, հարյուր միլիոնավոր դոլարների վնաս է հասցվելու, որովհետև Ջերմուկն այլևս որպես առողջարան չի դիտարկվելու, այլև առողջարանի գլխավոր բժշկի, մասնագետների, չքաղաքականացված մարդկանց, գործարար մարդկանց կարծիքը, համոզմունքն է սա, որ անհամատեղելի են այս երկու ծրագրերը: Եթե մենք ուզում ենք Վայքում այդ տարածքը վերածել ավելի գրավիչ վայրի, ընդ որում, ոչ միայն զբոսաշրջության, այլև, ընդհանուր առմամբ, գործարարության, ներդրումների համար կարևոր մի վայրի, ապա շատ ավելի զգույշ պետք է լինել»:
Սակայն, բնապահպանների մտահոգությունները, ըստ գիտնականի, արհամարհվում, անտեսվում են:
«Հաշվետվություններում ծիծաղելի թվեր կան, ես հանդիպեցի առավելագույնը 15 միլիոն դրամ գնահատված հնարավոր վնասի, որն ինձ հիշեցրեց Թեղուտի խնդիրը, երբ այնտեղ գետի վերացման գին էին գնահատել, գրել հաշվետվության մեջ,- ասաց Թ. Մանասերյանը:- Նշված էր 180 000 դրամ, և ես այն ժամանակ, նստած էին Թեղուտի պատասխանատուները, ասացի` իմ համեստ պրոֆեսորական աշխատավարձից տալիս եմ ձեզ այդ գումարը, մի գետ ինձ տվեք, ես հասկանամ` դա գետի արժե՞քն է, թե ոչ: Այսինքն` անհեթեթության հասնող, մարդկանց հիմարի տեղ դնող թվաբանություն: Եվ վերջում հիմքում գիտե՞ք ինչ էին դրել` ձկան արժեքը, որ այդ գետում կարող է լինել և վերանալ: Իրենց արժեքն էլ հավանաբար պետք է այդպես գնահատել և ոչ թե ավելին, մարդկային չափանիշներով:
Ամուլսարի պարագայում, շատ գովազդելով, նշել են, որ 700 000 դոլարի փոխհատուցում են պատրաստ տրամադրել բնությանը վնաս պատճառելու դիմաց, մինչդեռ ԱՄՆ-ում թթվային դրենաժի պատճառով ընդամենը մեկ գետի ընդամենը 27 կիլոմետրանոց աղտոտված մի հատվածի վերականգնման համար ծախսել է 210 միլիոն դոլար, որը, սակայն, հիմնախնդիրը դեռ չի լուծել, միլիարդներ են անհրաժեշտ: Ավելին` խոսքը որոշ դեպքերում անվերադարձ կորստի մասին է, հնարավոր չէ գումար դնել և նախկին վիճակը նույնությամբ վերականգնել»:
Ամուլսարում, հիշյալ կենտրոնի ղեկավարի հավաստմամբ, ամբողջովին վտանգված են անասնապահությունը և անասնապահական արտադրանքը (կաթնամթերքներ և այլն), իսկ ինչ վերաբերում է բնակչության առողջությանը, ապա դրան դեռ չանդրադարձավ, այնուամենայնիվ, այն շատ ցավոտ ու ծանր թեմա համարեց:
«Ես հորդորում եմ Հայաստանի բարձրագույն ղեկավարությանը` Հայաստանի Հանրապետության վարչապետին, նախագահին` իրենց անձնական հսկողության տակ առնեն այն փաստերը, որոնք արդեն մատնանշեցի,- ասաց Թ. Մանասերյանը:- Խնդրում եմ հաշվի առեք նաև, որ «Lydian International» ընկերությունը հանքարդյունահանման, հանքարդյունաբերության բնագավառում ընդհանրապես փորձառություն չունի, երբևէ նման ծրագիր չի իրականացրել և փորձառություն չունի անգամ ասումնասիրություն անելու… Իշխանությունների այս անհոգ կեցվածքն ինձ իսկապես շատ է վրդովեցնում»:
 
Արթուր Հովհաննիսյան
 
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play