Ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցում ԲՈՒՀ-երի ուսանողները մասնակցեցին 5-օրյա անվճար դասընթացների (տեսանյութ)


Ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցում ԲՈՒՀ-երի ուսանողները մասնակցեցին 5-օրյա անվճար դասընթացների (տեսանյութ)

  • 27-07-2017 18:28:39   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ



 
Ինտերնետ կամ համացանց կոչվածը մեր ժամանակներում դարձել է շատերիս կենցաղի անբաժանելի մասը: Այսօր Ինտերնետից օգտվում են ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները, հետևաբար ինտերնետը հնարավորինս անվնաս կերպով օգտագործելու համար անհրաժեշտ նախապայման է երիտասարդներին համապատասխան գիտելիքներով ապահովելը: Թերևս հենց այս հանգամանքը կարևորելով` «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպությունը նախաձեռնեց Երևանում Ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցի բացումը, որը, ինչպես նշում են հիմնադիրները, միակն է ԱՊՀ տարածաշրջանում: 
 
«Ինտերնետի աննախադեպ արագ զարգացումն առաջացրել է մի շարք խնդիրներ. ինտերնետի արագ զարգացման արդյունքում ի հայտ են գալիս նոր ծառայություններ, որոնք օրենքով կարգավորված չեն ու շատ դեպքերում հարց է առաջանում, արդյոք հնարավոր է դրանք օրենքով կարգավորել թե ոչ. չեմ ասում, որ ուսանողները դրանք կարող են կարգավորել, սակայն հարցադրում անենք, թող մտածեն: Նրանք ավելի մոտ են կանգնած կիբերաշխարհին, ավելի շատ են շփվում»,- ասաց «Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանը: 
 
Հուլիսի 17-21-ն անցկացված առաջին անվճար դասընթացին մասնակցեց Հայաստանում գործող պետական ԲՈւՀ-երի շուրջ 30 ուսանող: 
Վերջիններս 5 օր շարունակ հնարավորություն ունեցան ոլորտի լավագույն մասնագետների օգնությամբ ծանոթանալ Ինտերնետ կառավարմանն առնչվող հարցերին, ինտերնետ անվտանգության խնդիրներին, մարդու իրավունքների առցանց պաշտպանությանը, ինչպես նաև համատեղ քննարկումներ անցկացնել ինտերնետի ենթակառուցվածքների, դոմեյնային անունների համակարգերի վերաբերյալ:  
 
«Քանի որ նոր սերունդն օգտագործում է ինտերնետը, մենք ուզում ենք իրենց տեղեկացնել բոլոր նրբություններին, որպեսզի նրանք պաշտպանված լինեն և կարողանան գրագետ կերպով օգտագործել ինտերնետն իրենց կարիքների համար»,- ընդգծեց «Ինտերնետ հանրություն» ՀԿ արտաքին կապերի մենեջեր Լիաննա Գալստյանը: 
 
Ինտերնետ կառավարման առաջին հայկական դպրոցի հիմնադիրների համոզմամբ` ինտերնետ կառավարման մասին երիտասարդների պատկերացնումները շատ սահմանափակ են, ուստի նմանատիպ դասընթացները հնարավորություն են տալիս լրացնելու այդ բացը: 
Դասընթացի ավարտին մասնակից ուսանողներին հանձնվեցին վկայագրեր և շապիկներ: 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ