Հոլանդական ընկերությունները հետաքրքրված են համագործակցել հայ գործընկերների հետ գյուղատնտեսության ոլորտում


Հոլանդական ընկերությունները հետաքրքրված են համագործակցել հայ գործընկերների հետ գյուղատնտեսության ոլորտում

  • 20-09-2017 17:16:44   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր ընդունել է գյուղատնտեսական սարքավորումների արտադրությամբ զբաղվող հոլանդական մի շարք ընկերությունների ներկայացուցիչների: Հանդիպման նպատակն էր քննարկել  գյուղատնտեսության բնագավառում հայ-հոլանդական գործարար կապերի ընդլայնման և Հայաստանում հոլանադական գյուղտեխնիկայի ներդրման հնարավորությունը:
 
 «Մեզ համար չափազանց կարևոր է գյուղատնտեսության ոլորտի տարբեր ճյուղերում ավելացնել արտադրության ծավալները, ապահովել բարձրորակ գյուղմթերք, որը մրցունակ կլինի արտասահմանյան շուկաներում: Այդ նպատակով մենք պատրաստ ենք ուսումնասիրել ոլորտի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկ և քննարկել ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման հնարավորությունները», - ողջունելով հյուրերին` նշել է նախարար Իգնատի Առաքելյանը:
 
Հանդիպման ընթացքում հյուրերը համառոտ ներկայացրել են իրենց ընկերությունների գործունեությունը, ագրարային ոլորտում համագործակցության առավել նպատակահարմար ուղղությունները: Մասնավորապես, հյուրերն առավել մեծ հետաքրքրություն են ցուցաբերել Հայաստանում ջերմոցաշինության, բանջարեղենային պահեստների և սառնարանային տնտեսությունների ստեղծման, թռչնաբուծարաններում և անասնապահական ֆերմաներում հոլանդական սարքավորումների տեղադրման ուղղությամբ: 
 
Հոլանդական կողմը հնարավոր է համարել նաև հայ մասնագետների վերապատրաստումը  Նիդերլանդներում:  
 
Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանը հյուրերին ներկայացրել է պետական աջակցության նոր ծրագրերը, գյուղտեխնիկայի լիզինգի պայմանները և նշել, որ հոլանդական ընկերությունները նույնպես կարող են դառնալ այդ ծրագրերի մասնակից:
 
 Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող այլ հարցեր:
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
 
և հասարակայնության հետ կապերի բաժին
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play