Լավ նախադրյալներ նորարարության ոլորտում հայ-իրանական գործակցության համար


Լավ նախադրյալներ նորարարության ոլորտում հայ-իրանական գործակցության համար

  • 20-09-2017 17:43:13   | Հայաստան  |  Տնտեսություն

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին մեկնարկող «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող հայ-իրանական երկօրյա համաժողովին նվիրված մամուլի ասուլիսը։
Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը, ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ, պրոֆեսոր Արամ Սահարյանը և Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության  (GIZ) Հայաստանում գործող ՓՄՁ զարգացմանն աջակցող թիմի ղեկավար Էվա Մարիա Նեհերը։
 
Ներկայացնելով լրագրողներին համաժողովի նպատակը և ծանոթացնելով միջոցառման օրակարգին, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը նշել է, որ լավ նախադրյալներ կան նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համագործակցության համար։ Նա հույս է հայտնել, որ միջոցառումը լավ հնարավորություն կընձեռի երկու երկրների գիտական և գործարար համայնքների ներկայացուցիչներին արդյունավետ համագործակցություն ծավալելու և նոր առաջարկություններով միջազգային շուկա դուրս գալու։   
Հայ-ռուսական սլավոնական համալսարանի մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը ողջունել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության նախաձեռնությունը, շեշտելով, որ նման համաժողովները կարող են շատ արդյունավետ լինել և առանձնացրել է, իր պատկերացմամբ, փոխգործակցության առավել հեռանկարային ոլորտները՝ էներգետիկան, բժշկագիտությունն ու դեղագործությունը և կրթությունը։
ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի գիտական քաղաքականության վարչության պետ, պրոֆեսոր Արամ Սահարյանն իր հերթին ներկայացնելով կոմիտեի հիմնական նպատակներից մեկը՝ միջազգային համագործակցության զարգացումը, գոհունակություն է հայտնել նշված գաղափարի շուրջ տարբեր կազմակերպությունների ջանքերի համախմբման առիթով և հավելել, որ այն կօգնի հիմնարար արդյունքների հասնելուն։
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության Հայաստանում գործող ՓՄՁ զարգացմանն աջակցող թիմի ղեկավար Էվա Մարիա Նեհերը նշել է, որ իրենց նպատակը Հայաստանում ՓՄՁ ոլորտը, որտեղ մեծ ներուժ են տեսնում, հզորացնելն է և իրենք պատրաստ են աջակցել  հետաքրքիր գաղափարները կյանքի կոչելուն։ Նա կարծիք է հայտնել, որ հայկական ընկերությունները կշահեն, եթե կարողանան կապել իրենց բիզնեսը հիմնարար գիտությունների հետ և դուրս գալ միջազգային շուկա։ 
 
Լրացուցիչ տեղեկատվություն
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, 2017թ. սեպտեմբերի 22-23-ը Երևանում կանցկացվի նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական համաժողով: 
Համաժողովը գործընկերային կապեր հաստատելու գերազանց հարթակ է գիտատեխնոլոգիական և գործարար հանրության համար: 
Երկօրյա միջոցառման առաջին օրը կքննարկվեն բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող հարցեր ու ծրագրեր, ինչպես նաև կներկայացվեն գիտական զեկուցումներ: 
Միջոցառման երկրորդ օրը տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, սարքավորումները, առևտրայնացման փորձը, ինչպես նաև կանցկացվեն քննարկումներ` հայկական և իրանական ընկերությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: 
Համաժողովը կազմակերպվում է Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը» (“Support to SME Development in Armenia” (SMEDA) ծրագրի շրջանակում` Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ:
Համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք է բերվել Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հրավերով 2017թ.-ի փետրվարին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանի գլխավորած պատվիրակության ԻԻՀ այցի ընթացքում, որի ժամանակ նաև  նախաստորագրվել է գիտության և տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների կառավարությունների միջև համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր: 
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն