Մեզ թվում է, որ Հայաստանի պետական համակարգում ծովահրեշի պես իր շոշափուկները տարածած մի հակահամակարգ կա, սխալվո՞ւմ ենք…


Մեզ թվում է, որ Հայաստանի պետական համակարգում ծովահրեշի պես իր շոշափուկները տարածած մի հակահամակարգ կա, սխալվո՞ւմ ենք…

  • 19-10-2017 13:02:38   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

 
 
 
Գրեթե կործանված, մի կերպ շնչող տնտեսություն, հիմնականում վարկերով և օտարերկրյա ընկերությունների կողմից երկրի հանքահումքային հարստությունների գիշատչային շահագործմամբ, ըստ էության, թալանով գոյատևող բյուջե, ավելի քան 5 մլրդ ԱՄՆ դոլարի արտաքին պարտք և մոտ 6 մլրդ դոլարի պետական պարտք (կառավարության արտաքին ու ներքին պարտքը, ինչպես նաև ԿԲ-ի պարտքը), Հայաստանի Հանրապետության ձևական անկախացումից հետո ավելի քան 2 մլն բնակչության արտագաղթ. ահա մեր երկրի այսօրվա իրավիճակը: Կա՞ արդյոք ելք…
Կա՛, տնտեսությունը ոտքի կանգնեցնելու և դրա շնորհիվ այլևս վարկեր չվերցնելու, եղած պարտքերը հնարավորինս արագ փակելու առումով ելք կա, սակայն մեզ թվում է, որ Հայաստանի պետական համակարգի ներսում ծովահրեշի պես իր շոշափուկները տարածած մի հակահամակարգ կա, որն ամեն կերպ թույլ չի տալիս, որ երկրի տնտեսությունն այս վիճակից հանվի, կյանքի կոչվեն դրան նպատակաուղղված քայլերը: Հակահամակա՛րգ, որի դեմ նույնիսկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունն է անզոր` գուցե ինքն էլ է արդեն ներսից մեծապես գրավված լինելով այդ հակահամակարգի կողմից: Սխալվո՞ւմ ենք… Գուցե, բացառված չէ, բոլորս էլ սխալական ենք, բայց այս դեպքում մեր այս տեսակետի ճիշտ կամ սխալ լինելը պարզելու մի շատ հեշտ եղանակ կա: Մենք ՀՀ կառավարությանը և Ազգային ժողովին ահա առաջարկում ենք Հայաստանի տնտեսությունն այս վիճակից հանելու ելքը, որը եթե իրագործվի, ուրեմն կարող եք համարել, որ մենք սխալվում էինք կամ էլ համակարգն այս դեպքում կարողացավ հաղթել հակահամակարգին: Եվ հակառակը` եթե առանց փաստարկման, հիմնավորումների, մեր այս առաջարկը մերժվի կամ պարզապես լռության մատնվի, անտեսվի, ապա վստահ եղեք, որ մեր վերոնշյալ տեսակետը հենց իրականությունն է արտահայտում, հակահամակարգն այս դեպքում էլ հաղթեց համակարգին:
Բացենք փակագծերը… Հանրահայտ փաստ է, որ հայ գիտնականներն իրենց տաղանդով աշխարհում եթե նույնիսկ առաջին տեղում չեն, ապա առաջին հնգյակում են: Այսպիսի ճգնաժամային իրավիճակում եթե տնտեսությունը երկրում կոռուպցիայի հաղթահարման, արդարադատության հաստատման միջոցով չի հանվում այդ վիճակից, ապա միակ միջոցը մնում է գիտությունը, նորարարություններին և տնտեսական արդյունք ապահովող գյուտերին ապավինելը: Գաղտնիք չէ, որ Հայաստանում բազմաթիվ գյուտարարներ ու գյուտեր կան, որոնք կյանքի չեն կոչվում զուտ այն պատճառով, որ գյուտարարը համապատասխան ֆինանսական միջոցներ չունի` իր մշակման նույնիսկ նախատիպը ստեղծելու, դրա աշխատունակ և արդյունավետ լինելն ապացուցելու համար, էլ չենք ասում` իր գյուտի հիման վրա թեկուզ փոքր արտադրություն կազմակերպելու:
Ավելին. ոչ միայն գյուտարարի, այլև երկրի պետական բյուջեում նույնպես այդ նպատակի համար համապատասխան միջոցներ չկան: Գյուտարարը բանկից էլ չի կարող պարտք վերցնել, քանի որ բանկը վարկ տալու դիմաց գրավ է պահանջում (ոսկեղեն, թանկարժեք ավտոմեքենա և այլն), որը գյուտարարը կամ ընդհանրապես չունի, կամ բավարար չափով չունի, իսկ իր միակ կացարանը` բնակարանը, չի կարող գրավադնել, քանի որ, այնուամենայնիվ, ռիսկի գործոնն իր համար թեկուզ և փոքր չափով կա: Այս խնդրի առջև ժամանակին կանգնել են նաև Չինաստանը, Սինգապուրը և այսօր բուռն կերպով զարգացող ասիական այլ երկրներ, որոնք գտել են լուծումը: Այնտեղ հասկացել են, որ գյուտարարի գյուտը թեև մտավոր, բայց նույնպես արժեք, որը կարելի է բանկում գրավադնել, եթե լինի համապատասխան օրենսդրություն: Եվ մշակել, ընդունել են այդ հույժ անհրաժեշտ օրենսդրությունը:
Անշուշտ, կարող է հարց առաջանալ, թե բանկն իր տված գումարն ինչպե՞ս է հետ ստանալու, եթե այդ գյուտն իրականում բանի պիտանի չէ կամ չի կարող ապահովել նախապես հաշվարկված արդյունքը: Ասիական այդ երկրներում տվյալ խնդրի լուծումն էլ են գտել. Բանկը գյուտն իբրև գրավ վերցնում է միայն այն դեպքում, երբ դրա համար տրվում է պետական երաշխիք, իսկ պետությունը բանկին պետական երաշխիք տալիս է միայն այն դեպքում, երբ իր ստեղծած փորձագիտական հանձնաժողովը կառավարություն կամ իրեն դիմած գյուտարարին, իր հերթին տալով գյուտը չգողանալու, չսեփականելու իրավական երաշխիք, հանգամանորեն ուսումնասիրում ու փորձաքննում է նրա գյուտը, համոզվում, որ այն իսկապես պիտանի, ինչպես ասում են, աշխատող, ինչպես նաև ակնկալվող արդյունքն ապահովող գյուտ է:
Այսօր տնտեսական առումով մեզանից շատ առաջ, բայց, այնուամենայնիվ, ոչ բարվոք վիճակում գտնվող Ռուսաստանը նույնպես հասկացել է իր տնտեսության համար վերոնշյալ ճանապարհի կարևորությունը և արդեն մտադիր է ընդօրինակել ասիական զարգացած ու բուռն թափով զարգացող երկրների այդ դրական փորձը:
«Ռոսպատենտ»-ի ղեկավար Գրիգորի Իվլեվը վերջերս ելույթով հանդես գալով ՎԵՖ-2017-ում և հայտնելով այն համոզմունքը, որ Ռուսաստանում սուր կերպով ծառացած է նորարարությունների առևտրայնացման խնդիրը, ասել է.
«Մենք ունենք գիտական շատ մշակումներ և գյուտեր, բայց մենք ունենք խնդիր` ինչպես վերելք ունենանք այդ գյուտերով: Տեխնոլոգիաների այդ տրանսֆերը` պատենտավորված Ռուսաստանում և արտերկրում, ինչն արված է մեր գիտակների կողմից, գյուտարարների, ձեռնարկատերերի և պետական կառավարման համար հիմնախնդիր է հանդիսանում»:
Նորարարությունների առաջմղման  բոլոր մեխանիզմները, որոնք օգտագործում են «ասիական վիշապները», օրինակ, Չինաստանը, կկիրառվեն նաև Ռուսաստանում: Գրիգորի Իվլևը համարել է, որ, օրինակ, գիտական մշակումների առևտրայնացման ենթակառուցվածքի զարգացման համար «անհրաժեշտ է մտավոր սեփականության գրավադրում և գիտա-տեխնիկական գործունեության ֆինանսավորում մտավոր արժեքի գրավադրմամբ»:
«Այն պետք է լինի գնահատված, այն պետք է լինի տեսանելի,- «Русская Газета»-ին ասել է «Ռոսպատենտ»-ի ղեկավարը:- Եվ հենց այն ժամանակ, երբ ֆինանսական միջոցներ կգտնվեն գյուտի իրացման համար, երբ կգնվի պատենտի իրավունքը, երբ պատենտը վաճառվում է կամ վերավաճառվում, այդ դեպքում կզարգանա ամենաժամանակակից ապրանքների արտադրությունը, որոնք անհրաժեշտ են տնտեսությանը և քաղաքացիներին»:
Բացի դրանից, Գրիգորի Իվլևն ընդգծել է, որ «շատ կարևոր է պատենտային ապահովագրության ինստիտուտը», մտավոր սեփականության ձևավորման, պահպանման ու պաշտպանության ծառայությունների, այդ թվում` այդ պաշտպանության իրավական մեխանիզմների ստեղծումը:
Ընդգծենք, որ ՀՀ կառավարությունը, իշխանությունները, ցանկության դեպքում, նույնիսկ մի քանի ամսում կարող են մշակել և արդեն եկող տարվա սկզբից ընդունել բոլոր համապատասխան և անհրաժեշտ օրենքները, իրավական ակտերը: Ինչպե՞ս կվարվեն… Մեր այս առաջարկը նման է «լակմուսի թղթի», որը շուտով կտա այն հարցի պատասխանը, թե Հայաստանում կա՞ հակահամակարգ, կամ այն այս դեպքո՞ւմ էլ հաղթեց…
 
Արթուր Հովհաննիսյան
 
 
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ