Որտե՞ղ է Հայաստանը պահում իր ռադիոակտիվ «աղբը». լույս արտադրող կայանի մութ կողմերը


Որտե՞ղ է Հայաստանը պահում իր ռադիոակտիվ «աղբը». լույս արտադրող կայանի մութ կողմերը

  • 02-11-2017 15:08:23   | Հայաստան  |  Տնտեսություն

Հայաստանի ատոմակայանը կաշխատի ևս 10 տարի։ Պաշտոնապես հնչած այս հայտարարությունը նոր հարցեր է առաջացնում. Իսկ ի՞նչ են արվելու առաջիկա 10 տարում առաջացող նոր ռադիոակտիվ թափոնները, և ընդհանրապես որտե՞ղ է Հայաստանը պահում ատոմակայանի աշխատանքի արդյունքում առաջացող «վտանգավոր աղբը»։
 
 Ռադիոակտիվ թափոնների պահման հատուկ պահեստարան կամ գերեզմանոց Հայաստանը չունի և չի էլ ունեցել։ Ատոմակայանի աշխատանքի արդյունքում միջուկային վառելիքի մնացորդներն արդեն 22 տարի կուտակվում են ժամանակավոր պահեստարաններում։
 
Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Ատոմային էներգետիկայի անվտանգության խորհրդի գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը` հավելելով, որ այսօր որպես պահեստարան է ծառայում ՀԱԷԿ-ի առաջին`չշահագործվող էներգաբլոկը։
 
«Ռեակտորը կանգնած է և օգտագործվում է որպես ավազան, որտեղ հավաքվում է աշխատած վառելիքը», — ասում է Պետրոսյանը։
 
Ի դեպ, ատոմակայանը Հայաստանում ռադիոակտիվ թափոն առաջացնող միակ արտադրական օբյեկտն է։ Մինչև 1989թ-ը ՀԱԷԿ-ի ռադիոակտիվ թափոնները երկաթուղով տեղափոխվում էին Ռուսաստան։ Հայաստանի տնտեսական շրջափակման ու երկաթուղային ճանապարհի փակվելու հետևանքով 1995թ-ից ի վեր, ատոմակայանի վերաշահագործումից սկսած, դրանք սկսեցին կուտակվել Հայաստանում։
 
Թե այսօր ինչ ծավալի ռադիոակտիվ թափոններ կան կուտակված ատոմակայանի տարածքում, Վահրամ Պետրոսյանը չցանկացավ բացահայտել։
 
 
Փոխարենը այս գաղտնիքը որոշ չափով բացում է 2017թ.-ի հուլիսին կառավարության ընդունած «Ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը»։
 
Դրա համաձայն` «1995թ-ից ՀԱԷԿ-ում կուտակվել է շուրջ 600 ջերմանջատիչ հավաքվածք» (ՋԱՀ)։ Դրանք օգտագործված վառելիքի սառեցման համար նախատեսված հատուկ տարաներ են։
 
Տարիներ շարունակ կուտակված թափոններից ազատվելու համար 2000թ-ին Ֆրանսիական «Ֆրամատոմ» կազմակերպությունը ՀԱԷԿ-ի տարածքում նոր պահեստարան կառուցեց, որը, սակայն, 5 տարի անց ամբողջությամբ լցվեց։ Եվս 616
 
ՋԱՀ էլ իրենց հարցի վերջնական լուծմանն են սպասում այս պահեստարանում:
 
Եվս 800 ՋԱՀ էլ, մասնագետների հաշվարկով, Հայաստանում կկուտակվի ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի հետագա 10 տարվա շահագործման ընթացքում։
 
Վահրամ Պետրոսյանի խոսքով, ՀՀ իշխանությունները կուտակված խնդրի լուծման ուղիներ են փնտրում։
 
«Պատրաստվելու են հատուկ բետոնե տարաներ, որոնց կյանքի տևողությունը մոտավորապես 300 տարի է։ Նախնական մշակումից հետո ռադիոակտիվ թափոնները լցվելու են այդ տարաների մեջ և պահվելու են»,- ասաց Պետրոսյանը։
 
Իսկ թե ով, երբ, որտեղ ու ինչ գումարով է կառուցելու նոր պահեստարանը, հայտնի չէ։ Մեր զրուցակցի խոսքով, այս հարցն այսօր բանակցային փուլում է։
 
Նախնական հաշվարկով, պահեստարանի կառուցումը կարժենա շուրջ 60 մլն ԱՄՆ դոլար։
 
2017թ-ի հոկտեմբերի 12-ին ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» օրենքի նախագծին ու այն ուղարկել ԱԺ։
 
1989 թվականի փետրվարից առաջին էներգաբլոկը գտնվում է երկարատև կանգի ռեժիմում:
 
 
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն