Պոլսի պատրիարքի ընտրության շուրջ լարումը հասնում է գագաթնակետին


Պոլսի պատրիարքի ընտրության շուրջ լարումը հասնում է գագաթնակետին

  • 21-11-2017 17:41:12   | Հայաստան  |  Հարցազրույցներ


Լրագրի  զրուցակիցն է թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը

 

Պարոն Մելքոնյան, Պոլսո Հայոց պատրիարքական տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեկչյանը նամակ է ուղարկել Թուրքիայի նախագահ Էրդողանին և ներքին գործերի նախարարությանը, որտեղ անդրադառնում է Պոլսո պատրիարքի ընտրության հարցին։ Դեռ սահմանադրական բարեփոխումներից առաջ Էրդողանը  խոստացել էր զբաղվել պատրիարքի ընտրությունների հարցով։ Ինչպե՞ս եք գնահատում Բեկչյանի այս քայլը և ի՞նչ կարելի է ակնկալել։

 

Նամակի բովանդակությունը և նամակի առկայությունը մեզ թույլ է տալիս պնդել, որ Բեկչյանը հաստատակամ է իր լիազորություններն իրականացնելով` ի վերջո, օրինական ճանապարհով պատրիարքի ընտրության խնդիրը տանել հանգուցալուծման։ Եվ նա ոչ թե դիմում է խարդավանքների, կուլիսային հանդիպումների, տարատեսակ այլ մեխանիզմների, այլ իրականացնում է այն, ինչ ամրագրված է եւ աշխարհիկ ու եկեղեցական օրենքներով, եւ թուրքական պետության համապատասխան գրված ու չգրված օրենքներով, և Հայ առաքելական եկեղեցու օրենքներով։ Բացի այդ, Սրբազանի գրությունը ցույց է տալիս, որ նրա՝ ընկրկելու մասին այդ խոսակցությունները դեռևս վաղ են։ Հուրախություն մեզ բոլորիս, և առաջին հերթին Պոլսո հայ համայնքի գիտակից հատվածի, Գարեգին սրբազանը լի է վճռականությամբ՝ շարունակել պայքարը։ Բացի այս հայտարարությունից, ընդհանրապես նրա պահվածքը, հայտարարությունները, հարցազրույցները խոսում են այն մասին, որ Բեկչյանը, ծանոթ լինելով պոլսահայ խարդավանքներին, ծանոթ լինելով թուրքական գործելակերպին, շարունակում է իր պայքարը։ Նաև պետք է ասել, որ ինչպես արդեն մենք տեսել ենք, և բազմաթիվ փաստեր ապացուցում են, Գարեգին սրբազանը գտնվում է մի քանի կողմանի ճնշումների տակ, և այդ համատեքստում քայլեր անելն իրոք համարձակություն է։

 

Ինչու եմ ասում՝ մի քանի կողմանի, որովհետև մի կողմից կա թուրքական արհամարհանքի, թուրքական կողմից որևէ արձագանք չստանալու երևույթը, մյուս կողմից կան հայ համայնքի օլիգարխիայի բացահայտ ճնշումները, և երրորդ՝ կա նաև հայ համայնքի մամուլի միջոցների ակնհայտ ապակառուցողական պահվածքը։ Կոնկրետ Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի պահվածքը, որում շարունակ հայտնվում են հոդվածներ, հրապարակումներ, որոնք ոչ թե  միտված են խնդրի հանգուցալուծմանը, այլ էլ ավելի են սրում իրավիճակը և առաջացնում, այսպես կոչված, ճնշման մթնոլորտ, մի այնպիսի մթնոլորտ, որից պետք է ազդվեն և հայ ընտրողը, և պատասխանատու գործիչները։ Իսկ այդ մթնոլորտը ձևավորվում է՝ իր առանցքում ունենալով թուրքական սպառնալիքներն ու խտրական քաղաքականության երանգները։ «Ժամանակ» օրաթերթը դարձել է թուրքական այդ քաղաքականության, սպառնալիքների հանրայնացման և հայ համայնքում տարածելու մարմնի, ինչը շատ տխուր է, քանի որ մեծ ճանապարհ անցած օրաթերթ է։ Կարծում եմ՝ նրանք պետք է կամ լինեն ընտրյալ տեղապահի կողքին, կամ գոնե չեզոքություն պահպանեն, մինչդեռ նրանց ամենօրյա հրապարակումներն ավելի շատ կրում են ապակառուցողական, իրավիճակն էլ ավելի թեժացնող միտումներ։ Եթե ամփոփենք, կարող ենք ասել, որ Գարեգին Բեկչյանի այս հայտարարությունները, այս քայլերը, ինչպես Նժդեհն է բնորոշում, վճռական մենակի քայլեր են, բայց այդ վճռական մենակը, ի վերջո, ինչ-որ հարցեր կարողանալու է լուծել։

 

Այսինքն՝ հնարավոր է նաև արձագա՞նք լինի այս նամակին։

 

Թուրքերն անտեսման քաղաքականություն են վարում, անտեսում են Բեկչյանի բոլոր գրությունները, բոլոր հայտարարությունները, և չեմ կարծում, որ հիմա թուրքական իշխանությունները շատ արագ կարձագանքեն, մանավանդ որ, ինչպես տեսնում ենք, նրանք շփվում են բոլորովին այլ մարդկանց հետ, ինչպիսին է Շիրինօղլուն։ Բայց ես կարծում եմ՝ Գարեգին Բեկչյանը, հավատարիմ իր կոչմանը և երդմանը, անում է այն, ինչ պետք է անի և իրեն պատասխանատու է համարում ոչ այնքան թուրքական իշխանությունների, որքան հայ համայնքի և Ամենայն հայոց կաթողիկոսի առջև։ Կարծում եմ՝ Գարեգին Բեկչյանի այս բոլոր քայլերը բխում են օրինականությունից, տրամաբանությունից և լիովին համապատասխանում են հայ եկեղեցու օրենքների տառին ու ոգուն։ Այնպես որ, իր այս գրությամբ Բեկչյանը սթափության կոչ է անում Հայ առաքելական եկեղեցու այն բոլոր հետևորդներին, որոնք ավելորդ ոգևորության մեջ ընկած հետևում են ոչ թե այն օրենքներին, որոնք ամրագրված են եկեղեցով և այն ուղուն, որը սահմանել է Ամենայն հայոց կաթողիկոսը, այլ տարբեր աստիճանի թուրք պաշտոնյաների և նրանց միացած տարբեր հայ գործիչների խարդավանքներին։

 

Այս պայմաններում ի՞նչ զարգացում կարող ենք ակնկալել՝ հաշվի առնելով, որ Շիրինօղլուն հանդիպումներ է ունենում տարբեր պաշտոնյաների հետ։ Կարո՞ղ ենք արձանագրել, որ տևական ժամանակ չենք կարող ակնկալել Պոլսո պատրիարքի ընտրությունների անցկացում։

 

Ես կարծում եմ, որ լարումը հասնում է գագաթնակետին, քանի որ կողմերից յուրաքանչյուրն, ի վերջո, բացում է խաղաքարտերը։ Իսկ խաղաքարտերը բացվելու ընթացքում բացվում է նաև նրանց գործելաոճը, երբեմն նաև նրանց մոտ տեսնում ենք էական փոփոխություններ, և հոգևորականների, և աշխարհիկների մոտ։ Նրանք, ովքեր որոշակի իրավիճակների հանդեպ ունեին այլ վերաբերմունք, հիմա մի փոքր փոխում են իրենց մոտեցումը։ Բացում են խաղաքարտերը նաև մամուլի որոշ միջոցներ, որոնք անկողմնակալից ու չեզոքից դառնում են խիստ կողմնակալ։ Սա, կարծում եմ, տանում է դեպի հանգուցալուծում։ Թե ինչպիսին կլինի հանգուցալուծումը, կարծում եմ՝ կախված է կողմերից։ Մի կողմում Բեկչյանն է, որի շուրջ համախմբված է համայնքի և առաքելական հայերի գիտակից հատվածը, մյուս կողմում մի խումբ է, որի լիդեր չի առանձնանում, գործում են ավելի շատ խմբակային մեթոդներով՝ Աթեշյան, Շիրինօղլու, «Ժամանակ» օրաթերթ, այլ տրամաչափի գործիչներ։ Այս համախումբը մի կողմից ապակառուցողական քաղաքականություն է վարում, մյուս կողմից ակնհայտ դեմ են գնում Հայ առաքելական եկեղեցու և հայ համայնքի շահերին։ Անկախ իրենց անձնական ամբիցիաներից, իրենց անձնական մոտեցումներից, կան հստակ խնդիրներ, որոնք շրջանցել, անտեսել չի լինի։ Դա Հայ եկեղեցու ամենակարևոր օրենքներում ամրագրված տեղապահի ընտրությունն է և տեղապահ ընտրված անձի նկատմամբ անվերապահ հարգանքը, ինչը նրանք չեն ցուցաբերում և զբաղվում են ինտրիգներով։ Ես կարծում եմ, որ պետք է այս ամենը տեղավորել հենց հանգուցալուծման տիրույթում։ Ի վերջո, այս երկարատև թնջուկը պետք է մի օր հանգուցալուծվի։ Հուսանք, որ հանգուցալուծումը կլինի գոնե քիչ ցավոտ հայ համայնքի համար։

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ