Ֆրանսիական գինիներ և ոգելից խմիչքներ արտադրող ընկերությունները խորացնում են համագործակցությունը Հայաստանի հետ


Ֆրանսիական գինիներ և ոգելից խմիչքներ արտադրող ընկերությունները խորացնում են համագործակցությունը Հայաստանի հետ

  • 22-11-2017 18:21:49   | Հայաստան  |  Հասարակություն

 
Ֆրանսիական գինիներ և ոգելից խմիչքներ արտադրող ընկերությունները խորացնում են համագործակցությունը տեղի հյուրանոցային և ռեստորանային բիզնեսով զբաղվող ընկերությունների հետ: Այս նպատակով «Բիզնես Ֆրանս» ֆրանսիական ձեռնարկությունների միջազգային զարգացման և նրանց արտահանումների գործակալությունը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ առաջին անգամ անցկացրեց Testin’France, որի շրջանակներում հայ սպառողին ներկայացվեց շուրջ 22 տեսակ ֆրանսիական գինի և ոգելից խմիչք: 
 
Ինչպես նշեց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտը, աշխարհում գինու արտադրության 16 տոկոսը և ֆրանսիական գինիների արտահանման 30 տոկոսը բաժին է ընկնում Ֆրանսիային: 
 
Ըստ նրա՝ Ֆրանսիան, նկատի ունենալով Հայաստանում ձևավորված գինեգործական ավանդույթները, մտադիր է սերտ համագործակցություն սկսել այս ոլորտում: 
 
«Արդեն իսկ կարող եմ փաստել, որ գինին համարվում է Հայաստանի մշակութային և գաստրոնոմիական ժառանգության անքակտելի մասը: Չմոռանանք, որ գտնվում ենք Արարատ լեռան փեշերին, և որ խաղողի առաջին այգիներն այստեղից ոչ հեռու են հիմնվել»,- ընդգծեց Ջ. Լակոտը՝ հավելելով, որ ֆրանսիական հայտնի և խոշոր գինեգործական որոշ ընկերություններ արդեն իսկ ներկայացված են Հայաստանում՝ հաշվի առնելով վերջինիս միջոցով Եվրասիական տնտեսական միության շուկա դուրս գալու հնարավորությունները:  
 
Ֆրանսիայի դեսպանը նաև շեշտեց, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրմանը երկու օր է մնացել, ինչը կդյուրացնի կողմերի միջև առևտրատնտեսական հարաբերությունները: 
 
Նշենք, որ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված մասնագիտական համտեսին մասնակցում էին գինու արտադրությամբ զբաղվող ֆրանսիական չորս ընկերություններ՝ «Դեկոմբ գինիներ», «Արմանյակ Կաստարեդ», «Լե Գրան Շե դը Ֆրանս», «Աշիլե»: 
 
Իր հերթին «Բիզնես Ֆրանս» ընկերության ներկայացուցիչ Մարֆա Դոքեն-Մախրովան նշեց, որ իրենց առաքելությունն է աջակցել վերոնշյալ չորս ընկերությունների ներկայացուցիչներին հայկական շուկայում կողմնորոշվելու, նոր գործընկերներ և փոխգործակցության կապեր գտնելու հարցում: 
 
Նրա խոսքերով՝ Երևանում կայացած մասնագիտական համտեսի համար ընտրված ընկերությունները ներկայացնում են Ֆրանսիայի հիմնական խաղողագործական շրջանները՝ Բորդո, Բուրգունդիա, Էլզաս, Պեյրի դ՛Օք, Արմանյակ:  
 
«Այս հայտնի խաղողագարծական շրջաններին զուգահեռ կան ավելի քիչ հայտնի շրջաններից ներկայացված ընկերություններ, որոնց բոլոր դեպքերում միավորում է բարձրակարգ  և գերազանց որակի արտադրանքը»,- փաստեց Մարֆա Դոքեն-Մախրովան: 
 
 
 
 
 
 
 
Էլիզա Զախարյան, «Նոյյան Տապան» 
 
Նոյյան տապան  -   Հասարակություն