Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները


Ամփոփվել են պտուղ-բանջարեղենի մթերումների և արտահանումների արդյունքները

  • 25-12-2017 14:03:59   | Հայաստան  |  Տնտեսություն

Այսօր տեղի է ունեցել ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանի մամուլի ասուլիսը, որի ընթացքում ներկայացվել են գյուղմթերքի արտահանումների և մթերումների, ինչպես նաև 2017 թվականին մեկնարկած ծրագրերի ընթացիկ արդյունքները:
 
Անդրադառնալով Գյուղատնտեսական հումքի մթերումների նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների մասնակի սուբսիդավորման պիլոտային ծրագրին, որին մասնակցում է 15 ֆինանսական կառույց` փոխնախարարը տեղեկացրել է, որ ծրագրի շրջանակներում նախատեսված շուրջ 2.4 մլրդ դրամի վարկերից 16 վերամշակող ընկերությունների արդեն իսկ տրամադրվել է մոտ 1,2 մլրդ դրամ:
 
«Ծրագիրն ավելի ընդլայնված ծավալներով կշարունակվի նաև 2018 թվականին, վարկային պորտֆելը կկազմի շուրջ 18 մլրդ դրամ, իսկ յուրաքանչյուր վարկառուին տրամադրվող վարկի առավելագույն չափը 150 մլն դրամից կբարձրացվի մինչև 1 մլրդ դրամ», - նշել է Ռոբերտ Մակարյանը:
 
Ներկայացնելով 2017 թվականի ընթացքում գյուղմթերքի մթերումների ընթացիկ արդյունքները` փոխնախարարը նշել է, որ պտուղբանջարեղեն վերամշակող ընկերությունների կողմից մթերվել է շուրջ 70 հազար տոննա պտուղբանջարեղեն, որից 45 հազար տոննա բանջարեղեն: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մթերվել էր 61 հազար տոննա պտուղբանջարեղեն: Նրա խոսքով` խաղող վերամշակող ընկերությունների կողմից ընփացիկ տարում մթերվել է 110,9 տոննա խաղող, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 109,8 տոննա խաղողի դիմաց:
 
Ռոբերտ Մակարյանն անդրադարձ է կատարել նաև մթերումների դիմաց իրականացվող վճարումների ընթացքին: Նրա խոսքով` այս պահի դրությամբ դեռևս պահպանվում է 2015 թվականին իրականացված մթերումների դիմաց «Վինար» ընկերության պարտքը, որը այս օրվա դրությամբ կազմում է 34 մլն դրամ: Փոխնախարարը միաժամանակ հույս է հայտնել, որ առաջիկայում այդ խնդիրը կլուծվի: Ռոբերտ Մակարյանը նաև տեղեկացրել է, որ 2017 թվականի կատարված մթերումների դիմաց վճարումները մոտ 90 տոկոսով իրականացված են, մնացած գումարները կնքված պայմանագրերի և վճարման ժամանակացույցերի համաձայն աստիճանաբար կմարվեն:
 
Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ արտահանումների գործընթացը  խթանելու և հայկական գինեգործական արտադրանքն առաջ մղելու նպատակով վերջերս ստեղծվել և ակտիվ գործունեություն է ծավալում Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը, որի աջակցությամբ մի շարք տեղական ընկերություններ հնարավորւթյուն են ունեցել ընթացիկ տարում ներկայացնել իրենց արտադրանքը միջազգային ցուցահանդեսներին:
 
Փոխնախարարը նաև նշել է, որ խաղողագործության և գինեգործության ոլորտների հետագա զարգացման նպատակով նախատեսվում է առաջիկայում իրականացնել  խաղողի այգիների քարտեզագրում, ինչը հնարավորություն կտա համապարփակ տեղեկատվություն ունենալ Հայաստանում աճեցվող խաղողի այգիների վերաբերյալ:
 
Ասուլիսի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է նաև ընթացիկ տարում գյուղմթերքի արտահանման ցուցանիշները: Ըստ այդմ` այս պահի դրությամբ հանրապետությունից արտահանվել է 119200 տոննա պտուղբանջարեղեն: Պտուղբանջարեղենի հիմնական մասն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն:
 
Անդրադառնալով Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ) գործող գյուղատնտեսական տոնավաճառներին` Ռոբերտ Մակարյանը տեղեկացրել է, որ Ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 23-ից մինչև դեկտեմբերի 30-ը, դրանք կգործեն ամենօրյա ռեժիմով:
 
Ասուլիսի ընթացքում փոխնախարարն անդրադարձել է նաև գյուղատնտեսության ոլորտին տրամա­դրվող վարկերի տոկոսադրույք­ների սուբսիդավորման ծրա­գրին, որին մասնակցում է 5 ֆինանսական կառույց:
 
«Ըստ օպե­րա­տիվ տվյալների` ծրագրով շահառուներին տրամադրվել է շուրջ 2,5 մլրդ դրամ գումարի 557 միավոր վարկ: Մեկ վարկի միջին չափը կազմել է 4.47 մլն դրամ: Ընթացքի մեջ է շուրջ 1,4 մլրդ դրամի գումարով ևս 288 միավոր վարկի տրամադրման քննարկումը», - հավելել է փոխնախարարը:  
 
Պոտենցիալ շահառուները ծրագրից օգտվելու համար պետք է պարտադիր ուսուցում անցնեն Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի մարզային կառույցներում և ստանան հավաստագիր, ինչն էլ իրավունք կտա դիմել ֆինանսական կառույցներին: Ներկա պահին ուսուցման արդյունքում տրամադրվել է 4200 հավաստագիր:
 
Իր խոսքում Ռոբերտ Մակարյանն արնդրադարձել է նաև Հայաս­տանի Հանրա­պետությունում գյուղատնտեսա­կան տեխնիկայի ֆինանսական վարձա­կա­լության` լի­զինգի պետա­կան աջակցության ծրագրին, որով ըստ օպերատիվ տվյալների գյուղատն­տեսական տեխ­նիկա է տրամադրվել է 157 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում` 67 տրակտոր, 2 կոմբայն և 88 միավոր այլ գյուղտեխնիկա: 
 
 
 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և
 
հասարակայնության հետ կապերի բաժին
 
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play