Առաջին փուլը գործող վարչախմբի հեռացումն է


Առաջին փուլը գործող վարչախմբի հեռացումն է

  • 27-12-2017 18:16:51   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը
 
 
- Պարոն Մակեյան, օրերս Ժիրայր Սեֆիլյանը նորից կոչ էր արել չընկրկել և ավելի մեծ թափով շարունակել ահաբեկչական գաղութատիրությունից ազատագրվելու պայքարը, Վարուժան Ավետիսյանը նույնպես զենք վերցնելու և պայքարելու կոչեր է անում։ Որքանո՞վ են նրանց առաջարկած և Հանուն Հայաստան պետության ճակատի օրակարգերը նույնը։ Տեսակետ կա, որ հենց նրանք էլ բանտից առաջնորդում են այս շարժումը։
 
 
- Գիտեք՝ և Ժիրայրը, և Վարուժանը մեր ընկերներ են։ Հանուն Հայաստան պետության ճակատը համախմբվել է Ժիրայրի կոչով, բայց յուրաքանչյուր հարց, որ քննարկվում է ճակատում, բազմակողմանի է քննարկվում, յուրաքանչյուրն իր կարծիքն է ասում, և դժվար է որևէ ձևով ասել, որ դա ղեկավարվում է ինչ-որ կենտրոնից, կամ Ժիրայրի և Վարուժանի հանձնարարություններով։ Նրանց կարծիքները, որպես մեր ընկերներ, բնականաբար, մենք լսում ենք, հաշվի ենք առնում և ըստ անհրաժեշտության՝ քննարկում և մոտեցումները հստակեցնում ենք։ Այնպես որ, ճակատը ղեկավարվում է Հանուն Հայաստան պետության նախաձեռնող խմբի անդամների կողմից։
 
 
- Պայքարի նրանց առաջարկած տարբերակները որքանո՞վ են ընդունելի ճակատի կողմից՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանք անընդհատ զենք վերցնելու կոչեր են անում։
 
 
- Երբ մարդը հանիրավի, անարդար ձևով գտնվում է անազատության մեջ, «դատարանում» ներկայացումների մասնակից դառնում, հնարավոր է գնահատականները լրիվ այլ լինեն, որովհետև մենք հասկանում ենք՝ ինչպիսի դատական գործընթացներ են գնում, դատողները ովքեր են, ովքեր են մեղադրողները, այսինքն՝ իրավիճակին ռեալ պետք է նայել՝ մարդը որտեղ է գտնվում և ինչ դիրքորոշում է արտահայտում։ Մենք հստակ պետք է հասկանանք՝ այդ ասելիքը նորություն չէ։ Նրանք մեկ տարի առաջ ապստամբել են՝ չտեսնելով այլ ճանապարհ։ Եթե մարդն իր որդուն է տանում իր հետ, այլևս բացատրություններ պետք չեն։ Իսկ հիմա իմ կողմից նախկինում հարգված ընկերները, ցավոք, վերցրել են իրենց վրա և փորձում են մրոտել, վարկաբեկել տղաներին, այդ ֆունկցիան անգամ Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը, Բաբուխանյանները չվերցրին իրենց վրա։ Ավելի ճիշտ՝ իշխանությունը նրանց է վստահել այդ գործառույթը, որ ընկալվի ճշմարտությանը մոտ։ Ես ափսոսում եմ, ամաչում եմ իմ նախկին գործընկերների համար։
 
 
- Սերժ Սարգսյանը Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին նշել է, որ ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է միայն Հայաստանի Հանրապետությանը։ Ի՞նչ մեսիջներ կային Սերժ Սարգսյանի այս ելույթում, և կարո՞ղ ենք ասել, որ այստեղ նաև ակնարկ կար «Սասնա ծռերին»։
 
 
-Այս տասը տարվա ընթացքում լսում ենք իրականությունից կտրված, վիրտուալ Հայաստանի մասին ելույթներ։ Այսինքն՝ ի՞նչ է նա ասում, ասում է՝ ուժի իրավունք ունի կիրառելու Հայաստանի Հանրապետությունը օրենքների սահմաններում։ Հիմա դասեր է տալիս այդ կառույցին, որը ազգային անվտանգությունն ապահովելու փոխարեն ապահովում է իր հետույքը։ Տեսեք՝ Սասնա ծռերը 30 հոգով իրար հետ աշխատել են, և այդ կառույցը չի կարողացել կանխել դա, նշանակում է՝ եթե կա ԱԱԾ կոչվող կառույցը,  դա պետք է հայտնաբերեր և կանխարգելեր։ Եթե չի արել, նշանակում է՝ չկա այդ կառույցը, այդ կառույցը աշխատում է միայն Սերժ Սարգսյանի և նրա շրջապատի անվտանգությունն ապահովելու համար։ Եվ չի կարող անվերջ ապահովել, քանի որ, ինչպես տեսնում եք, ամիսը մեկ իրենք ինչ-որ բանդա են հայտնաբերում։
 
-2018-ին ի՞նչ գործողություններ եք անելու հանրությանը մոբիլիզացնելու համար։ Ըստ էության՝ զենքն էլ չմոբիլիզացրեց հանրությանը։ Ի՞նչ տարբերակ է ճակատն առաջարկելու։
 
-Բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, բոլոր ուժային կառույցները իրենց ձեռքում են, «օրենքի» դրոշի տակ խաղում են։ Ժողովուրդը չի ընդունում, չի վստահում իշխանություններին։ Ամեն ընտրությունից հետո բացասական էներգիան էլ ավելի է կուտակվում։ Դրա համար մենք կոնկրետ ուղերձներ պետք է տանք, որ մենք սկսելու և ավարտելու ենք այս գործընթացը։ Հայաստանի նման երկրում ֆորս-մաժորներ հնարավոր են միշտ այսպիսի իշխանությունների պարագայում, առավել ևս երբ կա ղարաբաղյան հարց, և չի բացառվում արտաքին ուժային կենտրոնների միջամտությունը։ Այս բոլորի պարագայում եթե Հայաստանում քաղաքական ընդդիմությունը կարողանա ճիշտ ազդակներ ուղղել հանրությանը, հաշված օրերի ընթացքում սրանք գնացող են։ Ուղղակի մենք պետք է կարողանանք այդ բանաձևը գտնել, այդ կենտրոնը ձևավորել։
 
 
-Այս տարի կլինի՞ արդյոք ձեր ճանապարհային քարտեզը։
 
 
-Մեր օրակարգում ընդունել ենք ճանապարհային քարտեզի առաջին փուլի քննարկումը։ Առաջին փուլը գործող վարչախմբի հեռացումն է, երկրորդ փուլը՝ իշխանության ձևավորման գործընթացն է լինելու, հիմա քննարկում ենք առաջին փուլը։ Բարդ և ծավալուն քննարկում է գնում։
 
Նոյյան տապան  -   Հարցազրույցներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play