Կամ զինված պայքար, կամ պետության վախճան


Կամ զինված պայքար, կամ պետության վախճան

  • 27-12-2017 18:24:52   | Հայաստան  |  Հարցազրույցներ

Լրագրի զրուցակիցն է Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

-Պարոն Մարտիրոսյան, Սերժ Սարգսյանը ԱԱԾ օրվան նվիրված օրվան իր ելույթում հայտարարել է, որ ուժ կիրառելու իրավունքը պատկանում է միայն Հայաստանի Հանրապետությանը, ըստ էության, անուղղակի ակնարկներ անելով «Սասնա ծռերին» և նրանց գործողություններին։ Ինչպե՞ս եք գնահատում այդ ելույթը:

 
-Ելույթն այս անգամ ամբողջությամբ նայել եմ, և կարծում եմ, որ դրանք ավելի շատ դրսին ուղղված խոսքեր էին, որովհետև հիմնականում, այսպես ասած, միջազգային տրենդների մասին էր խոսվում՝ ահաբեկչություն, կիբերհանցագործություն, կոռուպցիայի դեմ պայքար, միջազգային տարբեր կառույցների հետ համատեղ աշխատանք և այլն։ Ընդամենը երկու հատված էր, որ վերաբերում էր, կարծեք թե, Հայաստանին։ Առաջին հատվածը հետախուզությանը ու հակահետախուզությանը վերաբերող փոքրիկ պարբերություն էր։ Ես ինքս էլ կարծում եմ, որ Հայաստանը շատ կարևոր խաչմերուկ լինելով, բնականաբար, այստեղ տարբեր երկրների հատուկ ծառայություններ պետք է հետաքրքրված լինեն, ինչպես նաև ունենալով մեզ թշնամաբար վերաբերվող երկու պետություն՝ Ադրբեջանը և Թուրքիան, իրենց հատուկ ծառայություններն էլ պետք է փորձեն երկրում ինչ-որ ոչ ցանկալի քայլեր իրականացնել, և ակնհայտորեն այստեղ հետախուզությունն ու հակահետախուզություն անելիք ունեն։ Ես հույս ունեմ, որ այդ ուղղությամբ քայլերն արվում են, որովհետև համենայն դեպս, որևէ աղմկոտ դեպք չենք տեսել, որ Հայաստանում ահաբեկչություն լինի կամ նման խնդիրներ առաջանան։
 
Երկրորդ հատվածը վերաբերում էր արդեն, ըստ էության, «Սասնա ծռերին»։ Այո, Հայաստանի Հանրապետությունում պետք է զենքի կիրառումը միայն պետությանը բնորոշ լինի, բայց Հայաստան պետություն ասելով մենք պետք է նկատի ունենանք առաջին հերթին ոչ թե իշխանությանը, այլ քաղաքացիներին, որոնք իշխանության ձևավորման աղբյուրն են և երկրի տերերն են։ Բայց  մեզ մոտ ոչ թե պետությունն է զենքը կիրառում, բացառությամբ արտաքին պաշտպանության, որտեղ բոլորս էլ բնականաբար կողմ ենք, որ երկրի պաշտպանության համար զենք կիրառվի, այլև բացառապես իշխանությունն է անօրինական կերպով զենք կիրառում՝ ինքը լինելով ոչ լեգիտիմ։ Այսինքն՝ կեղծված ընտրությունների արդյունքում ձևավորված իշխանությունը բացառապես իրեն պաշտպանելու համար անօրինական զենքի կիրառում, ուժի կիրառում է իրականացնում։  Դա մենք տեսել ենք և մարտի 1-ին, և բազմաթիվ ակցիաների ժամանակ, բազմաթիվ ընտրությունների ժամանակ։ Ամենավերջինը, «Սասնա ծռերի» գործողություններից հետո, Սարի թաղում և Խորենացի փողոցում ժողովրդի դեմ բիրտ ուժի կիրառումն էր, որտեղ ակնհայտորեն կրիմինալը ևս մասնակցում էր ոստիկանների հետ միասին։ Այս պարագայում մենք պետք է խոսենք այն մասին, որ այն, ինչ ասաց Սերժ Սարգսյանը, իրականությունից կտրված է։
 
Սերժ Սարգսյանի խոսքում մեր անվտանգության հետ կապված երրորդ ասպեկտը կար, որ շնորհակալություն հայտնեց ընտրություններին մասնակցելու համար։ Այս դեպքում արդեն պետք է խիստ բացասական գնահատական տամ ԱԱԾ-ի գործողություններին, որովհետև ԱԱԾ որևէ սպա կամ ենթասպա հրապարակային դուրս չեկավ և չասաց, թե ինչ խայտառակ ընտրություններ են եղել այս տարի ևս։ Այն, որ մենք 1995 թվականից ի վեր միայն կեղծված ընտրություններ ենք ունեցել, դա ակնհայտ է եղել բոլորիս համար, բայց երբևիցե մենք չլսեցինք, որ որևէ մեկը դուրս գար ու ասեր, թե ինչ խայտառակ ընտրություններ են եղել։ Այստեղ անվտանգության մարմինների աշխատանքն արդեն բացասական պետք է գնահատել։
 
Վերադառնալով թեմային, նշեմ, որ Հայաստանում բարեբախտաբար ներքին առումով ահաբեկչություններ իրականացնելու առումով որևէ հիմք չկա, նման հող չկա։ Մենք ոչ  կրոնական փոքրամասնություններ ունենք, ոչ այստեղ ծայրահեղ արտահայտված կրոնական անհանդուրժողականություն կա։
 
-Վերջերս ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց, որ հերթական անգամ փորձել են կանխել ահաբեկչության փորձը։ Կարծում եք՝ այս ելույթը նաև նախազգուշացո՞ւմ էր:
 
Այստեղ չկան քաղաքական, մարգինալ ծայրահեղ խմբեր, որոնք իրենց գաղափարների համար կցանկանային ժողովրդի նկատմամբ ահաբեկչություն իրականացնել, վախեցնելու համար, ահաբեկելու համար։ Այստեղ չկան այնպիսի էթնիկ խմբավորումներ, որոնք միմյանց դեմ պայքարի կգնային։ Հայաստանի բնակչության 98 տոկոսից ավելին հայեր են, իսկ դա անվտանգության առումով լավ է։ Բացի այդ, փոքրամասնությունների նկատմամբ շատ հանդուրժող վերաբերմունք է, որևէ փոքրամասնություն ՀՀ-ում ֆիզիկական անվտանգության հետ կապված խնդիր չունի, որ փորձի ահաբեկչական ակտերի միջոցով ինչ-որ բան փոխել։ Մեր զինված խոշոր գործողությունը միայն արտաքին հատվածից է սպասվում, այն էլ միայն Ադրբեջանից, որովհետև Թուրքիան, ճիշտ է, թշնամական գործողություններ է անում Հայաստանի նկատմամբ, մասնավորապես, շրջափակել է մեր երկիրը, բայց կարծեք թե այս պահին դեռևս ուժային որևէ գործողություն անելու հեռանկար չկա։ Հայաստանում, ըստ էության, զինված գործողություն ներքին առումով միայն մնում է քաղաքական պայքարի տեսանկյունից։ Ես համոզված եմ, որ եթե Հայաստանում ներիշխանական ռազբորկաներ լինեն, թեկուզ զինված, հասարակությունը չի մասնակցի և կողք կկանգնի։ Հասարակությունը միայն կաջակցի այն դեպքում, եթե այդ զինված պայքարը լինի երկրում փոփոխություններ իրականացնելու համար, ոչ թե տվյալ զինված խմբի իշխանության գալու համար։
 
Երբ մենք խոսում ենք զինված պայքարի մասին, մենք պետք է խոսենք դրա պատճառների մասին, որովհետև եթե պատճառները չկան, և կա զինված պայքար, բնականաբար, դա ոչ մեկի համար ընդունելի չի կարող լինել, երկրորդ, Հայաստանում, բարեբախտաբար, չկա նմանատիպ իրավիճակ, որ ինչ-որ մեկը փորձի զինված գալ իշխանության։ Նույնիսկ «Սասնա ծռերը», որ գործողություն իրականացրին, իրենք, ըստ էության, հայտարարեցին, որ դա ընդամենը ժողովրդին արթնացնելու միջոց է, նաև իշխանությանը ինչ-ինչ քայլերից հետ պահելու միջոց էր՝ մասնավորապես հողերի հետ կապված, քանի որ այդ ժամանակ Լավրովյան պլանի ակտիվ փուլն էր։ Դրա համար հիմքերը պետք է նայել, իսկ հիմքն այն է, որ նիշխանությունն ամեն ինչ արել է, որ Հայաստանում քաղաքական դաշտը մեռնի։ Ըստ էության, նոր, կեղծված Սահմանադրության գործընթացի սկիզբը հենց դրա հիմքը դրեց։ Քաղաքական դաշտի սպանությունը Հայաստանում վաղուց է սկսվել, երբ 1995 թվականից ընտրությունները կեղծվեցին, երբ կուսակցությունների ֆինանսավորումը սկսեց նվազել, որևէ մեկը խիզախություն չէր ունենում Հայաստանում կուսակցություն հիմնել կամ ֆինանսավորել, երբ սկսեցին կուսակցությունների ակտիվ անդամներին գնելու, ահաբեկելու գործընթացներ իրականացնել։ Այսինքն՝ պատճառներից մեկն այն է, որ քաղաքական դաշտը վերացրին, հատկապես վերջին ընտրություններից հետո, և այն աստիճան, որ խոշորագույն ԲՀԿ-ն, որը 32 տոկոս ձայն էր ստացել խորհրդարանական ընտրություններին, ըստ էության, ձևական մասնակցություն ունեցավ ՏԻՄ ընտրություններին, երբ ընդամենը համայնքապետի 6 թեկնածու էր առաջադրել, էլ չեմ խոսում իրական ընդդիմության մասին։ Այսինքն քաղաքական դաշտն իսպառ վերացրեցին։
 
Հասարակական դաշտը, ըստ էության, ևս խայտառակ վիճակում է։ Կան մի քանի ՀԿ-ներ, որոնք դեռևս գրանտների շնորհիվ գոյատևում են, բայց նրանց ազդեցությունն էլ, ցավոք սրտի, այդքան մեծ չի, եթե չասենք շատ թույլ է ներքաղաքական գործընթացների վրա։ Տնտեսական առում էլ տեսնում ենք, որ մեր երկրի ամբողջ ունեցվածքը պատկանում է մի քանի ընտանիքների և, ըստ էության, բացառապես իրենց համար է ծառայում այն ամենը, ինչ արտադրվում է երկրում կամ կա երկրում։ Սոցիալական առումով տեսնում ենք, որ խայտառակ իրավիճակ է. պաշտոնապես 30 տոկոս աղքատություն է, իրականում դա կրկնակի է և միանշանակ ավել կլինի, եթե մենք նվազագույն աշխատավարձը կամ միջին աշխատավարձը համեմատենք  կենսաապահովման նվազագույն զամբյուղի հետ։ Երբ այդ երկու ցուցանիշներն իրար հետ համեմատում ենք, աղքատությունը սոսկալի թիվ է կազմում։ Մենք տեսնում ենք, որ սոցիալական քայլերի ուղղությամբ  իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի քաղաքացուն անելանելի վիճակում թողնի։ Թոշակները չեն բարձրանում, աշխատավարձերը չեն բարձրանում, գներն են բարձրանում, աշխատողների են կրճատում և այլն։ Այսինքն սոցիալական լարվածություն անընդհատ մեծանում է։
 
Իրավական դաշտ էլ գոյություն չունի։ Սկսած նրանից, թե քաղաքացիների շահերը ոտնահարող ինչպիսի օրենքներ են ընդունվում, ընդ որում, որքան գնում, այդ ոտնահարումը մեծանում է, վերջացրած դատարանների անկախության բացակայությամբ։ Այդ ամենը բերում է նաև անօրինականության մեծ դաշտի։ Մենք տեսնում ենք, որ մեկը կարող է մարդ սպանել և ազատության մեջ մնալ, իսկ սովորական  մի քաղաքացին առանց որևէ բան անելու կարող է դատապարտվել ու քաղաքական բանտարկյալ դառնալ։ Մեկը կարող է կոռուպցիայի հաշվին պետության ռեսուրսները, բյուջեն մսխել անհատակ ու անընդհատ պաշտոնի բարձրացում ունենալ, մյուսը կարող է թեթև զանցանք կատարել ու տարիներով ազատազրկվել։ Տարիների ընթացքում այդ ամենն անընդհատ գումարվում է, և դրանց քաղաքական լուծումները չեն լինում, որովհետև դատարանները չեն աշխատում, ժողովրդավարական ինստիտուտները չեն աշխատում։
 
-Այդ ամենը կարո՞ղ է հանգեցնել նորից ուժի կիրառման դեպքերի։
 
-Դա կարող է բերել ուժի կիրառման, կարող է նաև չբերել, ես չեմ կարող գուշակությամբ զբաղվել։ Ես տեսնում եմ, որ պատճառները չեն վերացել, ես տեսնում եմ, որ դեռևս քիչ թե շատ փոքր ծավալի, բայց մնացել է մի ընդունելի մոտեցում, որ քաղաքացիական խաղաղ զանգվածային անհնազանդությամբ, քաղաքացիների ակտիվ մասնակցությամբ մենք կկարողանանք 21-րդ դարում իշխանափոխություն իրականացնել, առաջին հերթին կառավարման համակարգի փոփոխություն իրականացնել։ Այսինքն պետք է լինի նոր Սահմանադրություն, որը վերջապես մի անգամ պետք է օրինական քվեարկվի և ընդունվի ժողովրդի կողմից, պետք է լինի այնպիսի կառավարման համակարգ, որտեղ հակակշիռների մեխանիզմ կգործի։ Եթե մենք այս ուղղությամբ քայլեր չանենք, բնականաբար, կմնա այդ երկու տարբերակը՝ կամ զինված պայքարը, կամ պետության վախճանը, որովհետև արտագաղթի այն տեմպերը, որոնք կան և պետության այն թուլացումը, որ տեսնում ենք, շատ խոցելի են դարձնում երկիրը տարբեր մարտահրավերների, այդ թվում արտաքին ագրեսիաների նկատմամբ, երբ ամենաթեթև քամին կարող է այս տնակ կոչվող պետությունը քանդել։ Դրա համար պետք է առաջին հերթին խոսենք պատճառների մասին։
 
Եթե խոսքը վերաբերում է «Սասնա ծռերին», որևէ մեկը չի կարող նրանց հայրենասիրության բացակայության մեջ մեղադրել, անձնակենտրոնության մեջ մեղադրել, որովհետև այդ խմբում էին անձինք, որոնք բառիս բուն իմաստով իրենց կյանքն ու արյունը նվիրաբերել են հենց այսօրվա պետության կայացման, ստեղծման համար։ Այդ թվում են Պավլիկ Մանուկյանը, Ժիրայր Սեֆիլյանը, որոնք եղել են պայքարի առաջնագծում։ Նույն Սամվել Բաբայանը, ով այսօր դատվել է նմանատիպ մի կեղծ մեղադրանքով։ 
 
 

 

 

Նոյյան տապան  -   Հարցազրույցներ