«Մենք ակնկալում ենք, որ այս կառավարությունն այլեւս պետք է վայր դնի իր լիազորությունները»
29-12-2017 18:45:46 | Հայաստան | Հարցազրույցներ
Լրագրի զրուցակիցն է ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը։
- Պարոն Բագրատյան, Կարեն Կարապետյանն իր վերջին հարցազրույցում հայտարարել է, որ 2018 թվականին վարչապետի պաշտոնի հետ կապված անորոշությունը բացասաբար է ազդում բիզնեսի ու ներդրումների վրա։ Համաձա՞յն եք այս գնահատականի հետ, թե ոչ։
- Ընդհանրապես անորոշությունը, դրական կամ բացասական սպասումներն ազդեցություն ունեն տնտեսական կյանքի վրա, բայց այնպես չի, որ որևէ մեկը դա կապում է վարչապետի անձի հետ։ Այսինքն` բիզնեսը, տնտեսական զարգացման հեռանկարն ավելի շուտ կապված է համակարգային փոփոխությունների հետ։ Ցանկացած նոր նախաձեռնություն, ցանկացած ներդրումային գործողություն պայմանավորված է ապրիլին սպասվող դրական փոփոխություններով։ Կան դրական սպասումներ, որոնք անձնավորված չեն, որքան էլ վարչապետը փորձի դա կապել իր անձի հետ։ Կառավարման նոր համակարգը պետք է նոր հրամայականներ թելադրի բիզնեսի խաղի կանոնների առումով։ Այդ տեսանկյունից սպասումներն ավելի շատ դրական են, քան բացասական այն իմաստով, որ խորհրդարանական կառավարման համակարգում, այդ թվում նաև Եվրամիության հետ նոր համաձայնագրի շրջանակներում, ավելի շատ է խոսվում հավասար մրցակցային հնարավորությունների ու պայմանների ստեղծման մասին։ Ենթադրվում է, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի հանձնառությունները մեզ կբերեն նոր տնեսական իրողություններ։ Այնպես որ, դրական սպասումներն անձի հետ չեն կապված, և թող որևէ մեկը, այդ թվում վարչապետը, դա չկապի իր անձի հետ։
- Վարչապետը խոսեց նաև տնտեսական հաջողությունների մասին՝ նշելով, որ տնտեսական աճը սպասվածից էլ ավել է եղել։ Ձեր կարծիքով, որքանով իրականության հետ աղերս ունի այդ տնտեսական աճը։ Ունե՞ք կասկածներ ու մտահոգություններ, թե ոչ։
- Իհարկե, կան մտավախություններ ու մտահոգություններ, որ այդ տնտեսական աճի նպատակն ավելի շուտ կապված է 2018 թվականի ապրիլին սպասվող զարգացումների հետ։ Կառավարությունը՝ վարչապետի գլխավորությամբ, թելադրում են նոր իրողություններ, այն է՝ ցանկություն են հայտնել շարունակելու աշխատանքը, բայց մենք բոլորս տեսանք, որ ՀՀ նախագահը չընդունեց խաղի այդ կանոնները և ձևակերպեց, որ ցանկությունն ու իրականությունը տարբեր են։ Նա ասաց, որ վարչապետի ցանկությունն առողջ է, որից կարելի է ենթադրել, որ այն, ինչ որ վարչապետը ցանկանում է մեսիջներ հղելով, չի ընդունվել հանրապետության նախագահի կողմից։
- Այդուհանդերձ, դուք ի՞նչ սպասումներ ունեք, «Ծառուկյան» դաշինքն ինչպես է դիրքավորվում 2018-ից առաջ։ Արդյոք ունե՞ք վարչապետի թեկնածու։
- Բնականաբար, մենք սպասում ենք համակարգային փոփոխություններին։ Մենք պատրաստվում ենք, որպես քաղաքական ուժ, մեր մասնակցությունը բերելու երկրի տնտեսական ու քաղաքական կյանքում, մեր ներկայությունը հիմնավորելու, նաև մեր քաղաքական ուժի կենսունակությունը ներդնելու իմաստով։ Մենք ներկա ենք լինելու բոլոր քաղաքական իրադարձություններին, մեր դիրքորոշումն արտահայտելու ենք և նաև այն հրամայականը, որ մենք տեսնում ենք երկրի զարգացման տեսլականում, այդտեղ տեսնում ենք նաև մեր քաղաքական ուժի լուրջ դերակատարումը։
- Իսկ որքանո՞վ է հնարավոր, որ «Ծառուկյան» դաշինքը կոալիցիա կազմի իշխանության հետ՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում «Ծառուկյան» դաշինքը բավական ընդդիմադիր դիրքերից էր հանդես գալիս։ Իշխանության հետ ճանապարհ տեսնո՞ւմ եք, թե ոչ։
- Մենք այս պահին էլ կառավարության քաղաքականության հարցում ընդդիմադիր դիրքորոշում ունենք, որովհետև այն, ինչ ներկայացվում է որպես տնտեսական զարգացում, մենք դրա վերաբերյալ գնահատական տվել ենք, նշելով, որ որևէ կերպ չենք ընդունում, թե դա ազդել է մարդու, քաղաքացու կյանքի ու կենսամակարդակի վրա։ Այսինքն, այն ցուցանիշները, որոնք կառավարությունը ներկայացրել է որպես տնտեսական զարգացում, մեզ համար ընդունելի չէ, քանի որ դա խիստ միակողմանի ձևակերպում է և ցանկալին իրականության տեղ ընդունելու բուռն ցանկություն։ Այն 7,3 տոկոսի տնտեսական ակտիվության աճը, որ ներկայացված է որպես տնտեսական զարգացվածության ցուցանիշ, բոլորովին չի արտահայտում հայաստանցու կյանքի, բարեկեցության ցուցանիշը։ Այսինքն դա որևէ ազդեցություն չունի քաղաքացու կյանքի վրա։ Եթե ընդունենք մենաշնորհային կարգավիճակ ունեցող ընտանիքների զարգացումը 50-60, անգամ 100 տոկոս է կազմել, ապա ռեալ չի միջին թվաբանականով դա տարածել միջին քաղաքացու վրա և ձևակերպել որպես 7 տոկոս տնտեսական աճ։ Դա չի արտահայտում մեր իրականությունը։ Իրականում, մեկ մլն քաղաքացի աղքատության եզրին է և որևէ դրական սպասելիք ձևավորված չէ 2018 թվականին այդ մարդկանց կյանքում։
- Այսինքն, կարծում եք, որ այս կառավարությունն իրեն սպառել է և նրա հետ որևէ հույս չե՞ք կապում։ Կարո՞ղ ենք ասել, որ տարին ամփոփում եք կառավարության ծրագրի ձախողմամբ։
- Մենք տարին ամփոփում ենք կառավարության գործունեության քննադատությամբ, վերլուծությամբ, որ կառավարությունն իր գործունեության ընթացքում որևէ կերպ պարզ քաղաքացու կյանքի դրական զարգացում չի ապահովել։ Կառավարությունը պատրաստ չէ 2018 թվականին որևէ տնտեսական զարգացում ապահովել, որևէ փոփոխություն հանրային կյանքում և հասարակության գիտակցության մեջ չի ձևակերպվել։ Մտածել, որ 2018-ի ապրիլից հետո այս կառավարությունը ի վիճակի է տնտեսական զարգացման տեսլական ձևակերպել, մեզ համար առնվազն լուրջ չէ։
- Դուք ակնկալում եք կառավարության ամբողջական կազմի փոփոխությո՞ւն։
- Այո, մենք ակնկալում ենք, որ այս կառավարությունն այլևս պետք է վայր դնի իր լիազորությունները, և պետք է հանրային կյանքի բոլոր ոլորտներում փոփոխություններ տեսնի քաղաքացին։ Կարծում եմ, որ այս հրամայականը, այս տեսլականը հանրության հայելային արտացոլումն է։ Այսինքն իրականում մեր տեսլականի մեջ այս կառավարությունն անելիք չունի։